Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԿՈՎԻԴ-19. Մարդու իրավունքների ստուգաթերթը. hrw.org

May 11, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

7-ը ապրիլի, 2020 թ.

 

Թարմացում. Մարդու իրավունքների պաշտպանությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելիս

 

Կառավարությունները պետք է հակազդեն ԿՈՎԻԴ-19-ի համավարակին՝ առաջնահերթ ճանաչելով բոլոր անձանց առողջության իրավունքը և հարգանքն առ մարդու իրավունքները: Այս տեսանյութում «Human Rights Watch»-ի աշխատողները քննարկում են մարդու իրավունքների հիմնական խնդիրները համավարակի պայմաններում և առաջարկություններ են անում կառավարություններին:

 

 

«Human Rights Watch»-ը մեծապես կարևորում է ԿՈՎԻԴ-19-ի համավարակի պայմաններում մարդու իրավունքների հիմնական խնդիրներն արձանագրելը և զեկույցներում ներկայացնելը: Մեր հետազոտություններում այս ճգնաժամին հակազդելու իրավունքահեն մոտեցմանն համահունչ 40 հարցեր ենք մշակել, որոնք անդրադառնում են առավել մեծ ռիսկի ենթակա խմբերի, ներառյալ՝ աղքատության մեջ ապրող մարդկանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ԼԳԲՏ անձանց, միգրանտների, փախստականների և երեխաների կարիքներին: Ճգնաժամին հակազդելու տարաբնույթ եղանակներ ենք ուսումնասիրել, որոնցից որոշներ դրական են, մյուսները՝ խնդրահարույց: Դրական օրինակները ոչ թե «դեղատոմսեր» են կառավարությունների համար, այլև՝ կառավարություններին հասանելի՝ քաղաքականության տարբերակներ, որոնցում փորձ է արվում հաշվի առնել մարդու իրավունքների կապակցությամբ այդ կառավարությունների ստանձնած պարտավորությունները: Բերված կոնկրետ օրինակը չպետք է ընկալել որպես ճգնաժամին հակազդելու՝ կոնկրետ կառավարության ողջ մոտեցման կամ մարդու իրավունքների նկատմամբ այդ կառավարության վերաբերմունքի դրական գնահատական կամ քննադատություն:

 

Կանխարգելումը և խնամքի կազմակերպումը

 

Հանրության տեղեկացվածության ապահովումը

 

  • Ձեր կառավարությունն հանրությանը ժամանակին տրամադրո՞ւմ է ճշգրիտ և մատչելի տեղեկություններ համավարակի տարածման մասին:
  • Ձեր կառավարությունը վիճարկո՞ւմ է ԿՈՎԻԴ-19-ի ժխտողականությունը և ակտիվորեն պայքարո՞ւմ է ԿՈՎԻԴ-19-ին առնչվող իրավաչափ փաստահենք մտահոգություններ արծարծող լրագրողների, ազդարարողների և այլ անձանց հետապնդելու կամ հալածելու դրսևորումների դեմ:

 

Կառավարական պաշտոնատար անձինք Բելառուսում, Բրազիլիայում, Բուրունդիում, Չինաստանում, Մեքսիկայում, Մյանմայում, Թուրքմենստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Զիմբաբվեում անհանգստացնող աստիճանի ժխտողականություն են դրսևորել ԿՈՎԻԴ-19-ի նկատմամբ՝ իրենց պետություններում հանրությանը զրկելով համավարակին վերաբերող ստույգ տեղեկատվությունից: Հնդկաստանում իշխանությունները քիչ բան են արել տեղեկատվական այն պնդումների «վիրուսային» տարածումը կանխելու ուղղությամբ, որոնց համաձայն երկրի մահմեդական փոքրամասնությունը դիտավորյալ է տարածում ԿՈՎԻԴ-19-ը: Ի հակադրություն՝ Միացյալ Թագավորությունում, ստացված տեղեկությունների համաձայն, ոստիկանական ծառայությունները սկսել են հետաքննել մահմեդականներին սևացնելու համանման գործընթացները Միացյալ Թագավորությունում:

 

Բանգլադեշում, Կամբոջայում, Չինաստանում, Եգիպտոսում, Եթովպիայում, Թուրքիայում և Վենեսուելայում լրագրողներ և այլ անձինք են ձերբակալվել և կալանավորվել ԿՈՎԻԴ-19-ը լուսաբանելու կամ դրա վերաբերյալ կարծիքներ սոցիալական ցանցերում հայտնելու համար: Եգիպտոսը և Չինաստանը լրագրողների են վտարել երկրի տարածքից: Բոլիվիայում իշխանությունները ԿՈՎԻԴ-19-ը որպես հիմնավորում են օգտագործել՝ քաղաքական ակտիվիստներին սպառնալով մինչև 10 տարի ժամկետով ազատազրկել «ապատեղեկատվություն» տարածելու համար: Չինաստանում ազդարարողին նախատելու դեպքին հաջորդած հանրային բողոքի ալիքը տեղի ոստիկանությանը ստիպված աննախադեպ քայլի դիմել՝ ներողություն խնդրել:

 

  • Ձեր կառավարությունը վերացրե՞լ է ինտերնետի բոլոր արգելափակումները կամ առցանց տեղեկատվության մատչելիության ընդհանրական սահմանափակումները:

 

