Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաճախ տրվող հարցեր՝ աշխատանքային իրավունքների մասին

May 10, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

ℹ️«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավախորհրդատվություն տրամադրելիս վեր ենք հանում աշխատանքային իրավունքների խախտումներ, որոնք բավականին տարածված են։

Սկսում ենք ներկայացնել հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։

❓Ո՞ր պահից եք համարվում աշխատող։

Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

📑14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։

❓Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:

Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։

📑Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ:

📎Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։

📎Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։

📎Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։

❓Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։

📑14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։

❓Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով

📑Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։

❓Ի՞նչ փաստաթղթեր չի կարող պահանջել գործատուն աշխատանքի ընդունելիս։

📑Գործատուն աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտավոր է պահանջել ստորև նշված փաստաթղթերը։
Արգելվում է պահանջել այս ցանկից դուրս ցանկացած այլ փաստաթուղթ, որը նախատեսված չէ օրենքով։👇

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) սոցիալական ապահովության քարտ/համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք,

3)կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությամբ այդ աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ,

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքը պահանջում է սկզբնական և պարբերական բժշկական զննություն, կամ աշխատանքային պայմանագիր է կնքվում մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ:

Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանվում է ՀՀ Կառավարության 27․03․2003 թ․թիվ 347-Ն որոշմամբ։

5) ծնողի/խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև 16 տարեկան անչափահաս քաղաքացի

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

 

❓Ե՞րբ է տրվում առաջին ամենամյա արձակուրդը։

📑Որպես կանոն աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո:

☝️6 ամիսը լրանալուց շուտ աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ կարող է տրամադրվել․

📎կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո

📎ուսումնական հաստատությունների մանկավարժներին՝ սովորողների ամառային արձակուրդների ժամանակահատվածում

📎բժշկական եզրակացության հիման վրա այն աշխատողներին, ովքեր տանը խնամում են հիվանդի կամ հաշմանդամություն ունեցող անձի կամ ունեն քրոնիկ հիվանդություն, որի սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից:

❓Ո՞րն է համարվում աշխատանքային տարի

📑Աշխատանքային տարի է համարվում աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով աշխատանքի անցնելու օրվանից սկսած մինչ հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամիսն ու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը:

☝️Օրինակ՝ եթե աշխատանքի եք ընդունվել 2022 թ․ ապրիլի 1-ին։ Աշխատանքային տարին 2022 թ․ ապրիլի 1-ից 2023 թ․ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածն է։

❓Ու՞մ նկատմամբ փորձաշրջան չի սահմանվում

Փորձաշրջան չի սահմանվում․

📎տասնութ տարին չլրացած անձանց նկատմամբ,

📎ընտրովի պաշտոն զբաղեցնողների նկատմամբ, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձանց նկատմամբ,

📎գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձանց նկատմամբ,

📎ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր:

❓Ի՞նչ է փորձաշրջանը

Փորձաշրջանը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն ստուգում է աշխատակցի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը։ Փորձաշրջան կարող է սահմանվել նաև աշխատողի նախաձեռնությամբ։

📎Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները։

📎Փորձաշրջանի մասին պետք է նշված լինի աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտում կամ պայմանագրում։ Եթե նշված չէ, նշանակում է փորձաշրջան չի սահմանվել։

📎Փորձաշրջանի ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, իսկ աշխատողի նախաձեռնությամբ փորձաշրջան սահմանելու դեպքում՝ աշխատողը, պարտավոր է 3 օր առաջ գրավոր ծանուցել դրա մասին։

Գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին աշխատանքի անցնելուց առաջ պատշաճ ծանոթացնել👇

📎աշխատանքի պայմաններին,

📎կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում),

📎ներքին կարգապահական կանոններին,

📎աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին:

❓Երբ է տրամադրվում ամենամյա արձակուրդը։

📑Բացի աշխատանքային առաջին տարուց՝ ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը կարող է սահմանվել պայմանագրով, իսկ պայմանագրով սահմանված չլինելու դեպքում` կողմերի համաձայնությամբ:

☝️Գործատուի համար ևս կանխատեսելի դարձնելու համար աշխատողը կարող է աշխատանքային տարվա սկզբում գործատուին ներկայացնել իր նախընտրելի ժամանակահատվածը։

❓Որքա՞ն է տևում ամենամյա արձակուրդը

📑Ամենամյա նվազագույն արձակուրդը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր:
 
☝️Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, սակայն մասերից մեկը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից՝ 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և 12 աշխատանքային օր-ից` 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
 

❓Որքա՞ն է վճարվում աշխատողը ամենամյա արձակուրդի համար

📑Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ։ Հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը աշխատանքային տարում և ստացված թիվը բազմապատկվում է արձակուրդի օրերի քանակով։
 
🧮Օրինակ՝ 300 000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում․
300 000/ 21=14 286/ միջին օրական աշխատավարձ
14 286 *20= 285 720/ արձակուրդային վճար
 

❓Ե՞րբ է իրականացվում ամենամյա արձակուրդի համար վճարումը

📑Վճարումն իրականացվում է ամենամյա արձակուրդն սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
 
👆Եթե ամենամյա արձակուրդի համար հաշվարկված գումարը սահմանված ժամկետում չի վճարվում` աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով հետաձգվել է ամենամյա արձակուրդի համար վճարումը։
 
❓Կարելի՞ է ամենամյա արձակուրդի փոխարեն տրամադրել դրամական հատուցում
 
📑Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:
 
👆Ամենամյա արձակուրդի փոխարեն աշխատողին դրամական փոխհատուցում կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել (կամ աշխատողը չի ցանկանում) ամենամյա արձակուրդ։

 

#DWN_FAQ #ՀՏՀ

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302☎️

Դիտումներ՝ 1487

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????