Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այս գրասենյակը կարողացավ ետ պահել մի ընտանիքի արտագաղթից, ինչի համար շնորհակալ եմ». Լիլիթ Անտոնյան

April 10, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

«Վերջին 4 տարին անընդհատ զբաղված եմ նրանով, որ որևէ մրցույթում հաղթեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում: Մի անգամ ստացվեց, հաղթեցի, այն էլ ժամանակավոր նշանակում էր: Մրցույթների ինստիտուտը կարելի է վերանայել: Եթե ըստ օրենքների առաջնորդվեն, կարելի է և հաղթել, բայց եթե խախտումներ են թույլ տալիս նրանք, ովքեր պետք է սահմանած կարգը պահպանեն, ավելի լավ է նման մրցույթներ չլինեն»,- իր  ոդիսականն այսպես է սկսում Լիլիթ Անտոնյանը, ով 2018 թվականին  որոշում է մասնակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: 

 

Մրցույթի ժամանակ նա ականատես է լինում մրցութային հանձնաժողովի խտրական մոտեցմանը: Լիլիթի խոսքով՝ բանավոր փուլի գնահատումն օբյեկտիվ  չի անցել, որովհետև հանձնաժողովն, ի սկզբանե, կանխակալ վերաբերմունք է ունեցել իր մրցակցի հանդեպ: Տարբեր ոլորտների օրենսդրության մասին հարցեր ներառող 100-հարցանոց հարցաշարից  ավելի քան 75% -ին ճիշտ է պատասխանել, նույնքան էլ՝ մրցակիցը: Իր կարծիքով պետք է հաղթող ճանաչվեր, սակայն, մրցութային հանձնաժողովը նրա պատասխանը 60 միավոր է գնահատել, ինչի արդյունքում Լիլիթը չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Մրցութային  հանձնաժողովի նախագահի 2018 թ. հունիսի 14-ի թիվ 7 որոշմամբ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել  Լիլիթ Անտոնյանի մրցակիցը:

 

Մրցույթի արդյունքները Լ. Անտոնյանը բողոքարկում է Քաղաքացիական ծառայության խորհրդում: Որոշումը, սակայն, մնում է անփոփոխ: Անարդար որոշումը ստիպում է Լիլիթին չնահանջել: Իրավական պաշտպանության նպատակով դիմում է ՀՔԱՎ գրասենյակի աջակցությանը: 2018 թ. օգոստոսի 15-ին ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվում մրցութային հանձնաժողովի՝ 2018 թ. հունիսի 14-ի թիվ 7 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանում նրա շահերը սկզբում ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբաններ Էմմա Շահինյանն ու Մարիամ Կարապետյանը, այնուհետև՝ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը: 

 

«Եթե դու նահանջես՝ կլինի այն, ինչ պարտադրված  է այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են, որ դա այդպես լինի: Եթե դու չպայքարես՝ նույնիսկ չունենալով  որևէ հույս, եթե դու քո իրավունքների ետևից չգնաս, որևէ մեկը չի հիշի քո մասին հոգ տանել, այլընտրանք չունես: Այս գրասենյակն ինձ սատարեց այն պահին, երբ ես արդեն ծայրահեղ հուսահատված էի, մտածում էի, որ այս երկրից պետք է դուրս գալ, ուրիշ տեղ հանգրվանել, որտեղ իմ գիտելիքները կգնահատվեն: Հավանաբար ես երկրից դուրս կգայի, եթե չլիներ հեղափոխությունը, որովհետև  մինչ հեղափոխությունն արդեն 1 անգամ բողոքարկել էի այս որոշումն ու մերժվել, ես արդեն սպասելիքներ չունեի իմ երկրում»,-դժվարանալով երախտիքի խոսքեր գտնել՝ ասում է Լիլիթը:

 

2019 թ. մայիսի 7-ին նա ներկայացնում է հայցի առարկայի փոփոխություն` պահանջով վերացնել ԿԳՆ-ի տեսչական մարմնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի 2018 թ. հունիսի 14-ի մրցույթի հարցազրույցի փուլը չհաղթահարելու մասին թիվ 4 որոշումն՝ իր մասով և իր մրցակցին` այդ պաշտոնում նշանակելու մասին թիվ 7 որոշումը՝ որպես հետևանք: Դատարանը թույլ է տալիս հայցի առարկայի փոփոխությունը: 2019թ. հունիսի 6-ին մրցակիցը ներգրավվում է որպես 3-րդ անձ

 

Թեև դատական նիստին Լիլիթը նշում է, որ մրցույթի բանավոր փուլի գնահատումն օբյեկտիվ  չի անցկացվել, պատասխանող կողմն ու մրցակիցը միաբերան պնդում են, որ  հանձնաժողովն օբյեկտիվ է եղել. գնահատել՝ ըստ հարցերին տրված պատասխանների: Ինչ մնում է նրանց  հավաքած միավորների տարբերությանը, ըստ մրցակցի՝ դա արդյունք է՝ հարցաշարին անհատապես  պատրաստվելու և դրանք ճիշտ ներկայացնելու: 

 

Ուսումնասիրելով գործին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու ապացույցները, նաև նմանատիպ դեպքերում կիրառելի իրավական փաստաթղթերը՝ դատարանն իր վերլուծություններն ու դատողություններն է արել: Հղում անելով, մասնավորապես՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածինորով քաղծառայության պաշտոնի մրցույթ անցկացնելու Կարգը սահմանելու լիազորությունը վերապահվում է Քաղծառայության խորհրդին, դատարանը գտել է, որ խորհուրդը խախտել է այդ Կարգի մի շարք կետեր:

 

Դատարանի գնահատմամբ՝ հարցերն ու դրանց ճիշտ պատասխանները նախապես կազմելու և մրցութային հանձնաժողովի անդամներին տրամադրելու կանոնն ինքնանպատակ չէ

 

Այն դիմողների պատասխանների գնահատման օբյեկտիվության ապահովման կարևոր երաշխիք է: Հանձնաժողովի անդամները, հիմնվելով իրենց սուբյեկտիվ տեսակետների վրա, կարող են տարբեր պատճառաբանություններով թերի կամ սխալ որակել հարցերին տրված պատասխանները՝ դիմողին զրկելով իր պատասխանների ճշմարտացիությունը հիմնավորելու հնարավորությունից:

 

Հետևաբար, հարցատոմսի ճիշտ պատասխանների ձևանմուշները մրցութային հանձնաժողովի անդամներին նախապես տրամադրելն, իրապես, կարևոր պահանջ է և այն չպահպանելու արդյունքում լրջորեն կասկածի տակ է դրվում ողջ մրցութային գործընթացի օբյեկտիվությունը: Արդյունքում՝ դժվարանում է նաև գնահատականների իրավաչափության վիճարկումը և ստուգումը: Մինչդեռ այդ ձևանմուշների առկայության դեպքում քաղաքացին կարող էր հիմնավորել, դատարանն էլ ստուգել պատասխանների ճշմարտացիությունը:

 

«Ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ միայն ի՞մ նկատմամբ էր, թե, ընդհանրապես, կար մեթոդաբանություն այդ մրցույթներն այնպես վարել, որ արդյունքում հաղթող ճանաչվի նա, ում իրենք նախապես՝ մրցույթից առաջ, արդեն որոշել են: Սա էլ բառացություն չէ, կարծում եմ, մի ընդհանուր օղակի  դրվագ, պարզապես այն տարբերությամբ, որ համբերության բաժակը լցվել էր, և ես որոշեցի տեր կանգնել իմ իրավունքներին, այլընտրանք էլ չունեի, որովհետև երկիրն այնպես էր աշխատում, որ կամ խնամի, ծանոթ, բարեկամ պիտի լիներ, կամ այլ միջոցներ պետք է գործադրվեին, կամ էլ հովանավորներ լինեին, ինձ մոտ ոչ մեկն էր, ոչ մյուսը. գիտելիքներն էին և  ուղղակի աշխատասիրությունը: Ես այլ տարբերակ չունեի»,-ասում է Լիլիթը: 

 

Դատաքննության ժամանակ պատասխանողը դատարանին վստահեցրել էր, որ հանձնաժողովի անդամներն առանց ճիշտ պատասխանների ձևանմուշների էլ՝ ներքին համոզմամբ կարող էին գնահատել թեկնածուներին:

 

Հենց այստեղ էլ դատարանն արձանագրել է Կարգի, թերևս, ամենակարևոր ու էական պահանջներից մեկի խախտումն ու ողջամիտ բացատրության բացակայությունը դրա վերաբերյալ, որից ելնելով էլ բանավոր փուլի գնահատման օբյեկտիվության մասին Լիլիթ Անտոնյանի կասկածները տեղին են եղել: Ղեկավարվելով  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ դատարանը գտել է, որ մրցույթը հայցվոր Լ. Անտոնյանի կողմից չհաղթահարելու մասին որոշումն անվավեր է:


Միաժամանակ անվավեր է նաև նման  իրավիճակում 3-րդ անձին պաշտոնի նշանակելու մասին որոշումը՝ որպես մրցույթի անվավերության հետևանք: Դատարանը չի բացառել, որ Լիլիթ Անտոնյանն էլ կարող էր ճիշտ պատասխանել ու հաղթահարել հարցազրույցի փուլն ու 2 թեկնածուներից ինքը նշանակվեր համապատասխան պաշտոնի, ոչ թե 3-րդ անձը:

 

Սրա հետ մեկտեղ դատարանը նաև կարևոր արձանագրում է արել՝  նկատելով, որ եթե ոչ իրավաչափ մրցույթի անվավերության հետևանքով 3-րդ անձը գտնում է, որ վնաս է  կրել, կարող է պահանջել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հասցված վնասի հատուցման վարույթ:


Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրահանգել է, որ հայցը հիմնավոր է, և 2020 թվականի մարտի 17-ի վճռով բավարարել է Լիլիթ Անտոնյանի հայցը:

 

Առաջնորդվելով Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ»՝  դատարանն  անվավեր է ճանաչել նաև Քաղծառայության խորհրդի 2018 թ. հունիսի 19-ի  որոշումը, որով մերժվել էր Անտոնյանի վարչական բողոքը՝ մրցույթի արդյունքների վերաբերյալ:

 

Լիլիթ Անտոնյանը պատրաստվում է կրկին ուժերը փորձելու նոր մրցույթում: Սպասում է 1-ամսյա ժամկետին՝ հասկանալու՝ կլինի՞ բողոքարկում, թե՞ ոչ, որից հետո դատարանի այս որոշումն օրինական ուժի մեջ կմտնի: Հուսով է, որ այս անգամ արդար մրցույթ կանցկացվի, և կկարողանա հավակնել այդ պաշտոնին: 

 

«Կարծում եմ էսպիսի հասարակություններում, որտեղ նախկին  իշխող ռեժիմն ի չարս է գործադրել բոլոր հնարավոր օղակներում իր գերակայող դիրքը, Վանաձորի Հելսինկյան գրասենյակի գործունեությունը ոչ միայն անհրաժեշտ է, ուղղակի փրկօղակի նման մի բան է, ոնց որ անապատում օազիս ունենաս»,- եզրափակում է Լիլիթ Անտոնյանը

 

Դիտումներ՝ 976

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????