Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

4 տարի ձգվող դատաքննության արդյունքում՝ բարոյական վնասի փոխհատուցման գործով ՀՔԱՎ գրասենյակի հայցը բավարարվել է

January 9, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր | Սուսաննա Սիմոնյան

2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրասենյակի հայցը՝ Սուսաննա Սիմոնյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման գործով:

 

Քաղաքացիական ակտիվիստ Սուսաննա Սիմոնյանը 2017 թ.-ին ոստիկանության կողմից ենթարկվել էր ոչ իրավաչափ գործողությունների: Սիմոնյանի շահերի պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը դիմել էր ՀՀ վարչական դատարան և պահանջել ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել էին իր պաշտպանյալի մի շարք իրավունքների խախտմանը: 


2017 թվականի ապրիլի 6-ին  դատարանը վճռել էր մասնակի բավարարել ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ Սուսաննա  Սիմոնյանի հայցը և նրա հանդեպ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ էր մտել 2018 թվականի նոյեմբերի 7-ին:

 

Գործում  եղած տեսանյութերից պարզ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով վնասում քաղաքացու ուսը՝ ցավ պատճառելով նրան: Արդյունքում՝ Սուսաննա Սիմոնյանի ուսն ամբողջովին վնասվել է: Շուրջ 2 տարի նա ունեցել  է ցավեր ու առողջական վիճակի սրացումներ: Սուսաննա Սիմոնյանի շահերը շարունակել էր ներկայացնել ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Սամսոն Գալստյանը: Նրա խոսքով՝ տիկին Սուսաննան կրել էր խիստ բարոյական վնաս, ինչն էլ հիմք էր հանդիսացել դիմելու ՀՀ Վարչական դատարան նոր՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով՝ 547.870 ՀՀ դրամի չափով:

Գալստյանը խնդրել էր պարտավորեցնել  ոստիկանությանը հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությամբ Սուսաննա  Սիմոնյանին պատճառված բարոյական վնասը, միաժամանակ անվավեր ճանաչել ոստիկանության իրավաբանական վարչության պետի 2019 թ. մայիսի 16-ի որոշումը,  որով մերժվել էր վերոնշյալ ոչ նյութական վնասի հատուցման մասին դիմումը: 

 

Բարոյական վնասի փոխհատուցման հայցի հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ ոստիկանությունը, փոխանակ իր ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասն օրենքով սահմանված կարգով փոխհատուցելու, առանց  որևէ հստակ իրավական հիմնավորման, մերժել էր քաղաքացու պահանջը: Այս էր պատճառը, որ Սիմոնյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի ուժով (1․ Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, 2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը), ստիպված էր վիճարկել նաև ոստիկանության իրավաբանական վարչության միջամտող վարչական ակտ հանդիսացող 2019-ի մայիսի 16-ի մերժման որոշումը:

 

Սիմոնյանի հայցադիմումը՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով, վարչական դատարանը վարույթ էր ընդունել 2019 թվականի հունիսի 28-ին և որպես 3-րդ անձ ներգրավել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ քննության առել:  

 

ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության  իրավաբան Սամսոն Գալստյանը հայցապահանջում վկայակոչել էր նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանութան մասին եվրոպական կոնվենցիան և ՀՀ Սահմանադրությունը, որոնցով երաշխավորվում է բոլոր իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը և պետություններին պարտավորեցնում իրենց օրենսդրությամբ երաշխավորել, ապահովել ու պաշտպանել այդ իրավունքները:

Չնայած  դատական գործընթացում անընդհատ չարչրկվող վնասի «համարժեք չափ» եզրույթին, դատարանն, այդուհանդերձ, մասնակի բավարարեց հայցը 100.000 ՀՀ դրամի չափով։


-Բարոյական վնասի հատուցման տեսակետից սա փոքրիկ հաղթանակ կարելի է համարել: Նման գործերը կունենան կանխարգելիչ նշանակություն պետական մարմինների կամայական գործողությունների համար, -ասում է ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության  իրավաբան Սամսոն Գալստյանը:

 

-Դա կստիպի նրանց հասկանալ, որ իրենց ոչ իրավաչափ գործողությունների  արդյունքում մարդուն պատճառված բարոյական վնասը պարտադիր պետք է փոխհատուցվի: Թեև դատարանն ամբողջովին չբավարարեց մեր ներկայացրած բարոյական վնասի հայցապահանջը՝ փորձը ցույց է տալիս, որ այդ բավարարման չափը գնալով ավելի է մեծանում, և հետագայում, բացի Եվրոպական դատարանի որոշումները վկայակոչելուց, հնարավորություն կունենանք վկայակոչելու նաև ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերը։       

Դիտումներ՝ 2087

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????