Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի ելույթը՝ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին (Տեսանյութ)

October 18, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Հրապարակումներ | Նորություններ | Տեսադարան | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, 

 

խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցություններին վերապահված է Ազգային ժողով ձևավորելու բացառիկ իրավունք, ինչն ինքնին հնարավորություն է ստեղծում ավելի հավակնոտ պահանջներ ունենալու կուսակցությունների՝ որպես յուրահատուկ միավորումների նկատմամբ։ Պահանջներ, որոնք կդարձնեն կուսակցությունները ավելի ժողովրդավարական և ներառական մարմիններ։ Միաժամանակ պետական և հասարակական կյանքին մասնակցության ձևերի լայն սպեկտրը չի կարող վերապահվել միայն կուսակցություններին՝ զրկելով այլ տեսակի միավորումներին այդ հնարավորությունից։  Ըստ այդմ կուսակցությունների սահմանման մեջ առաջարկվում է նշել, որ նրանց հիմնական նպատակը «հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության միջոցով իշխանությունների և քաղաքականության ձևավորում»-ն է։ Ընդ որում, բացառությամբ Երևան քաղաքի, համամասնական ընտրակարգով ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինների առումով առաջարկվում է հաջորդիվ քննարկել նաև քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրման հնարավորությունը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ֊երի քանակի ընդլայնումը։

 

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց 1 տարուց ավել տվյալ համայնքի հաշվառում ունեցող անձինք ունեն ՏԻՄ մակարդակում ընտրելու և ընտրվելու իրավունք։ Այդ անձինք փաստացի զրկված են իրենց նախընտրած կուսակցությանն անդամագրվելու, այդ կուսակցության կամ անձամբ իրենց քարոզարշավը  ֆինանսավորելու հնարավորությունից և արդյունավետ մասնակցությունից։ Այսպիսով՝ ունենալով Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը՝ նրանք փաստացի գտնվում են մեկնարկային անհավասար պայմաններում։ Քաղաքացիության հիմքով  անհարկի սահմանափակմանն անդրադարձել են թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ գործող օրենքի վերաբերյալ մեկնաբանությունում, թե Վենետիկի հանձնաժողովը՝ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կուսակցության անդամության և կուսակցության ու քարոզարշավի ֆինանսավորման հնարավորությունը տարածել ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց վրա։ Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությանը, որ օրենքը սահմանափակում է 18 տարին չլրացած անձանց անդամությունը, կարող ենք նշել, որ կուսակցությունը ազատ է ներգրավվելու նրանց այլ ֆորմատներով, այնպես ինչպես կուսակցության գործունեության մեջ կարող են մշտապես ներգրավվել անդամ չհանդիսացող անձինք։  

 

Միաժամանակ, կանխելով մտահոգությունները, նշեմ, որ քաղաքացիությամբ պայմանավորված սահմանափակումը համաչափ է և պիտի կիրառվի կուսակցության հիմնադիր անդամների վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ կուսակցությունը կարող է հիմնադրվել միայն ՀՀ քաղաքացիների կողմից։

 

Ազգային ժողովի ընտրություններում մասնակցության տրամաբանությունը այն օբյեկտիվ հանգամանքն է, որը կարող է թելադրել հիմնադրման և գրանցման պահին անդամների նվազագույն թվի սահմանումները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հիմնադիր անդամների նվազագույն թվի պահանջն իջեցնել մինչև 80, իսկ անդամների թիվը՝ մինչև 300 հոգի։ Ի դեպ՝ կարելի է քննարկել գրացման պահին, բացի հիմնադիրներից, այլ անդամների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու նպատակահարմարությունն ընդհանրապես։

 

Այս փուլում առաջարկվում է նաև Ազգային  ժողովի ընտրություններում առաջադրվելու հավակնություն ունեցող կուսակցությունների գրանցումը կատարել այն դեպքում, երբ հիմնադիր և գնացման պահին ներկայացված անդամների թվում (եթե մնա այդ պահանջը) որևէ սեռի ներկայացուցիչների թիվը պակաս չէ 30%-ից։ Այս պահանջը չի կարող կուսակցության գրանցումը մերժելու հիմք հանդիսանալ, սակայն կուսակցությունը կիրազեկվի, որ չի կարող հավակնել մասնակցելու համամասնական ընտրակարգով ընտրությունների, այլ կարող է միայն առաջադրել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուներ։  Այսինքն՝ եթե կուսակցությունը հավակնում է առաջադրվել համամասնական ընտրակարգով, որտեղ ընտրական օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է 30% քվոտա և իրատեսական է փոփոխությունների արդյունքում սահմանել 40%, ապա լիովին արդարացված է կուսակցությունների կողմից ի սկզբանե խաղի կանոնների ընբռնումը և ընդունումը։ Միաժամանակ կարող է կուսակցության կոլեգիալ ղեկավար մարմնի կազմում  սահմանվել սեռերի այնպիսի ներկայացվածությունը, որը կարտահայտի կուսակցության անդամների սեռային համամասնությունը։ Անդամության որոշակի համամասնության պահանջը հենց այս փուլում իրատեսական է նրանով, որ գրանցվելիս կուսակցությունները պարտավոր են ներկայացնել հիմնադիրների և անդամների ցանկը՝ գրանցման պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Հաշվի առնելով օրենքի իրավաչափ պահանջը, որ միևնույն անձը կարող է հանդիսանալ միայն մեկ կուսակցության հիմնադիր, առաջարկվում է նաև, որ գրանցումից հետո սահմանված ժամկետում հիմնադիրների ցանկը հրապարակվի, իսկ գրանցման պահին անդամների ցանկը պահանջի դեպքում պետք է ընդամենը ներակայացվի ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն չհրապարակվի։ 

 

Կուսակցությունները՝ որպես ներկայացուցչական գլխավոր մարմինը ձևավորելու բացառիկ մանդատ ունեցողներ, առավել պարտավոր են իրենց ներքին և արտաքին քաղաքականության մեջ ապահովել ներառականությունը և ներկայացուցչականությունը։ Այս պարտավորությունների մի մասը պետք է օրենքով ձևակերպվի որպես պարտադիր պահանջ, իսկ մի մասը՝ որպես խրախուսելի վարք։

 

Այսպես՝ գտնում ենք, որ օրենքի փոփոխությունների ընդունումից հետո գրանցվող կուսակցություններն իրենց գրանցման փաստաթղթերի փաթեթում, իսկ գործող կուսակցություններն անցումային դրույթներով սահմանված ժամկետում պետք է ներկայացնեն կուսակցության Ներառականության և ներկայացուցչականության ապահովման քաղաքականությունն ամրագրող փաստաթուղթ, որը պետք է ներկայացնի.

 

  • սեռային և աշխարհագրական ներկայացվածության համամասնությունը կուսակցության անդամների շարքերում
  • ներգրավվածության որոշակի համամասնության շարունակական ապահովմանն ուղղված գործողությունները,  
  • ղեկավար մարմինը ձևավորելու սկզբունքները, 
  • համամասնական ընտրակարգով ներկայացվող թեկնածուների ընտրության մեխանիզմները և չափանիշները, 
  • երկու սեռերի, սոցիալական, էթնիկ, կրոնական տարբեր խմբերի հանդեպ ներառական քաղաքականության սկզբունքները։ 
  • կուսակցության ընթացիկ գործունեության (միջոցառումների) տեղեկատվության` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման գործողությունները։ 
  • կուսակցության ընթացիկ գործունեության մեջ ներառականության ու ներկայացուցչականության ապահովմանն ու նվազ ներկայացված խմբերի կարողությունների զարգացմանն ու ներգրավվածության բարձրացմանն ուղղված գործողությունները։ 

 

Այս փաստաթուղթը չի ենթադրում բոլոր խմբերի պարտադիր ներառում, այն ենթադրում է, որ կուսակցությունը գնահատում է իր թիրախ խումբը կամ խմբերը և հրապարակում է նրանց ներգրավման առնչությամբ իր սկզբունքները, միաժամանակ փաստաթուղթը չպետք է օգտագործվի որևէ խմբի բացառման համար։ 

 

Կուսակցության մասնակցայնության խրախուսման տեսանկյունից պետությունը կարող է աջակցություն ցուցաբերել կուսակցության կողմից թեկնածուների ցուցակի կազմման ժողովրդավարական ձևերի խրախուսման համար, օրինակ` անվճար սրահ տրամադրելով փրայմերիների՝ ներկուսակցական նախաքվեարկության անցկացման համար։ 

 

Պետական ֆինանսական աջակցության առումով առաջարկվում է նվազեցնել աջակցության տրամադրման շեմը մինչև անցողիկ շեմից 2% ցածր կամ 1 մանդատի համար անհրաժեշտ թվով քվեներ ստանալու չափ։ Միաժամանակ տրամադրվող գումարը բաշխել հավասարապես կամ այնպիսի համամասնությամբ, որը բավարար կլինի կուսակցության առաջնային խնդիրները լուծելու և ընթացիկ գործունեություն ապահովելու համար՝ չխորացնելով կուսակցությունների միջև մեկնարկային նյութական անհավասարությունը։ Ընդ որում` առաջարկվում է ֆինանսական աջակցությունը տրամադրել նաև ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակցած կուսակցություններին և դաշինքներին։

