«Ազգային ժողովը քանի դեռ չգիտակցի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու խնդիրը՝ որպես հայեցակարգ, որպես մեկնակետ, չի կարող լուծումներ տալ, այսինքն՝ լիարժեք իրականացնել իր գործառույթները: Դա նշանակում է, որ ամենաբարձր ներկայացուցչական մարմինը՝ բարձր լեգիտիմություն ունեցող օրենսդիր մարմինը, ելնելով այդ քաղաքական գնահատականից, ինքն է մշակելու կանոնները՝ իրավական նորմերը, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն սահմանադրական մարմինները:
Ազգային ժողովը իրեն չպետք է համարի նախորդ ԱԺ-ի իրավահաջոդը: Եթե Աժ-ն իրեն համարում է իրավահաջորդ, ապա հենց ինքն է ճգնաժամի մեջ՝ ընկալման ճգնաժամի մասին է խոսքը: Մենք պետք է արձանագրենք և գիտակցենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել. պետությունը զավթված է եղել մի խմբի կողմից, և դա իրականացվել սահմանադրական տարբեր մարմիների, այդ թվում նաև ՍԴ-ի և դատական իշխանության միջոցով… »,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Աժգային ժողովը չի կարող առանց քաղաքական գնահատական տալու պետության զավթմանը՝ գալ այն գիտակցման, որ պետք է սահմանադրական մարմինները արմատապես փոփոխել և համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի լռությունը տարօրինակ է: ՍԴ հարցը մնացել է չլուծված: Մեր զրուցակիցների կարծիքով՝ ԱԺ-ն կարծես թե դեռևս չգիտի՝ ինչ անել:
Անդրադառնալով Հանրային խորհրդի վերջին շրջանի հայտարարություններին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ Ռուսաստանի օրինակով. «Տարօրինակ է, որ Վազգեն Մանուկյանը համաձայնեց գլխավորել Հանրային խորհուրդը, որովհետև նա եղել է անհատականություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նա ուներ իր լսարանը… Չեմ կարող ասել, վարչապետն ինչով է առաջնորդվել, որ շատ նշանակումներ թողել է նույնը և թե նրա ինչին էր պետք Հանրային խորհուրդը. անհասկանալի է»: Ժաննա Ալեքսանյանը նաև ընդգծեց, որ Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կա կարծիք, թե Հանրային խորհուրդը հակաժողովրդական մարմին է և հակապետական գործունեություն է ծավալել, Ա. Սաքունցը նշեց. «Հանրային խորհուրդը մեզ մոտ ստեղծվել է 2008թ. Մարտի 1-ից հետո, և նրան տրվել է սահմանադրական մարմնի կարգավիճակ, իբրև թե որպես հանրային ընդվզումների մարման և համերաշխություն ստեղծող մարմին… Հանրային կարծիքը ներկայացնելու համար որևէ մարմին պետք չէ, այլ պետք է խոսքի և կարծիքի արտահայտման ազատություն: Ինչո՞ւ է պահպանվել այդ մարմինը, նրա նպատակը հիմա այլևս չի կարող գոյություն ունենալ…»:
Մանրամասն՝ տեսանյութում: