Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման գործերի քննությունն ու արձանագրված խնդիրները՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության

July 4, 2023

Ալբերտ Հակոբջանյան | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | ՄԻԵԴ-ի՝ ՀՀ վերաբերյալ վճիռների կատարման այլընտրանքային տեղեկատվություն | Պետական կառույցներ | Ռազմավարական գործեր | Սեփական

Հունիսի 26-ը  ՄԱԿ-ի կողմից հռչակված է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր, իսկ օրվա ընտրությունը պայմանավորված է 35 տարի առաջ՝ 1987 թ.-ի հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի <<Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ>> կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է 1993թ-ին: 

 

1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում միջազգային հանրությունը դատապարտեց խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը: 1975 թվականին հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության շնորհիվ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունեց Հռչակագիր՝ բոլոր անձանց խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից և պատժից պաշտպանելու մասին: 80-90-ական թվականներին առաջընթաց գրանցվեց ինչպե՛ս իրավական նորմերի ու փաստաթղթերի մշակման, այնպե՛ս էլ խոշտանգումների արգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացման առումով: 1981 թվականին Գլխավոր ասամբլեան ստեղծեց խոշտանգումների զոհերի համար ՄԱԿ-ի կամավոր ներդրումների հիմնադրամը՝ խոշտանգումների զոհերին և նրանց ընտանիքներին օգնություն տրամադրող կազմակերպություններին ֆինանսավորելու նպատակով: 

 

 

                                                           

 

 

Արդյունքում, միջազգային կարևորագույն փաստաթղթերով և նորմատիվ իրավական ակտերով ամրագրվեց խոշտանգումների արգելքն ու խոշտանգումներից զերծ մնալու բացառիկ և որևէ սահմանափակման չենթարկվող հիմնարար իրավունքը, ըստ որի՝ 

 

🔴  Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: (ՄԻԵԿ 3-րդ հոդված) 

🔴 Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար:

🔴 Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում։ (Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ Կոնվենցիա, 2-րդ հոդված) 

🔴 Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, 7-րդ հոդված) 

🔴 Միջազգային դաշնագրով խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե գործողությունները կատարվել են «պաշտոնատար անձանց» կամ «պետության անունից հանդես եկող այլ անձանց» կամ «մասնավոր անձանց կողմից» կամ «խրախուսելով, պատվիրելով, հանդուրժելով կամ արգելված գործողություններ կատարելով» (Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե):

 

Այսինքն՝ վատ վերաբերմունքի արգելքը պետության ներկայացուցիչների համար միայն չի սահմանում դրանում  չներգրավվելու նեգատիվ պարտավորություն, այլ պետությունն ունի նաև իր իրավազորության ներքո գտնվող անհատներին մասնավոր անձանց գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտավորություններ:

 

Հղում կատարելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիային, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (ՀՄՔՏ) եզրակացություններին, ՄԻԵԿ 3-րդ հոդվածի դրույթներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նույնպես՝ նախադեպային իրավունքի ուժով, իր բոլոր գործերով հստակ արձանագրեց,  որ «․․․խոշտանգումների արգելքը բացարձակ և հետևաբար՝ jus cogens նորմ է։ Պետությունները ստանձնել են նման արարքների արդյունավետ քննության և դրանց համար պատիժ ապահովելու պարտավորություն, և նման արարքներ կատարող անձանց հայտնաբերումն ու պատասխանատվությունը դարձել է համընդհանուր միտում»։

 

Հետագայում զարգացնելով սույն դիրքորոշումը, ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ ՛՛…անձի նկատմամբ, ով զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում է՛՛։ Դատարանը, հետագայում վերահաստատեց, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք արձանագրելու համար կարող է բավարար լինել այն, որ զոհը նվաստացվել է իր սեփական աչքերում

 

Հայաստանի Հանրապետությունը ներպետական կարևորագույն նորմատիվ իրավական ակտերով ամրագրել է խոշտանգումների արգելքը, սկսած դեռևս 05.07.1995թ-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ, որի 19-րդ հոդվածը հստակ սահմանում էր, որ «Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի»։ 

 

ՄԻԵԿ 3-րդ հոդվածով պաշտպանվող՝ խոշտանգումների արգելքի բացարձակ իրավունքը նշանակում է սույն իրավունքի ոտնահարման արգելք՝ անգամ պատերազմի ժամանակ։ Թեև ՄԻԵԿ 15-րդ հոդվածն իրավասություն է տալիս պետություններին՝ պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ որոշակիորեն սահմանափակել Կոնվենցիայով պաշտպանվող որոշ իրավունքներ, այնուամենայնիվ, այս սահմանափակման հնարավորությունը որևէ կերպ չի առնչվում խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին, և այն բացարձակ է նույնիսկ ծայրահեղ կամ արտակարգ իրավիճակներում՝ պատերազմ, հակամարտություններ և այլն։ Ուստի Կոնվենցիան ստորագրած պետությունները պարտավորվում են անվերապահորեն պահպանել խոշտանգումների արգելքի բացարձակ իրավունքի պաշտպանությունը, անկախ որևէ հանգամանքի առկայությունից։

 

Հետագա տարիներին, իրավունքի զարգացմանը զուգընթաց, էլ ավելի ընդգծվեց ժողովրդավարական պետությունում խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի օրենսդրական երաշխիքների ապահովման հրամայականն ու դրանով պայմանավորված, համանման դրույթներ ավելացան ներպետական մնացյալ իրավական ակտերում նույնպես։ Մասնավորապես, 2015թ-ին ՀՀ-ում քրեականացվեց խոշտանգումը, որից ի վեր Հայաստանը ստանձնեց խոշտանգումների դեպքերը նվազեցնելու և քրեական գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու մի շարք պարտավորություններ։ 2022թ-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում բացառվեց “խոշտանգում” հանցանքի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառումը և արգելվեց վերջինիս համար համաներման կիրառումը, ընդլայնվեց պաշտոնատար անձ հասկացության շրջանակը՝ որպես խոշտանգման սուբյեկտ ներառելով նաև հանրային պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձանց։ 

 

🔺 Խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեությունն ու արձանագրված խնդիրները.

 

Անդրադառնալով խոշտանգումների արգելքի բացարձակ իրավունքին` առարկայազուրկ կլիներ միայն իրավական դաշտի վկայակոչմամբ սահմանափակվելը, քանզի որքան էլ գնահատելի և կարևոր են միջազգային և ներպետական իրավական և օրենսդրական կարգավորումները, շատ ավելի կարևոր է դրանց կիրառելիությունն ու պահպանումը պետության և վերջինիս  ներկայացուցիչները հանդիսացող իրավասու մարմինների կողմից։ 

 

Այսպես, անդրադառնալով խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության հարցում ՀՔԱՎ գործունեությանն, արձանագրենք, որ օրենսդրական փոփոխություններն ու իրավական բազմաբնույթ ամրագրումները, ըստ էության, որակական և համակարգային որևէ փոփոխություն չեն առաջացրել խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով հարուցված գործերի քննության արդյունավետության մասով: 

 

2020-2023թթ. ընթացքում խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական բռնության, վատ վերաբերմունքի գործերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝

 

 ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացվել քսանմեկ հանցագործության մասին հաղորդում: Տասներկու գործով հաղորդմամբ ներկայացված պահանջները բավարարվել են, հարուցվել են քրեական գործեր և գտնվում են քննության փուլում:

Մնացյալ՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներից վեցը, համապատասխան հիմքերի առկայությամբ, բողոքարկվել և գտնվում են դատական քննությունների փուլում:

✅ ՀՀ ոստիկանություն է  ներկայացվել յոթ գրություններ՝ ծառայողական քննության իրականացման պահանջով և երեք հաղորդում՝ հանցագործության մասին:

Ծառայողական քննության հարուցման պահանջներից հինգը բավարարվել են, ոստիկաններին տրվել են նկատողություն կամ խիստ նկատողություն: Հաղորդումներից երկուսով հարուցվել է քրեական գործ, գտնվում են քննության փուլում:

Քրեական գործ հարուցելու մերժումը բողոքարկվել է և գտնվում է դատական քննության փուլում:

✅ ՀՀ Քննչական կոմիտե և նախկին՝ ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն են  ներկայացվել հինգ հաղորդում: Չորսով հարուցվել և քննվում են քրեական գործերը: Մեկ՝ մերժված գործ  գտնվում է դատարանում բողոքարկման փուլում:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տասնամյակներ շարունակ, ի թիվս այլնի, իր առաջնային ռազմավարական գործերի շարքին է դասել և իրավապաշտպանության հատկապես կարևորագույն ուղղություն է որդեգրել խոշտանգման զոհերի իրավունքների վերականգնումը և խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրի լուծումը։

  

Ի մի բերելով մինչ այժմ կատարած աշխատանքը, կարող ենք արձանագրել, որ ի հակադրություն առկա օրենսդրական կարգավորումների, իրականությունը,  ցավալիորեն, այլ է։ Եվ անգամ այսօր, ժողովրդավարական և իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետությունում, իրավասու մարմինների կողմից արձանագրվում են մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների և խոշտանգումների խիստ մտահոգիչ և դատապարտելի դեպքեր։ 

 

Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, խնամքի հաստատություններում և վերջին շրջանում այս արատավոր պրակտիկան այնքան է խորացել, որ հասել է մինչև անգամ ՀՀ կարևորագույն համայնքի ներկայացուցիչների՝ փաստաբանների դեմ իրականացվող խոշտանգումներին, ինչն ուղղակի անթույլատրելի է, պիտի ունենա իր համարժեք և ամբողջ ծավալով արձագանքն ու այնպիսի պատասխանատվությունը, որը կբացառի նման վարքագծի դրսևորումը և կրկնությունը։

 

Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված մի քանի գործերի քննությանը, օրինակների միջոցով ներկայացնենք համակարգում տիրող ամենաթողությունն ու բացարձակ իրավունքի խախտման գործերով իրականացված  քննության անարդյունավետությունը.

 

🔴 2016 թ ՊՊԾ գրավումից հետո Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանության բաժիններում տեղի ունեցած վատ վերաբերմունքի 3 գործ դեռևս գտնվում են կասեցման փուլում, 7 տարի է անցել տեղի ունեցածից, սակայն դեռևս այս դեպքերով չեն բացահայտվել խոշտանգում թույլ տված ոստիկանության պաշտոնատար անձինք, գործերը երկար ժամանակ գտնվում էին կասեցման փուլում, իսկ կասեցումները՝ բողոքարկումների փուլում։ 

🔴 2021 թ-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել ավտոմեքենա, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր: Դրանից հետո հրկիզվել էր ոստիկանների վարած ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել էին ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին և մասսայական բռնության ենթարկել տվյալ գյուղերի արական սեռի ներկայացուցիչներին։ ՀՔԱՎ-ը ստանձնելով ոստիկանության աշխատակիցների բռնություններից տուժած տասնյակ բնակիչների իրավունքների պաշտպանությունը, հաղորդում էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։ Անգամ նման գործով, երբ բազմաթիվ էին ապացույցները, ձայնագրությունները, բնակիչների նկատմամբ դրսևորած ֆիզիկական և հոգեբանական բռնության բժշկական արձանագրումները, քննություն իրականացնողների կողմից կայացվել էր քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում, ինչը ՀՔԱՎ-ի կողմից բողոքարկվելուց հետո միայն վերսկսվեց և այժմ կրկին, անորոշ ժամկետներով, գտնվում է քննության փուլում: 

 

 

🔴  ՀՔԱՎ-ի վարույթում գտնվող Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի իրավունքների պաշտպանության նպատակով նախաձեռնված գործով (վերջիններս 2016 թ․ աշնանը խոշտանգվել էին ոստիկանության բաժանմունքում) ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/0172/11/17 վճռով արձանագրել է, որ ստորադաս դատարանները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածները, որոնք էականորեն կարող էին ազդել գործի ելքի վրա: Առաջնորդվելով ՄԻԵԴ –ի դիրքորոշումներով, մասնավորապես՝ Կոնվենցիայի 3-րդ՝ արդյունավետ քննության իրավունքի մասով՝ դատարանը նկատել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում գործի արդյունավետ քննության իրականացումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Նման բողոքները պետք է քննվեն ամենայն մանրամասնությամբ, իրավասու ատյաններն էլ՝ ձեռնարկեն բոլոր միջոցները՝ միջադեպին առնչվող ապացույցներ հավաքելու ուղղությամբ, ինչը տվյալ դեպքում չի արվել: 