 

Ներկայացուցչականության խրախուսման նպատակով առաջարկվում է կուսակցություններին տրամադրել նաև լրացուցիչ ֆինանսավորում Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած այն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, որոնց մանդատների 40-60%-ը հատկացվել են կանանց։ Լրացուցիչ ֆինանսավորում կարող է տրամադրվել յուրաքանչյուր սեռի ներկայացվածության նվազագույն շեմից ավել ներկայացված կանանց տոկոսի չափով: Լրացուցիչ ֆինանսավորումը պետք է օգտագործվի կուսակցության գործունեության ներառականությանն ուղղված ծրագրերի իրականացման համար։ 

 

Գործող օրենքով կուսակցությունների կասեցման համար Սահմանադրական դատարան կարող են դիմել միայն Կառավարությունը և Ազգային Ժողովը։ Բացի նրանից, որ վերանայման ենթակա են այս մարմինների կողմից դիմում ներկայացնելու հիմքերը, ինքնին միայն այս մարմիններին լիազորելը խնդրահարույց է, քանի որ փաստացի կասեցման ցանկացած գործընթաց կարող է լինել կամ մեկնաբանվել որպես իշխանության կողմից քաղաքական հետապնդում։  Ըստ այդմ՝ առաջարկվում է վերահսկող մարմնին հստակ օժտել նման գործընթաց սկսելու լիազորությամբ՝ հաշվետվողականության վերաբերյալ տևական և պարբերաբար կրկնվող խախտումների դեպքում, սակայն որ առավել կարևոր է, Մարդու իրավունքների պաշտպանին օժտել կասեցման խնդրանքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունքով, եթե կուսակցության՝ մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների ելույթներում կամ հրապարակումներում կամ կուսակցության կողմից հրապարակվող քարոզչական կամ ծրագրային նյութերում տարածվում են մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող գաղափարներ։ Առաջարկվում է նախատեսել, որ նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում պետական լիազոր մարմինը (արդարադատության նախարարությունը), Ազգային ժողովի նախագահը կամ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանման նպատակով կարող են դիմել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնին։ Երեսնօրյա ժամկետում պարզաբանում չստանալու կամ պարզաբանումը ոչ բավարար գնահատելու դեպքում Կառավարությունը, Ազգային ժողովը կամ Մարդու իրավունքների պաշտպանը կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝  կասեցման խնդրանքով։ Կասեցման որոշումից մեկ տարի անց կասեցման հիմքերի չվերացման դեպքում՝ օրինակ հրապարակային հերքման, լիազոր մարմինը պարտավոր է իրազեկել սահմանադրական դատարան դիմած մարմնին, որը կարող է երեսնօրյա ժամկետում կրկին դիմել սահմանադրական դատարան՝ կուսակցության գործունեության դադարեցման համար։  



Անհրաժեշտ է դիտարկել նաև անգործունակության հիմքով կուսակցության անդամության արգելքի վերացում, ինչը ենթադրում է նաև Սահմանադրության մակարդակում անգործունակության ինստիտուտի և անգործունակության պատճառով ընտրական իրավունքից զրկվելու հնարավորության վերացում։ Հայաստանը՝ որպես ՀՈՒԱԻԿ վավերացրած երկիր, պարտավոր է վերացնել այս ինստիտուտը, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ևս արդեն երկար տարիներ շեշտում են անգործունակությունը վերացնելու կարևորությունը։ Հայաստանը՝ որպես արդեն նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ, առավել ևս պարտավոր է հաշվի առնել այս հանձնարարականը։  Այլ անձի փոխարեն որոշումների կայացումը կամ իրավունքների բացառումը պետք է փոխարինվի աջակցությամբ որոշումների կայացմամբ, որտեղ հնարավորինս հարգված կլինի անձի նախապատվությունը։ Ժողովրդավարություն նշանակում է ընտրության և որոշումների կայացման հնարավորություն։ Ժողովրդավարությունը չի կարող լիարժեք կամ գործող համարվել այն երկրներում, որտեղ քաղաքացիների մի մասը զրկված են այդ իրավունքից՝ մշտապես կամ ժամանակավոր։ Նրանք կարող են երբևէ չօգտագործել այդ հնարավորությունը, սակայն պետությունը պետք է անի առավելագույնը դրա ապահովման համար։

 

Տեսանյութը՝

 

 

Դիտումներ՝ 1410

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????