Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2020 թ․ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծեց լայնածավալ պատերազմից հետո՝ 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը թիվ 131-Ն որոշմամբ հաստատեց պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։
2021 թ․ հունիսի 1-ից մեկնարկած հանրության հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ, Ծրագրում ներգրավվեցին 60 հոգեբաններ։ 6 ամիս տևողությամբ Ծրագիրը պետության կողմից իրականացված առաջին համակարգված աշխատանքն էր՝ ուղղված հանրության հոգեբանական վերականգնմանը։ |
ՀՔԱՎ-ը 2021 թ․-ին գնահատել էր պատերազմի մասնակիցների և հանրության հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը։ Համաձայն գնահատման արդյունքների՝ Ծրագրով բավարարվել է պատերազմին անմիջապես առնչություն ունեցող անձանց նվազագույն կարիքի միայն 6․4 տոկոսը։
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, 2020 թ․ 44 օրյա պատերազմից հետո ստացիոնար բուժում է ստացել պատերազմի 57 մասնակից և պատերազմի մասնակիցների 3 հարազատ ընդամենը։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոն 2020 թ․-ին դիմած 60 անձանց 43 տոկոսը (23 վիրավորում ստացած անձ, 3 զոհվածի ծնող) անմիջական առնչություն են ունեցել պատերազմին:
2022 թ․ տվյալներով՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 3788 զոհ, 1494 քաղաքացու հաշմանդամության խումբ է սահմանվել։ Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակներում անդամահատվել է 137 անձ, տեսողական խնդիրներով հաշմանդամություն է ձեռք բերել 106 անձ, որոնցից 11-ն ամբողջությամբ կորցրել է տեսողությունը: Այս տվյալները ևս փաստում են պատերազմին մասնակից անձանց հոգեբանական վերականգնման ԿԱՐԻՔԸ։
Մասնագետներն ահազանգում են նաև թմրամիջոցներից և այլ կախվածությունների աճի մասին։ Ունենք ցուցանիշ, ըստ որի պատերազմից հետո սթրեսի հաղթահարման վնասակար մեթոդների կիրառելիությունը՝ թմրանյութեր, ծխախոտ, դեղորայքի միջոցով հանդարտեցում, շուրջ 4,5 անգամ աճել է: 2022 թ․-ին թմրամիջոցների օգտագործման համար պատասխանատվության ենթարկված 18-29 տարեկան անձանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում 18-24 տարեկան անձանց թիվն աճել է 80 տոկոսով, իսկ 25-29 տարեկան անձանց թիվը՝ 71 տոկոսով։ Այս տարիքային խմբում են 2020 թ․ պատերազմի մասնակիցները, այդ տարի և դրանից հետո զինված ուժերում ծառայածները։
Բացի վերոնշյալը՝ 2023 թ․ սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով 100 հազարից ավելի մարդ, այդ թվում 30 հազար երեխա բռնի տեղահանվել է։ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն ահազանգում է, որ Հայաստանում ապաստանած արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. առանց անհապաղ աջակցության նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:
Կարիքի մասին են բարձրաձայնում տեղահանված անձինք ևս․
«Հոգեբանական աշխատանք, իհարկե կուզեմ. ինչպես խոսել երեխաների հետ, ինչպես շփվել, որ ինչքան բան տեսել են, էտ սթրեսից դուրս գան»: |
Այս ամենի համատեքստում խնդրահարույց է գերատեսչությունների վերաբերմունքը խնդրին։ Պատերազմի մասնակիցների և հանրության հոգեբանական վերականգմանն ուղղված ծրագրի շարունակականության ապահովման կամ այլ ծրագրի նախագծման վերաբերյալ կազմակերպության հարցմանը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ առնչություն և տեղեկատվություն չունի, քանի որ վերը նշված ծրագիրն իրականացվել է «հայտարարված մրցույթը հաղթած հոգեբանական առողջության «Կոնսորցիում»-ի կողմից»։ Նշենք, որ հոգեբանական վերականգնման 6-ամսյա ծրագրի համակարգողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էր։ Ըստ այդմ, կարող ենք փաստել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը չի տիրապետում իր ենթակայության տակ գտնվող տեղեկատվությանը։ Նշենք, որ Կազմակերպության ճշգրտող հարցումն այն ուղարկելուց 16 օր հետո է վերահասցեագրվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և դեկտեմբերի 27-ի դրությամբ (23 օր անց) պատասխան դեռ չի ստացվել։
Մանրամասները՝ ՏԵՂԵԿԱՆՔում։