 

             

 

 

Նույն որոշմամբ, ՀՀ Վճռաբեկ դատարանը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրականության շրջանակներում կարևորել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվել» ու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքերում տարվող քննության արդյունավետության չափանիշի մասին: 

 

Արդեն 7 տարի տևող այս գործով, անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նման դիրքորոշում ստանալուց հետո ՀՀ իրավասու մարմինները վերսկսված քրեական գործով չեն իրականացրել այն արդյունավետ և որակյալ քննությունը, որը կարող է իրապես հանգեցնել խոշտանգումից տուժած անձանց իրավունքների իրական պաշտպանությանն ու խախտված իրավունքների որոշակի վերականգնմանը: 

 

🔴Վ․Ֆ․ն 2022թ հունվարի 31-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և զինվորական ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ թիվ 73128 զորամասում։ Վ․Ֆ․-ի հետ նույն զորամաս զորակոչվել են 5 նորակոչիկներ, որոնցից մեկը ևս եղել է ազգությամբ եզդի՝ Քյամալ անունով։ Սույն թվականի փետրվարի 1-ին նորակոչիկների հրամանատարը  Վ․Ֆ․-ին և նրա հետ նոր զորակոչված 5 զինվորներին տարել է զորամասի զուգարան և հրամայել է մաքրել զուգարանը։ Սպառնացել է, որ եթե մինչև առավոտյան չկատարի իր պահանջը՝ մաքրել զորամասի զուգարանը, ապա առավոտյան էլ ավելի վատ և դաժան պատիժ է սպասվում։ Վ․Ֆ․-ն, մինչև ուշ երեկո միայնակ կանգնելով նորակոչիկների գումարտակի դիմաց, չկարողանալով դիմանալ այդ իրավիճակին և վախենալով, որ առավոտյան իրեն է՛լ ավելի դաժան կպատժեն, որոշել է լքել զորամասը։ Պաշտոնատար անձանց կողմից կատարված գործողությունների վերաբերյալ 09.02․2022 թ. հարուցվել է քրեական գործ, որն առ այսօր գտնվում է քննության փուլում:

 

 

🔴 2022 թ-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման էին ենթարկել  զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման էին ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ էին հասցրել:  Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ քաղաքացիական հասարակության անդամները՝ շուրջ 35 Հասարակական կազմակերպություն, հրապարակային համատեղ հայտարարությամբ քննադատել էին տեղի ունեցածը՝ նշելով, որ “․․․անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը”։ Միաժամանակ, հայտարարությանը միացած բոլոր ՀԿ-ները պահանջել էին ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը, միջադեպին մասնակցած ոստիկանների և պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու վերջիններիս համապատասխան պատասխանատվության ենթարկելը։ Ի հակադրություն ներկայացված պահանջին, դեպքին մասնակցած և որդեկորույս ծնողներին բռնության ենթարկած ոստիկանները՝ ոստիկանության ղեկավարի գլխավորությամբ պաշտոնանկ արվելու և համարժեք իրավական պատասխատվություն կրելու փոխարեն, ունեցել են պաշտոնի բարձրացումներ։ 

 

Դեպքի առթիվ ՀՔԱՎ-ը ներկայացրել է  հաղորդում, որը կցվել է առ այսօր չավարտված և անորոշ ժամկետներով քննության փուլում գտնվող քրեական գործին։

 

                   

 

🔴 2023 թ-ի ապրիլին ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ  Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները «Պոլիգրաֆ» տեխնոակումբում կատարած ապօրինի խուզարկության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձանց պառկեցրել էին գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել էին ծեծի, ինչպես նաև մերկացվել։ ՀՔԱՎ-ը ստանձնել է «Պոլիգրաֆ» ակումբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներխուժման հետևանքով ակումբի աշխատակիցների ու այցելուների նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ գործողությունների, մասնավորապես խոշտանգման, մարդկային արժանապատվության նվաստացման, ֆիզիկական ու հոգեբանական բռնության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավունքների և շահերի պաշտպանությունը։ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց խոշտանգելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով ներկայացված հանցագործության մասին հաղորդման ներկայացումից հետո,  օրենքով սահմանված 24 ժամի փոխարեն, շուրջ մեկ շաբաթ անց ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ստացվել է արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանելու նախնական իրավական գնահատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Նախաձեռնված քեական վարույթի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը վստահած քաղաքացիները՝ 

  • կազմակերպության փաստաբանի անմիջական մասնակցությամբ, դեպքից շուրջ 10 օր անց, արդեն տուժողի կարգավիճակով հարցաքննվել են և մասնակցել դատաբժշկական փորձաքննության։ ՀՔԱՎ-ը ստանձնել է տուժածների իրավունքների պաշտպանությունը և հետևողականորեն մասնակցում է նախաձեռնված քրեական վարույթին, ներկայացնում և պահանջում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ և համապատասխան հրապարակումների միջոցով քրեական գործի վարույթի ընթացքի վերաբերյալ իրականացնում հանրային իրազեկումներ։ Տես՝ 1, 2, 3, 4, 5 և 6 ։

 

                                                      

 

 

🔴  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակային քննադատության է արժանացել նաև 03․04․2023թ․-ին  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպը, երբ վերջինս իշխանության ներկայացուցչին տեսնելիս անվանել էր նրան դավաճան, իսկ ԱԺ նախագահը հրահանգել էր իր անվտանգության աշխատակիցներին բռնել այդ քաղաքացուն և մոտենալով նրան՝ նվաստացրել էր վերջինիս՝ հայհոյելով ու թքելով քաղաքացու դեմքին։ Խստորեն քննադատելով պաշտոնատար անձի կողմից դրսևորած՝ անձի պատիվն ու արժատապատվությունը նվաստացնող  նման վարքագիծը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հերթական անգամ արձանագրվել է, որ նման արատավոր երևույթները պիտի իսպառ բացառվեն ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետությունում, իսկ եթե անձը կատարել է իրավախախտում, ապա դրա պատասխանը պիտի լինի օրենքով սահմանված կարգով, և ոչ երբեք արտահայտվի պաշտոնատար անձի կողմից քաղաքացու վրա թքելով, ինչի մասով, հերթական անգամ, ընդգծվել է ԱԺ-ում բազմակուսակցական էթիկայի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունը։   Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ պետության երկրորդ դեմքը հրապարակավ մարդու արժանապատվությունը նվաստացնող նման արատավոր վերաբերմունքով հստակ ուղերձ է տալիս պետական համակարգին, որ թույլատրելի է նման վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Դեռ ավելին, մարդու արժանապատվությունը նվաստացնող նման արարքից հետո հնարավոր է մնալ անպատիժ և շարունակել առկա պաշտոնավարումը։ Ուստի կարելի է ասել, որ այս և նմանատիպ դեպքերը հանդիսանում են համակարգային մարտահրավեր և նախատիպ՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի շարունակական խախտումների և դրա արդյունքում՝ պատասխանատվության չենթարկվելու ու անպատիժ մնալու արատավոր  դրսևորումների համար։

 

🔴  2023 թվականի հունիսի 17-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ կիրառվել էր բռնություն։ Ալավերդյանը հայտնել էր, որ ինքը դարձել է բռնության զոհ, քանի որ ոստիկանները բռնություն են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ և ինքը փորձել է միջամտել։ Դեպքից ավելի վաղ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում բռնության զոհ էին դարձել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

ՀՔԱՎ կողմից ներգրավված, այնպես էլ այլ գործերով ՀՀ պաշտոնատար անձանց կողմից անձանց նկատմամբ խոշտանգման, վատ վերաբերմունքի, ֆիզիկական և հոգեբանական բռնության գործերով իրականացվող քննությունները իրականացվում են  ժամկետային մեծ ձգձգումներով, անարդյունավետ, որպես կանոն ավարտվում են քրեական հետապնդման ենթակա անձին չհայտնաբերելու հիմքով կասեցման, վերադասության կարգով ներկայացված բողոքները մնում են առանց բավարարման և պատճառ են հանդիսանում լրացուցիչ ժամկետ պահանջող դատական բողոքարկումների համար: Մինչև անգամ դատական ատյաններում սույն գործերով գրանցված հաջողությունները չեն հանդիսանում գործի հետագա արդյունավետ քննության երաշխիք: 

 

Արդյունքում, սույն Տեղեկանքի առաջին մասում նշված իրավական կարգավորումները և ամրագրումները, պետության կողմից ստանձնած ներպետական և միջազգային երաշխիքները մնում են միայն թղթի վրա, և բացարձակ չեն կենսագործվում իրական կյանքում: Նման իրավիճակում կազմակերպության կողմից խոշտանգումների բոլոր գործերով միակ հնարավորությունը մնում է դիմումների և գանգատների ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի գոնե Բարձրագույն  դատարանում պաշտպանվի բացարձակ իրավունքի խախտման զոհ դարձած անձանց իրավունքները:

 

2013 թ․-ից մինչև օրս Կազմակերպության կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով 12 գանգատ է ներկայացվել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատներից 10-ը Դատարան է ներկայացվել մինչև 2018 թվականը՝ երկուսը 2018 թվականին։ 

 

Շարունակելով ոլորտային խնդիրների արձանագրումը, նշենք, որ ակնհայտ լուրջ խնդիրներ կան նման գործերով դատահոգեբանական փորձաքննությունների նշանակման մասով: 

 

Վատ վերաբերմունքի դեպքերով գրեթե միշտ վարույթն իրականացնող մարմնին ներկայացվում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններ։ Որպես կանոն բոլոր քննիչների կողմից նշված միջնորդությունները մերժվում են, դրա անհրաժեշտության կամ քրեական գործում նման ելակետային տվյալների բացակայության պատճառաբանությամբ։ Միայն մեկ գործով է արդեն լուծարված ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից բավարարվել մեր կողմից ներկայացված միջնորդությունը՝ վատ վերաբերմունքի զոհի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակեու մասին։

 

Իրականացված փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է համընկնում դեպքերի և տուժողի ապրումների միջև։ Վերը վկայակոչված Արթուր Քոչարյանի, Գագիկ Կարապետյանի և Ալբերտ Հակոբջանյանի գործերով ևս մի քանի անգամ ներկայացվել են հոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններ, որոնք հիմնավորվել են թե՛ գործով տուժողների հոգեվիճակով, և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով։ Բոլոր գործերով, այդ թվում թվարկված երկու գործով, մերժվել է փորձաքննության իրականացումը, ինչը հանգեցրել է այս գործերով ոչ արդյունավետ քննության։ 

 

Այս համատեքստում արձանագրում ենք, որ վարույթ իրականացնող մարմինը պատշաճ ջանքեր չի գործադրում վատ վերաբերմուքնի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, չի օգտագորրծում բոլոր հնարավոր ռեսուրսները և լծակները վատ վերաբերմունքի դեպքը բացահայտելու նպատակով։ 

 

Քննիչների կողմից նման մոտեցումը վկայում է խոշտանգման դեպքերով քննություն իրականացնելու ուղղությամբ ջանքերի ոչ պատշաճ գործադրման մասին։ Նկատենք, ինչպես վերևում  նշել ենք, որ Արթուր Քոչարյանի գործով դատարանն այնուամենայնիվ անձանագրել է, որ հոգեբանական փորձաքննության չնշանակելու պայմաններում չենք կարող ասել, որ իրականացվել է արդյունավետ քննություն։ Պետք է նաև նշել, որ դատարանի որոշումից հետո վարույթն իրականացնող մարմինը մեր իսկ ներկայացրած հարցերի շրջանակներում նշանակել է 2021 թ․ փորձաքննությունը, ինչը այս պահին կատարվում է։

