Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում՝ ադրբեջանական զինված ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ և տուժածներ չկան:
ԱՀ/ԼՂ արտգործնախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակին՝ Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԱՀ/ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։
Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:
ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ իրենց նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը՝ ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 %-ը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին:
Ընդ որում՝ ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ: Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են: Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ:
Ավելի վաղ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:
Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:
Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:
Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի՝ մինչ օրս ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի խաղաղ բնակիչների շրջանում կան 40 զոհվածներ, 120 վիրավոր ու 13.100 վնասված շենք-շինություն: