Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինծառայողը շարունակել է ծառայությունը՝ առանց պատշաճ բուժզննության

April 5, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողին պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո, չնայած առողջական վիճակի բարդացմանը, բուժզննության չէին ենթարկում։ Պաշտպանության նախարարությանը ՀՔԱՎ-ի գրություններից հետո վերջապես նա ներկայացվեց բժշկական փորձաքննության, որի արդյունքների հիման վրա վաղաժամ զորացրվեց։

 

2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2020 թվականի օգոստոսին զորակոչված Յ․Դ․-ի մայրը՝ իր որդու առողջական խնդիրների հարցով։ 

 

Մինչ զորակոչվելը՝ զինծառայողն ունեցել է կակազություն և սրտի հետ կապված խնդիրներ։ Երևանի բժշկահոգեբանական կենտրոնի 2015 թվականի բուժզննության արդյունքներով համարվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։

 

Զորակոչի ընթացքում անցնել է հետազոտություն «Արմենիա» ԲԿ-ում, սակայն, չի մնացել ստացիոնարում, չի ուղեգրվել հետագա բուժզննումների և չի անցել դինամիկ հսկողություն, այնինչ, ըստ ՀՀ Կառավարության 404 որոշման 68-րդ հոդվածի․ «Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության՝ ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև լոգոպեդի) խորհրդատվությունը։ Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով։ Փորձաքննական եզրակացության համար նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը՝ ներառյալ, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա»։

 

Բացի դրանից՝ զինծառայողն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ներփորոքային հաղորդակցության խանգարում, հազվասրտություն և հաճախասրտություն։

 

Յ․ Դ․-ը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմին, և ինչպես նշում է մայրը՝ թեև Յ․ Դ․-ի մոտ վիճակը ավելի էր բարդացել, սակայն շարունակում էր կատարել ծառայողական պարտականությունները։ Չնայած նրան, որ զորակոչվելուց ի վեր արձանագրված են եղել առողջական խնդիրները, դրանք հաշվի չեն առնվել ո՛չ զորակոչի, ո՛չ զինվորական ծառայության ընթացքում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին զինծառայողի առողջական վիճակի համալիր հետազոտման, լիարժեք բուժումը, ֆիզիկական և հոգեկան վիճակի վերականգնումը ապահովելու հարցերով։ 

 

Միայն ՀՔԱՎ-ի մի շարք գրություններից և պահանջից հետո Պաշտպանության նախարարությունը Յ․ Դ․-ին ուղեգրեց  ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ փորձաքննության նպատակով, որի արդյունքների հիման վրա ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը և վաղաժամ զորացրվել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը նշում է․ «Ամբողջ հարցը կայանում է ուշ բուժզննություն իրականացնելու մեջ․ ինչքանով են զորակոչի և զինծառայության ընթացքում իրականցվում պատշաճ և ժամանակին բժշկական հետազոտություններ։ Եթե քաղաքացին չդիմեր մեզ, իսկ մենք՝ Պաշտպանության նախարարությանը, ստացվում է, որ քաղաքացին առողջական լուրջ խնդիրների առկայությամբ շարունակելու էր զինվորական ծառայությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ զինվորական ծառայության»։   

Դիտումներ՝ 484

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????