 

Խոսելով խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի գործերով իրականացվող քննությունների համակարգային խնդիրներից, նշենք նաև, որ 2021թ-ին Հայաստանում ակնհայտ հետընթաց գրանցվեց խոշտանգման գործերով քննչական ենթակայության հարցի իրավակարգավորումներում՝ հանձին Հատուկ քննչական ծառայության լուծարման։ Այս բնագավառում միակ անկախ մարմնի լուծարելն ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման գործերով քննությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարելը դարձավ լուրջ սպառնալիք՝ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության  նկատմամբ։ 

 

Ինչպես արդեն մի քանի անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հայտարարվել է, դրսևորվեց խոշտանգումների դեմ պայքարում պետության կամքի բացակայությունը, ինչը արտահայտվեց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման պատճառաբանությամբ խոշտանգման գործերը քննող անկախ և ինստիտուցիոնալ մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ՝ խոշտանգումների գործերով քննչական ենթակայությունը փոխանցելով սկզբից ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, այնուհետև  2022թ մայիսի 5-ից՝ ՀՀ քննչական կոմիտեին։  Քննչական կոմիտեին խոշտանգման գործերի քննչական ենթակայության վերապահումը հանդիսացավ արհեստական և «մնացորդային» լուծում, քանի որ հենց այդ և այլ պետական ծառայություն իրականացնող անձանց հակազդման համար էր ստեղծվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ ՀՀ քննչական կոմիտեն չունի ինստիտուցիոնալ և գործառութային այն մակարդակի անկախություն և անաչառություն, որը պահանջվում է խոշտանգման գործերի քննության համար:

 

🔺 Որպես ամփոփում նշենք՝

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախատման զոհերի իրավունքների պաշտպանության գործերը ամփոփելով, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավասու մարմինների կողմից շարունակվում են մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների և խոշտանգումների անպատժելի վարքագիծը։ 

 

Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական և խնամքի հաստատություններում։ Վերջին շրջանում այս արատավոր պրակտիկան այնքան է խորացել, որ հասել է մինչև անգամ ՀՀ կարևորագույն համայնքի ներկայացուցիչների՝ փաստաբանների դեմ իրականացվող բռնություններին, ինչն ուղղակի անթույլատրելի է, և պիտի ունենա իր համարժեք և խիստ արձագանքը և հանգեցնի անխուսափելի պատասխանատվության անձի նկատմամբ նման ոտնձգություններ թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ, որպեսզի բացառվի նման վարքագծի դրսևորումը և կրկնությունը։ 

 

Հետընթաց է տեղի ունեցել և շարունակում է տեղի ունենալ վատ վերաբերմունքի գործերով քննության շրջանակներում։ Կազմակերպության այս ոլորտում ունեցած բազմամյա պրակտիկան ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ պետությունը չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մի կողմից իր ներկայացուցիչների միջոցով զերծ չի մնում ուղղակիորեն բացարձակ իրավունքի խախտում թույլ տալուց, իսկ մյուս կողմից չի իրականացնում գործուն, արդյունավետ, բազմակողմանի և լրիվ քննություն։ 

 

Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման գործերը քննվում են ձգձգումներով և ուշացումներով, չնայած նման գործերով պահանջվում է անհապաղ քննության իրականացում, որոնց հետևանքով կարևորագույն հանգամանքներ և ապացույցներ ուղղակիորեն ոչնչանում են։ 

 

Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը իրենց նախադեպային որոշումներով արձանագրել են քննության որակի ու կարգի վերաբերյալ կարևորագույն չափանիշներ, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ քննության որակի տեսանկյունից որևէ առաջնթաց չունենք։ 

 

Ամփոփելով, ևս մեկ անգամ ցանկանում ենք բարձրաձայնել, որ ՀՀ-ում արձանագրված խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների յուրաքանչյուր դեպք Հայաստանի Հանրապետությանը մեկ քայլով հեռացնում է իրական ժողովրդավարական արժեքներից։

Դիտումներ՝ 604

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????