Եթովպիան վերացրեց հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ամբողջական արգելքն արևմուտքում՝ Օրոմիա տարածաշրջանում (այդ կերպ ավարտին հասցնելով երեք ամիս տևած արգելափակումը)՝ արձագանքելով այն քննադատությանը, որ գործող սահմանափակումները կխոչընդոտեն ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու աշխատանքները: Այնուհանդերձ, Բանգլադեշում ռոհինջա փախստականների ճամբարներում և Մյանմաում հակամարտության հետևանքները կրող տարածաշրջաններում մարդիկ մինչ օրս չեն կարող կյանքի փրկության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալ՝ ինտերնետի նկատմամբ կառավարության կիրառած արգելափակումների պատճառով: Քաշմիրում Հնդկաստանի կառավարությունը կարգադրել է ինտերնետի դանդաղ՝ 2G արագություն ապահովել, կրճատելով ինտերնետային կապուղիների թողունակությունը և նվազեցնելով բուժման պրոտոկոլների մատչելիությունը, որոնք կօգնեին ԿՈՎԻԴ-19-ի դեմ տեղում պայքարող բժիշկներին: Արձագանքելով ճգնաժամին՝ Միացյալ Արաբական Էմիրությունները և Օմանը մեղմել են «ինտերնետի միջոցով ձայնի փոխանցման» («voice over internet», «VoIP») ծառայությունների նկատմամբ վաղուց գործող որոշ սահմանափակումներ՝ հնարավոր դարձնելու համար հեռավար ուսուցումը, թույլատրելով մասնավորապես «Zoom» և «Microsoft Teams» ծրագրերի աշխատանքը: Այնուամենայնիվ, թե՜ Օմանում, թե՜ Միացյալ Արաբական Էմիրություններում և Քաթարում պահպանվել է ձայնային կանչերի և տեսազանգերի հնարավորություն ընձեռող ծրագրային այլ հավելվածների արգելքը, որոնք են «WhatsApp»-ը, «Skype»-ը և «FaceTime»-ը:

 

  • Ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է «թվային անջրպետի» («digital divide») հաղթահարման ուղղությամբ՝ ավելացնելով ինտերնետի հասանելիությունը և ֆինանսական մատչելիությունը, հատկապես տեղաշարժի ազատության սահմանափակման վայրերում, որտեղ կրթությունը, աշխատանքը և ԿՈՎԻԴ-19-ին վերաբերող հանրային տեղեկատվությունն անցում են կատարել առցանց միջավայր:

 

Պերուում կառավարությունը որոշում է կայացրել՝ երաշխավորելով ինտերնետային ծառայությունների մատուցումը ԿՈՎԻԴ-19-ի ճգնաժամի ողջ ընթացքում՝ անգամ այն դեպքում, երբ օգտվողները չեն կարողանում վճարել: Դելիի կառավարությունը (Հնդկաստանում) փոխհատուցում է դպրոցական երեխաների ինտերնետային տվյալների փաթեթների ծախսերը: Աֆրիկայում հեռահաղորդակցության որոշ օպերատորներ «կենսական» կայքէջերի նկատմամբ չեն կիրառում տվյալների ծավալի առավելագույն սահմանափակումներ, որպեսզի համավարակի ընթացքում երաշխավորված լինի ինտերնետի առավել մատչելի հասանելիությունը:

 

Թեստավորման և բուժման կազմակերպումը

 

  • Որակյալ և մատչելի առողջապահական ծառայությունները Ձեր երկրում որպես իրավունք, խտրականությունից զերծ, հասանելի՞ են բոլորին:

 

Պորտուգալիայում կառավարությունը հայտարարել է, որ կկազմակերպի այն անձանց բուժումը, ում կացության կարգավիճակի և ապաստանի դիմումները դեռևս ընթացքի մեջ են՝ պայմանով, որ նրանք ունեն մշտական կացության կարգավիճակ մինչև հունիսի 30-ը, և որ կապահովի առողջապահության ազգային համակարգի համահավասար հասանելիությունը նրանց համար: Իտալիայի կառավարությունը մինչև հունիսի կես երկարացրել է կացության կարգավիճակի բոլոր գործող թույլտվութունները, որոնց ժամկետը լրանում էր, ինչպես նաև առողջապահության ազգային համակարգից օգտվելու իրավունք է վերապահել համապատասխան անձանց: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեպետ ԿՈՎԻԴ-19-ի թեստավորումն անվճար է դարձվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող միլիոնավոր մարդիկ չունեն ապահովագրություն և չեն կարող պետության կողմից ֆինանսավորվող առողջապահական ծառայություններ ստանալ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում վիրուսի բուժումը մինչ օրս շատ ավելի թանկ է, քան շատ-շատերը կարող են իրենց թույլ տալ վճարել, որի պատճառով մարդիկ ստիպված են լինում ընտրություն կատարել՝ կա՜մ չդիմել բուժօգնության, կա՜մ սնանկանալու ռիսկ կրել:

 

  • Եթե Ձեր կառավարությունը շարունակում է կիրառել ԿՈՎԻԴ-19-ի կարանտինի կամ մեկուսացման հատուկ պահանջներ, ապա կառավարությունը մարդկանց համար կազմակերպո՞ւմ է արդյոք առողջապահական ծառայություններ, վարակից պաշտպանության միջոցառումներ և սննդի և ջրի տրամադրման աշխատանքներ:

 

Չինաստանում 10 հոգի մահացավ, երբ փլվեց այն շենքը, որտեղ նրանք հարկադրաբար պահվում էին կարանտինի մեջ: Նիգերիայի նահանգներից մեկի կառավարությունը մեկուսացման տարածքները կատարելագործեց միայն այն ժամանակ, երբ մահացավ պետության խնամքի ներքո գտնվող մի կին, ով կորոնավիրուսով վարակված չէր: Բուրունդիում կարանտինի տարածքները քննադատության են արժանացել հակասանիտարական վիճակի և գերբնակեցված լինելու համար: Ուգանդայում կառավարությունը ծայրահեղ բարձր վճարներ էր գանձում մարդկանցից վերջիններիս պարտադիր մեկուսացման դիմաց: Հունաստանում և Բոսնիայում և Հերցոգովինայում իշխանություններն հայտարարել են, որ միգրանտներին կարանտինի են ենթարկում ճամբարներում՝ կապված ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերի հետ, սակայն առողջությունը պաշտպանող նախազգուշական միջոցների բացակայության պայմաններում վիրուսը կարող է հեշտորեն տարածվել: Քաթարի կառավարությունը կարանտին է կիրառել արդյունաբերական մի տարածքում, որտեղ ապրում են բազմաթիվ միգրանտ աշխատողներ, սակայն խոստացել է կանոնավոր թեստավորում և մշտադիտարկում իրականացնել և ապահովել նրանց աշխատավարձերի վճարումը:

 

  • Ձեր կառավարությունը փորձո՞ւմ է վերացնել առողջապահական ծառայությունների ստացման խոչընդոտներն աղքատության մեջ ապրող մարդկանց համար և պատմության ընթացքում արտամղված (մարգինալացված) այլ խմբերի համար, որոնց թվում են լեզբուհի, գեյ, երկսեռական և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և տեղաբնիկների համայնքները:
  • Ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է առողջապահական ծառայությունների անվտանգ հասանելիությունն այն մարդկանց համար երաշխավորելու ուղղությամբ, ովքեր խուսափում են բուժօգնությունից, քանի որ խուսափում են ներգաղթի վերաբերյալ իրավական պահանջների՝ իրենց նկատմամբ կիրարկումից և հնարավոր պատասխանատվությունից:

 

Առողջապահական ծառայությունների ստացման խոչընդոտները վերացնելու համար Պակիստանում կառավարության պաշտոնատար անձանցից մեկն հրապարակավ խոստացել է օգնել տրանսգենդեր անձանց: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պարզաբանել է, որ ԿՈՎԻԴ-19-ի պարագայում կիրառելի չէ խնդրահարույց այն նոր կանոնը, որը հանրային նպաստներ ստացած միգրանտներին արգելում է մշտական կացության կարգավիճակ ստանալ: Մալդիվներում կառավարությունը ԿՈՎԻԴ-19-ի նոր բուժհաստատություն է ստեղծել այն միգրանտ աշխատողների համար, որում չի պահանջվում ներկայացնել աշխատելու պաշտոնական թույլտվությունը: Մալազիայում իշխանությունները խոստացել են չձերբակալել փաստաթղթեր չունեցող այն միգրանտներին և փախստականներին, ովքեր նախկինում կրոնական հավաքի ընթացքում կարող են շփված լինել վարակակիր անձանց հետ՝ պայմանով, որ նրանք հոժարակամորեն ներկայանան թեստավորման: Լիբանանում, ի հակադրություն, սիրիացի փախստականների համար ներդրվել են տեղաշարժի ազատության սահմանափակումներ և պարետային ժամ: Նիգերիայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են շղթաներով գամված պահվել գերբնակեցված հաստատություններում:

 

  • Թեստավորման միջոցները և արհեստական օդափոխության սարքերը տեղաբաշխվո՞ւմ են սոցիալապես արդար կերպով:

 

Եվրոպական միությունը մարտի կեսերին հայտարարել է, որ բժշկական սարքավորումների տարածաշրջանային նոր «պահեստ» կստեղծի, որը կներառի արհեստական օդափոխության սարքեր և պատվաստանյութեր: Աֆրիկյան միությունը խոստացել է թեստավորման միջոցները և սարքավորումները հավասարապես բաժանել բոլոր պետությունների միջև՝ չնայած որ վերջիններիս կարիքները տարբեր են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Սիրիայի կառավարությանը տրամադրված թեստերն արդար կերպով չեն բաշխվել այն տարածքներում, որոնք վերահսկվում են ընդդիմության կողմից: Տեղաբնիկների որոշ խմբեր, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրում են արգելոցների (ռեզերվացիաների) տարածքներում, բուժօգնությունը ստանում են առողջապահական զուգահեռ համակարգի միջոցով, որում ԿՈՎԻԴ-19-ի թեստավորում կատարելու կարողությունները սահմանափակ են: Իսրայելի կողմից արգելափակված Գազայում բնակվող երկու միլիոն պաղեստինցիների դեպքում ճգնաժամին հակազդելու հնարավորությունը խոչընդոտվում է՝ պայմանավորված բժշկական պարագաների ներմուծման սահմանափակումներով և տարանցիկ փոխադրման թույլտվությունների մերժումներով: Մյանմայի ճամբարներում ապրող ներքին տեղահանվածների՝ ռոհինջաներին, ում համար սահմանափակ է առողջապահական ծառայությունների հասանելիությունը, իշխանությունների թույլտվությունն է անհրաժեշտ ճամբարից դուրս հրատապ բուժօգնություն ստանալու համար: Դասակարգման այն պրոտոկոլները, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք արհեստական օդափոխության սարքերի սպասողների հերթում ավելի ցածր հորիզոնական են զբաղեցնում, ԱՄՆ-ի կառավարությանը դրդել են հայտարարությամբ հանդես գալ՝ զգուշացնելով, որ նման «անողոք օգտապաշտությունն» անընդունելի է:

 

  • Ձեր կառավարությունը դադարեցրե՞լ է միջազգային առևտրի այն սահմանափակումների կիրարկումը, որոնք սահմանափակում են առողջապահական ծառայությունների և պարագաների հասանելիությունը:

 

Միավորված ազգերի կազմակերպությունն հորդորել է վերացնել ոլորտային պատժամիջոցները՝ նշելով, որ «մեկ պետության տարածքում ծավալվող առողջապահական ջանքերին խոչընդոտելը մեծացնում է ռիսկը բոլորի համար», ինչի ակնհայտ օրինակ է Իրանը, որտեղ ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու՝ երկրի կարողությունները խաթարված են եղել հենց այդպիսի գործոնների պատճառով:

 

Բժիշկների և առաջնագծում աշխատողների պաշտպանությունը

 

  • Բուժաշխատողներին տրամադրվո՞ւմ են համարժեք պաշտպանիչ պարագաներ:
  • Կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է բուժաշխատողներին վրեժխնդրությունից պաշտպանելու ուղղությամբ այն դեպքում, երբ ենթադրվում է, թե նրանք չեն կարողացել չեզոքացնել վիրուսով վարակվելու վտանգը:

 

Առաջնագծում պայքարող բուժաշխատողները, որոնց 70 տոկոսը կանայք են, տաժանակիր աշխատանքային ժամանակացույցով են աշխատում, ինչի պատճառով ավելանում են վարակման և մասնագիտական գերհոգնածության ռիսկերը: Իտալիայի կարմիր խաչը թեժ գիծ է կազմակերպել հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող բուժաշխատողների համար: Միացյալ Թագավորությունում բժիշկները բողոքում են այն մասին, որ բժիշկների վրա ճնշումներ կան, որպեսզի նրանք չբարձրաձայնեն խնդիրները: Պակիստանում բժիշկներ են ձերբակալվել պաշտպանիչ պարագաների անբավարարության կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպելու համար: Իտալիայում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և բազմաթիվ այլ պետություններում առողջապահական ոլորտի աշխատողները պատշպանիչ պարագաների սուր անբավարարության խնդիրների են բախվել: Բազմաթիվ վայրերում քաղաքացիներից կազմված տարբեր խմբեր ձեռագործ դիմակներ և պաշտպանիչ խալաթներ են սկսել պատրաստել: Հնդկաստանում, Մյանմայում և Միացյալ Թագավորությունում տների սեփականատերերը բժիշկների և բուժքույրերի են տներից վտարել այն պատճառով, որ նրանք կարող են վարակակիր լինել: Հնդկաստանի կառավարությունը սպառնացել է մեղադրանք առաջադրել նման սեփականատերերին:

 

  • Տնտեսվարողները և կառավարություններն ապահովո՞ւմ են ԿՈՎԻԴ-19-ից համարժեք պաշտպանության և թեստավորման ծառայությունների հասանելիությունն այն աշխատողների համար, ովքեր աշխատում են կենսականորեն կարևոր ոլորտներում, օրինակ՝ զանգվածային տրանսպորտի բնագավառում, մթերային խանութներում, առաքման ծառայություններում, պահեստներում, ազատազրկման վայրերում և տնային խնամքի ծառայություններում:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Whole Foods», «Instacart» և «Amazon» ընկերությունների աշխատողները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով անհատական պաշտպանիչ միջոցներ և վտանգավոր պայմաններում աշխատանքի համար նախատեսված հավելավճարներ: Ազատազրկման վայրերի և բանտերի աշխատողները և արհեստակցական միություններն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում նույնպես լրացուցիչ անհատական պաշտպանիչ միջոցներ և թեստավորում են պահանջել:

 

Ազատազրկված անձինք՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում գտնվող Լա Մոդելո բանտի ներսից, 22-ը մարտի, 2020 թվական: 23 բանտարկյալներ սպանվեցին, ևս 83-ը մարմնական վնասվածքներ ստացան այդ բանտում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, որոնք կապված էին հակասանիտարական պայմանների, ջրի բացակայության, գերբնակեցվածության և իրենց ԿՈՎԻԴ-19-ից պաշտպանող միջոցների անբավարարության հետ:

 

 

Ռիսկերի նվազեցումն ազատազրկման վայրերում և բանտերում

 

  • Գերբնակեցման խնդիրը մեղմելու և «սոցիալական հեռավորությունը» հնարավոր դարձնելու նպատակով Ձեր կառավարությունը նվազեցնո՞ւմ է բանտերում և ազատազրկման այլ վայրերում պահվող անձանց և ազատությունից զրկված ներգաղթյալների թիվը:

 

ՄԱԿ-ի Խոշտանգման կանխարգելման հանձնաժողովը կառավարություններին հորդորել է «նվազեցնել բանտերում պահվող անձանց թիվը … այնտեղ, որտեղ դա հնարավոր է՝ իրագործելով պայմանական, վաղաժամկետ կամ ժամանակավոր ազատման ծրագրեր»:

 

Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Իրանում, Իտալիայում, Պերուում, Թայլանդում և Վենեսուելայում բանտերում և ազատազրկման այլ վայրերում պահվող անձինք բողոքի ցույցեր են կազմակերպել գերբնակեցման և սանիտարահիգիենիկ անմխիթար պայմանների դեմ, որոնց պատճառով նրանք ԿՈՎԻԴ-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկ են կրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուղենիշներ է հրապարակել՝ օգնելու համար, որպեսզի բանտերը և ազատազրկման այլ վայրերը նախապատրաստվեն համավարակին, սակայն այդ ուղենիշների չափանիշներն ազատությունից զրկված ներգաղթյալների պահման վայրերից շատ քչերում են պահպանվում, այդ թվում՝ Ավստրալիայում, Կանադայում, Եվրոպայում, Պարսից ծոցի երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ազատազրկված անձինք ստիպված են եղել հացադուլի դիմել, որպեսզի օճառ ստանան:

 

Աֆղանստանում, Ֆրանսիայում, Ինդոնեզիայում, Իրանում, Իտալիայում, Հորդանանում, Քենիայում, Պակիստանում, Լեհաստանում, Սուդանում և Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ նահանգներում որոշ բանտարկյալներ ազատ են արձակվել՝ բանտերի գերբնակեցումը թեթևացնելու նպատակով: Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավական վիճարկումների արդյունքում որոշ անձինք շահել են դատական կարգով և ազատ արձակվել ազատությունից զրկված ներգաղթյալների պահման վայրերից: Բելգիայում, Նիդեռլանդներում, Սաուդյան Արաբիայում և Իսպանիայում նույնպես սահմանափակ թվով անձինք ազատ են արձակվել ազատությունից զրկված ներգաղթյալների պահման վայրերից:

 

  • Ձեր կառավարությունն ազատ արձակո՞ւմ է այն անձանց, ովքեր չպետք է ազատությունից զրկված լինեն՝ ներառյալ նախնական կալանքի տակ պահվող անձանց մեծ մասին, ոչ մեծ ծանրության իրավախախտումների համար պահվող անձանց, դեռևս մեղադրանք չառաջադրված ազատազրկվածներին և ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված անչափահասներին:
  • Իշխանությունները դիտարկո՞ւմ են վիրուսի պատճառով ծանր հիվանդություններով հիվանդանալու ավելի մեծ ռիսկի ենթակա բանտարկյալներին ազատելու նպատակահարմարությունը՝ ներառյալ, մասնավորապես, տարեցներին, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և հղի կանանց:

 

Չիլիում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կդիտարկեն ազատությունից զրկված տարեց անձանց ազատ արձակելու նպատակահարմարությունը: Արգենտինայում առողջական ավելի բարձր ռիսկեր կրող անձինք դիտարկվել են որպես ազատազրկումն այլընտրանքային միջոցով փոխարինելու թեկնածուներ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում որոշ հղի կանայք են ազատ արձակվել: Բրազիլիան ազատ է արձակում ոչ բռնի հանցագործությունների համար ազատությունից զրկված երեխաներին: Հորդանանն ազատ է արձակել որոշ անձանց նախնական կալանքից: Ռուսաստանում Մոսկվայի իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք ասել են, որ կմիջնորդեն, որպեսզի նախնական կալանքը փոխարինվի այլընտրանքային միջոցներով: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դաշնային համակարգից ազատ արձակելու մասին որոշումները կայացվում են խտրականություն պարունակող ալգորիթմի կիրառությամբ, որը ռասայական և դասակարգային կողմնակալության դրսևորումներ է ունեցել:

 

  • Ձեր կառավարությունն ազատ արձակե՞լ է քաղաքական բանտարկյալներին և անարդար կամ կամայական կերպով ազատությունից զրկված այլ անձանց՝ ներառյալ իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքական ակտիվիստներին:

 

Բահրեյնը, Եգիպտոսը և Իրանն ազատ են արձակել որոշ քաղաքական բանտարկյալների և ազատությունից զրկված ընդդիմացիր քաղաքական գործիչների, սակայն բանտում են թողել ազատությունից զրկված այլ հայտնի անձանց: Թուրքիան ակնկալում է օրենք ընդունել, որով ազատ կարձակվեն ազատազրկված բազմաթիվ անձինք, բայց ազատ արձակվողների ցանկը չի ներառի ազատությունից զրկված լրագրողներին, մարդու իրավունքների ակտիվիստներին և քաղաքական բանտարկյալներին, ովքեր ազատազրկված են պահվում ահաբեկչության շինծու մեղադրանքով: Քաղաքական բանտարկյալները շարունակում են ճաղերի հետևում մնալ Ղրղզստանում, Մյանմայում և բազմաթիվ այլ երկրներում: Կամբոջայում, Կամերունում, Լիբիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում և Եմենում ազատությունից կամայականորեն զրկված անձանց ազատումն այժմ էլ ավելի հրատապ է՝ հաշվի առնելով ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված ռիսկը: Չինաստանը նույնպես պետք է անհապաղ վերջ դնի Չինյանում թյուրքական մահմեդականների զանգվածային կալանման պրակտիկային:

 

  • Ձեր կառավարությունը ոստիկանական ուժերին կարգադրե՞լ է ազատազրկման գերբնակեցված վայրերի լրացուցիչ ծանրաբեռնումից խուսափելու համար դադարեցնել ձերբակալել սեռական աշխատանք կատարող, թմրադեղերի հետ կապված ոչ բռնի հանցագործություններ կատարող, «բարոյականության հանցագործությունների» համար ձերբակալված և այլ անձանց և նրանց, ովքեր չպետք է քրեական պատժի ենթարկվեն:

 

Ուգանդան, որը քրեականացնում է նույնասեռականությունը, մարտի վերջերին ձերբակալել է ապաստարանում գտնվող ԼԳԲՏ երիտասարդերին: Ոստիկանական որոշ ծառայություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ քաղաքներում, այդ թվում՝ Մայամիում, Ֆիլադելֆիայում, Ֆենիքսում և Տաքսոնում, հայտարարել են, որ անձանց չեն ձերբակալի «ոչ ծանր» իրավախախտումների համար, ինչպիսիք են թմրադեղերի հետ կապված իրավախախտումները և սեռական աշխատանքը: Նահանգի դատախազը Բալթիմորում հայտարարել է, որ նման իրավախախտումների համար մեղադրանք չի առաջադրի: Այնուամենայնիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ այլ քաղաքներում, օրինակ՝ Նոր Օռլեանում, շարունակում են մարդկանց ձերբակալել ոչ մեծ ծանրության իրավախախտումների համար:

 

Ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության բարելավումը

 

  • Ձեր կառավարությունը մարդասիրական չափանիշների լավագույն գործելակերպին հետևո՞ւմ է արդյոք իր տարածքում փախստականներին, ապաստան հայցողներին, ներքին տեղահանված անձանց և միգրանտներին ցուցաբերվող օժանդակությունն ուղղորդելու նպատակով:

 

Այն պետություններում, որտեղ փախստականները, միգրանտները, ապաստան հայցողները և ներքին տեղահանված անձինք ապրում են ճամբարներում, մասնավորապես՝ Բանգլադեշում, Լիբանանում, Մյանմայում, Նիգերիայում, Սուդանում և Հարավային Սուդանում, ԿՈՎԻԴ-19-ի աղետալի բռնկումների ռիսկը բարձր է՝ պայմանավորված գերբնակեցմամբ, սանիտարահիգիենիկ անմխիթար պայմաններով և առողջապահական ծառայությունների անբավարարությամբ: Իտալիայում տասնյակ հազարավոր ապաստան հայցողներ են ապրում խոշոր ընդունարան-կենտրոններում, որտեղ հաճախ բնակվում են ընդհանուր սենյակներում և օգտվում են ընդհանուր ճաշարաններից: Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությունը՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, աշխատում է փախստականների հետ՝ հիգիենայի վերաբերող կարևորագույն տեղեկությունների տարածման ուղղությամբ: Հունաստանը 14-օրյա կարանտին է կիրառել Աթենքի մոտակայքում գտնվող ճամբարում, որտեղ ԿՈՎԻԴ-19-ի տասնյակ դեպքեր են արձանագրվել: «Human Rights Watch»-ի կառավարությանը հորդորել է մարդկանց դուրս բերել Հունաստանի կղզիներու գործող գերբնակեցված ճամբարներից՝ առաջնահերթ համարելով ավելի մեծ ռիսկի ենթակա անձանց: Միավորված ազգերի կազմակերպությունը 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն է փորձում հայթայթել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում աղքատ պետություններին օգնելու համար, որոնցից շատերում մեծաթիվ փախստականներ են բնակվում:

 

  • Ձեր կառավարությունը նախաձեռնողաբար քայլեր ձեռնարկո՞ւմ է բոլոր անձանց համար մաքուր ջրի անխափան հասանելիությունը երաշխավորելու ուղղությամբ, մասնավորապես՝ կասեցնելով ջրի անջատումների պրակտիկան:

 

Հիգիենայի պատշաճ գործելակերպը, մասնավորապես՝ ձեռքերը լվալը, հույժ կարևոր է հանրային առողջությունը պաշտպանելու և վիրուսին արձագանքելու համար: Լիբերիայում, Քենիայում և Ինդոնեզիայում ձեռքերի լվացման կայաններ են տեղադրվել քաղաքային բնակավայրերում: Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովը կոչ է արել «երկարացնել ջրի կոմունալ վարձերի վճարման ժամկետը»: Իսպանիան և Արգենտինան երաշխավորել են, որ ջրամատակարումը չի անջատվի: ճապոնիան և Կոսովոն հետաձգել են ջրի կոմունալ վարձերի վճարումը: Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների հարցերով 10 անկախ փորձագետներն հայտարարել են, որ հույժ կարևոր է, որպեսզի կառավարությունները «ճգնաժամի ընթացքում ջուրն անվճար մատակարարեն աղքատ մարդկանց»: Բոլիվիայում կառավարությունը փոխհատուցում է ջրի կոմունալ վարձերի 50 տոկոսը: Բահրեյնն ամբողջությամբ է փոխհատուցում ջրի կոմունալ վարձերը: Հարավային Աֆրիկայում ազգային կառավարությունն համայնքապետարաններին կոչ է արել կասեցնել չվճարման հիմքով ջրամատակարարումը դադարեցնելու պրակտիկան, ինչպես նաև ջրատար մեքենաներով ջուր է բաժանում ոչ ֆորմալ բնակավայրերում և կարիք ունեցող այլ համայնքներում: Հյուսիս-արևելյան Սիրիայում Թուրքիայի իշխանությունների կողմից ջրամատակարարման հաճախակի արգելափակումների պատճառով մարդիկ, պայմանավորված ձեռքերը պատշաճ կերպով լվանալու անհնարինությամբ, հայտնվել են ռիսկի դաշտում:

 

Օգնությունը՝ սահմաններից անդին

 

  • Ձեր կառավարությունը մասնակցո՞ւմ է ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում այլ պետություններին օգնելու նպատակով դրամական միջոցներ հայթայթելու և տրամադրելու միջազգային ջանքերին:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրոպական միությունը, Համաշխարհային բանկը և Աֆրիկյան զարգացման բանկը վերջերս արտակարգ իրավիճակի ֆինանսավորման փաթեթներ են հաստատել՝ ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում զարգացող պետություններին աջակցելու նպատակով: Ռուսաստանը բժշկական որոշ պարագաներ է տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին շուկայականից ցածր արժեքով: Չինաստանի կառավարությունը թեստավորման պարագաներ է բաժանել աշխարհի տարբեր մասերում, թեպետ ստացողներից որոշները ստիպված են եղել հետ կանչել խոտանված թեստերը և դիմակները: Միջազգային գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ հայտարարություններ են տարածել մարդասիրական օգնության ջանքեր իրագործելու մասին:

 

Ճգնաժամի իրավունքահեն կառավարումը

 

Արտակարգ իրավիճակի լիազորությունների գործադրումը և պայքարն անվտանգության ուժերի կողմից չարաշահումների դեմ

 

  • Արտակարգ իրավիճակի լիազորությունների գործադրումն արդյո՞ք օրինական է, անհրաժեշտ և համաչափ:
  • Արտակարգ իրավիճակի լիազորությունները ժամկետային սահմանափակում ունե՞ն, նախատեսվա՞ծ են օրենսդրությամբ, ենթակա՞ են դատական վերահսկողության:
  • Ձեր կառավարությունը որևէ դերոգացիաների (մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման) մասին հայտնե՞լ է միջազգային պայմանագրերի համապատասխան մարմիններին:

 

Առնվազն 84 պետություններ արտակարգ իրավիճակի քաղաքականություն և միջոցառումներ են որդեգրել ԿՈՎԻԴ-19-ի ճգնաժամի կապակցությամբ, սակայն Միավորված ազգերի կազմակերպությանն ուղարկված և հրապարակված ծանուցումների համաձայն՝ ապրիլի 15-ի դրությամբ ընդամենը 11 պետություններ են Միավորված ազգերի կազմակերպությանը պաշտոնապես տեղեկացրել դերոգացիաների (մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման) մասին: Բոլիվիան, Ֆրանսիան և Մարոկկոն «առողջապահական» արտակարգ իրավիճակ են կիրառել՝ միջազգային պայմանագրերի համապատասխան մարմիններին պաշտոնապես չծանուցելով իրենց դերոգացիների մասին: Որոշ պետություններ, այդ թվում՝ Արգենտինան, Եթովպիան և Պորտուգալիան, հստակ վերջնաժամկետներ են սահմանել արտակարգ իրավիճակի լիազորությունների դադարեցման համար՝ թույլատրելով ժամկետների երկարացման շուրջ քննարկումները և բանավեճերը: Հունգարիան ընդունել է, իսկ Կամբոջան թերևս շուտով կընդունի արտակարգ իրավիճակի մասին օրենք, որը կառավարությանն անսահմանափակ լիազորություններ կվերապահի անորոշ ժամկետով: Իսրայելում Կնեսետի գործունեությունը փաստացի կասեցնելու փորձը քննադատության արժանացավ՝ որպես իշխանության չարաշահում: Թայլանդում և Բոլիվիայում արտակարգ իրավիճակի մասին նոր օրենքները և իրավական այլ ակտերն ըստ երևույթին թույլատրում են լայն գրաքննությունը՝ սասանելով խոսքի ազատությունը: Միացյալ Թագավորության կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի մասին օրենսդրությունը թուլացնում է հոգեկան առողջության խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունից զրկելու բացառման երաշխիքները և սահմանափակում է տարեցներին հասանելիք սոցիալական խնամքի ծառայությունները:

 

  • Եթե պետության անվտանգության ուժերն են կիրարկում «սոցիալական հեռավորությունը պահպանելու» պահանջները, կամ եթե նրանք են մատակարարում բժշկական պարագաները, ապա պաշտոնատար անձինք քայլեր ձեռնարկո՞ւմ են, որպեսզի կանխեն չարաշահումները և հաշվետվողականություն պահանջեն պաշտոնատար անձանցից:

 

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ֆրանսիայում, Քենիայում, Ֆիլիպիններում, Հարավային Աֆրիկայում և Ուգանդայում քննադատության են արժանացել այն դեպքերը, երբ ոստիկանությունը խախտել է պարետային ժամի կամ տանը մնալու կարգադրությունների պահանջները չպահպանող անձանց նկատմամբ: Պանամայում տրանսգենդեր մի կին է կալանավորվել «կանանց համար» նախատեսված օրվա ընթացքում (դա հատուկ ծրագիր է, որը կանանց և տղամարդկանց թույլ է տալիս տնից դուրս գալ հերթով, երբ մեկ օրը կանանց համար է, մյուսը՝ տղամարդկանց) տնից դուրս գալու համար: Ուգանդայում, որտեղ ոստիկանական չարաշահման միջադեպի շրջանակում կանանց ստիպել են մերկանալ, և Հարավային Աֆրիկայում, որտեղ երեխաներ են վնասվել, երբ իր տան դիմաց կրակոցներ են արձակվել մի տղամարդու ուղղությամբ, իշխանությունները խոստացել են քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկել մեղավոր պաշտոնատար անձանց:

 

Այլ իրավունքների զոհաբերությունից խուսափելը

 

  • Ձեր կառավարության կողմից վերահսկողության թվային տեխնոլոգիաների միջոցով համավարակին հակազդելու միջոցառումները բավականաչափ նե՞ղ են սահմանված, որպեսզի պաշտպանված լինեն անձնական կյանքի իրավունքը, հավաքների ազատության իրավունքը և ազատորեն արտահայտվելու իրավունքը:
  • Կիրառվող տեխնոլոգիաներնն համապատասխանո՞ւմ են թվային վերահսկողության այն ութ պայմաններին, որոնք շարադրվել են քաղաքացիական հասարակության ավելի քան 100 խմբերի կողմից ապրիլին:

