Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչ դատարանը միևնույն փաստերով երկու տարբեր գործերով իրար հակասող որոշումներ է կայացրել

September 5, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

2016թ․ հուլիսի 30-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված Մ․ Փանոսյանի և Մ․ Վարդանյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019թ․ հունիս և հուլիս ամիսներին իրար հակասող որոշումներ է կայացրել այն դեպքում, երբ երկու գործով էլ փաստական հանգամանքները նույնն են, երկուսի նկատմամբ ոստիկանական ապօրինությունները կատարվել են նույն տեղում, նույն ժամանակահատվածում և նույն ոստիկանների կողմից։

 

Մելիքսեթ Փանոսյանին ու Մոմիկ Վարդանյանին ոստիկանները բռնության էին ենթարկել «Սասնա ծռերի» գործողություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ՝ 2016թ․ հուլիսի 30-ին, Երևանի Սայաթ Նովա փողոցում։ Նկատենք, որ Սայաթ Նովա փողոցում բողոքի որևէ ցույց տեղի չի ունեցել այդ ժամանակ: Ավելին՝ թե Մ.Փանոսյանը, թե Մ.Վարդանյանը այդ պահին ցույցին չեն էլ մասնակցել: 

 

Նախ մի խումբ ոստիկաններ մոտեցել են Մելիքսեթ Փանոսյանին, նրանից փաստաթղթեր պահանջել և մերժում ստանալուց հետո բռնությամբ նստեցրել ոստիկանական մեքենա, միայն այն փաստի հիման վրա, որ ոստիկանների այն հարցին, թե որտեղ է բնակվում, պատասխանել է՝ Խորենացու փողոցի վրա՝ նկատի ունենալով Խորենացի փողոցի վրա գտնվող հոստելը, որտեղ սենյակ է վարձել գիշերելու համար: Այնուհետև տեղափոխել են ոստիկանության բաժին և շարունակել բռնությունները նաև բաժնում։ Իսկ Մոմիկ Վարդանյանին ոստիկանները բռնության են ենթարկել ոստիկանական մեքենա նստեցնելիս և մեքենայի մեջ այն բանից հետո, երբ վերջինս փորձել է ֆիքսել Մ․ Փանոսյանին տանող ավտոմեքենայի համարանիշը։ Միայն վերադասից հրաման ստանալուց հետո են ազատ արձակել։ Մ. Փանոսյանը և Մ. Վարդանյանն ուղղակի մասնակցել են մշակույթային նույն միջոցառմանը, որի ավարտից հետո փողոցում հանդիպել են ոստիկաններին:

 

Եվ Մոմիկ Վարդանյանը, և Մելիքսեթ Փանոսյանը հարուցված քրեական գործերի շրջանակներում տուժող են ճանաչվել։ Մելիքսեթ Փանոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, իսկ Մոմիկ Վարդանյանի շահերը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

 

Երկու տարի անց՝ 2018թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Գ․ Բեգոյանը կասեցրել է քրեական գործերը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու պատճառաբանաությամբ։

 

Երկու գործով էլ տուժողների ներկայացուցիչները բողոքարկել են քրեական գործերը կասեցնելու որոշումները վերահսկող դատախազին, երկու դեպքում էլ մերժում են ստացել։ Բողոքները մերժել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։

 

Մոմիկ Վարդանյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը 2019թ․ ապրիլի 9-ին, իսկ Մելիքսեթ Փանոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ 2019թ․ հունիսի 18-ին վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։

 

Երկու բողոքների հիմնավորումներն էլ նույնն են եղել․ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքով երաշխավորված արդյունավետ քննություն չի կատարվել, խախտվել է տուժողների՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։ 

 

Չնայած նրան, որ տուժողները բռնության ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են արժանացել ոստիկանների կողմից, քրեական գործերը հարուցվել են ոչ թե խոշտանգման, այլ՝ ծեծի և այլ բռնի գործողությունների, Մ․ Փանոսյանի դեպքում՝ նաև լրագրողական գործունեությունը խոչընդոտելու հիմքով։ Դա այն դեպքում, երբ գոնե Մոմիկ Վարդանյանի գործով տուժող կողմի միջնորդությամբ նաև դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել և արձանագրվել է, որ այդ դեպքերից հետո Մոմիկ Վարդանյանը «Նևրոտիկ ռեակցիա» հոգեկան գործունեության նևրոտիկ մակարդակի կարճատև խանգարում է տարել։ Սակայն ոչ վարույթն իրականացնող մարմինը, ոչ էլ դատարանը հաշվի չեն առել այդ հանգամանքը։

 

Երկու դեպքում էլ տուժողները հայտնել են, որ կճանաչեն իրենց բռնության ենթարկած ոստիկաններին, ունեն նաև տեսաձայնագրություններ ու լուսանկարներ։ Սակայն վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ուշադրություն չի դարձրել այդ փաստերին, չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ կտային բացահայտել մեղավորներին։

 

Վարույթն իրականացնող մարմինը անհապաղ միջոցներ չի ձեռնարկել նաև՝ պարզելու նրանց ստացած մարմնական վնասվածքների պատճառները։ Ի դեպ՝ ուշագրավ է, որ Մ․ Փանոսյանի գործով հարցաքննված ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում նշել են, որ չեն բացառում Մ․ Փանոսյանի՝ բռնության ենթարկված լինելը, սակայն հայտնել են, որ իրենք նրա մարմնի վրա վնասվածքներ չեն տեսել։ 

 

Մ․ Փանոսյանի վերաբերյալ՝ 2019թ․ հուլիսի 10-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, Վ․ Ռշտունու նախագահությամբ, բողոքը բավարարել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել տուժողի իրավունքների խախտումները։

 

Դատարանն արձանագրել է, որ այս պարագայում անիրատեսական չէ պարզել բռնություն կիրառած ոստիկաններին, քանի որ տուժողը պատրաստակամություն է հայտնել ճանաչելու նրանց, բացի դրանից էլ՝ այդ օրը այդ տարածքում ծառայություն են իրականացրել կոնկրետ ոստիկաններ՝ համապատասխան հրամանով և ժամանակացույցով։

 

Վերաքննիչը փաստել է նաև, որ թեև քրեական գործը խոշտանգման հոդվածով չի հարուցվել, սակայն այն միացվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործին։ Եվ արձանագրել է, որ բռնություն կիրառած ոստիկաններին հայտնաբերելուց հետո միայն հնարավոր կլինի նրանց արարքին գնահատական տալ։ 

 

Իսկ ահա նույն փաստերով Մոմիկ Վարդանյանի գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, Լ․ Աբգարյանի նախագահությամբ, 2019թ․ հունիսի 19-ին որոշել է մերժել բողոքը։ 

 

Եթե Մ․ Փանոսյանի գործի դեպքում դատարանը արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերելու բռնություն կիրառած ոստիկաններին այն դեպքում, երբ դրա իրատեսական հնարավորությունները կան, ապա Մ․ Վարդանյանի դեպքում ճիշտ նույն իրավիճակում Լ․ Աբգարյանը հղում է տալիս վարույթն իրականացնող մարմնի այն պնդումներին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Մ․ Վարդանյանին բերման ենթարկած անձանց ինքնությունը, և դրանով դատավորը հիմնավոր չի համարում բողոքաբերի պնդումները, որ այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Լ․ Աբգարյանը քննությունը համարել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ 

 

Այնուամենայնիվ անհրաժեշտ է համարել նկատել, որ գործի կասեցումը վարույթի վերջնական ավարտ չէ, և նախաքննության մարմինը զրկված չէ կասեցման հիմքը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ դատավարական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունից։

 

Դիտումներ՝ 1922

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????