Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հայաստանի Հանրապետությունը 2014 թ․-ից որդեգրել է հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ընդունելով մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ Չնայած դրան՝ պետության գործողությունները հաճախ հակասում են որդեգրած քաղաքականություններին, ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում, բավարար ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։
Հայաստանում հոգեկան առողջության հիմնական խնդիրներն են իրավական դաշտի անկատարությունը, մարդկանց կարիքներին և իրավունքներին համապատասխան որակյալ ծառայություններին հասանելիության բացակայությունը, մարդու իրավունքների վրա հիմնված ծառայությունների և որակյալ մասնագետների բացը, ծառայությունների և ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը մայրաքաղաքի և մարզերի միջև, հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմների անկատարությունը, հոգեկան առողջության մասին հասարակության թյուր պատկերացումները և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցումը ինչպես առողջապահական հաստատություններում, այնպես էլ հասարակության շրջանում:
Իրավական դաշտը թեև մշտապես փոփոխվում է, հաճախ չի երաշխավորում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
Հոգեկան առողջության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների դիտարկումներն ու առաջարկությունները պետության կողմից պատշաճ չեն իրականացվում։ Օրինակ՝ դեռ 2017 թ․ Դանիուս Պուրասը՝ որպես ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Հայաստան կատարած այցից հետո, ի թիվս այլնի, ընդգծել է առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների կարողությունների զարգացման կարևորությունը հոգեկան առողջության խնդիրների բացահայտման և ուղղորդման համատեքստում, ապաինստիտուցիոնալացման առաջնահերթությունը, անգործունակության ինստիտուտի վերացման անհրաժեշտությունը։
ՄԱԿ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն 2017 թ. իր եզրափակիչ դիտարկումներում նաև առաջարկել է արագացնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը, արգելել ոչ հոժարակամ հոսպիտալացումն ու բուժումը և հարկադիր ինստիտուցիոնալացումը և ներդնել որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմ՝ գործունակությունից զրկելու փոխարեն: Այնուամենայնիվ, անձինք շարունակում են ապրել հոգեբուժական հաստատություններում, զրկվում են գործունակությունից և հարկադիր հոսպիտալացվում։
Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 2020 թ․ մարտի 18-ին հրապարակած զեկույցում առողջության իրավունքի ապահովման վերաբերյալ Հայաստանին ուղղված առաջարկությունները հիմնականում վերաբերում են առողջապահական ծառայությունների տրամադրմանը հասարակության բոլոր շերտերին և հատկապես գյուղական համայնքներում։
Առողջության իրավունքի ապահովման համատեքստում սույն զեկույցը վերաբերում է հոգեկան առողջության ոլորտի պետական քաղաքականությանը, հոգեկան առողջության ծառայություններին, դրանց մատչելիությանը և հասանելիությանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկման խնդրին։
Զեկույցը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները կամ դիրքորոշումները: |