 

Թվային վերահսկողությունը կիրառվում է կոնտակտների շրջանակը պարզելու, կարանտինի պահաջները կիրարկելու, վիրուսի տարածման հնարավոր ընդհանուր միտումները վերհանելու կամ «սոցիալական հեռավորությունը պահպանելու» պահանջի արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ ի թիվս այլ նպատակների: ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը թվային վերահսկողության միջոցառումներ են կիրառում, որոնք վտանգում են անհատների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, ազատորեն արտահայտվելու իրավունքը և հավաքների ազատության իրավունքը: Հայաստանը և Իսրայելն համընդգրկուն օրենքներ են ընդունել, որոնք վտանգում են անձնական կյանքի գաղտնիությունը՝ հեռահաղորդակցության ընկերություններից պահանջելով հեռախոսազանգերի պատմությունը և տեղորոշման տվյալները տրամադրել իշխանություններին: Հարավային Կորեայում նոր իրավական կարգավորումներն իշխանություններին թույլ են տալիս անձանց տեղաշարժի մասին անանունացված տեղեկություններ տրամադրել հանրության լայն շրջանակներին, սակայն դրանցու կատարված լրացումներով նախատեսվել են այնպիսի մանրամասներ, որ մարդիկ սկսել են անհանգստանալ իրենց անձնական կյանքի գաղտնիության խախտման վտանգների մասին: Թեպետ տվյալների պաշտպանության երաշխիքները յուրաքանչյուր իրավիճակում տարբերվում են, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, Լեհաստանը, Սինգապուրը, Միացյալ Թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես ուսումնասիրում են այդ հնարավորությունը կամ արդեն իսկ օգտագործում են բջջային հեռախոսի միջոցով տեղորոշման տվյալները կամ դեմքի ճանաչման ծրագրերը:

 

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ պետական կառավարման համակարգում տվյալների պահպանության արդյունավետ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի տարբեր սուբյեկտները «պարզապես չօգտվեն ճգնաժամային իրավիճակից՝ մարդու իրավունքները խախտելու կամ զանգվածային վերահսկողության համակարգեր ներդնելու համար»: Ավելի քան 100 անկախ խմբերի կողմից ձևակերպվել են վերահսկողության տեխնոլոգիաների կիրառության 8 պայմանները: Տեխնոլոգիայի օգտագործման գործընթացների հոժարակամ և մասնակցային բնույթը Թայվանում փարատել է որոշ մտավախություններ: Անանուն, շիֆրավորված «Bluetooth» տեխնոլոգիայի կամավոր և ապակենտրոացված կիրառության միջոցով ֆիզիկական հեռավորությունը վերահսկելու մոտեցումներն համարվում են ավելի չափավոր և անձնական կյանքի գաղտնիությունն երաշխավորող մոտեցումներ:

 

  • Ձեր կառավարությունը փակո՞ւմ է սահմանները, մարդկանց թույլ տալի՞ս է ապաստանի դիմումներ ներկայացնել:

 

Բրազիլիան, Հունգարիան և Ուգանդան փակել են իրենց սահմանները նրանց առջև, ովքեր ցանկանում են ապաստանի դիմումներ ներկայացնել: Ամերիկայի Միացյալ Նահագներում խմբերով հետ է վերադարձնում այն անձանց, ովքեր ապօրինաբար հատում են իր սահմանները՝ նրանց թույլ չտալով ապաստանի դիմումներ ներկայացնել: Կանադան ժամանակավորապես փակել է իր հարավային սահմանը, ինչի արդյունքում ապաստան հայցողները վերադարձել են Ամերիկայի Միացյալ Նահագներ: Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը պարզաբանել է, որ ԿՈՎԻԴ-19-ը չի կարող նման միջոցառումների հիմնավորում համարվել: Թեպետ Հունաստանը ժամանակավորապես մեկ ամսով կասեցրել է ապաստանի դիմումների ընդունումը, ապրիլին այդ արգելքը վերացվել է: Եվրոպական հանձնաժողովն հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին սահմանների ժամանակավոր փակումը չպետք է տարածվի միջազգային պաշտպանության կարիք ունեցող կամ մարդասիրական այլ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Այնուամենայնիվ, Իտալիան ԿՈՎԻԴ-19-ը մեջբերելով որոշում է ընդունել՝ դադարեցնելով որոնողական և փրկարարական օպերացիաներն իր նավահանգիստներում:

 

  • Ձեր կառավարությունն ապահովո՞ւմ է, որպեսզի տեղաշարժի ազատության սահմանափակումները և «ոչ կենսական» բժշկական գործողությունների արգելքները չսահմանափակեն հղիության արհեստական ընդհատման ծառայություններ ստանալու իրավունքը:
  • Հակաբեղմնավորիչ պարագաները և ծառայությունները և ծննդօգննության համարժեք ծառայությունները շարունակո՞ւմ են գործել և հասանելի մնալ:

 

Ամերիկայի Միացյալ Նահագներում որոշ նահանգների կառավարություններ հայտարարել են, որ հղիության արհեստական ընդհատումը կենսական վիրահատություն չէ, ուստի՝ չպետք է կատարվի համավարակի ընթացքում. դա սեռական և վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական երաշխիքների խախտում է: Իռլանդիան թույլատրել է հղիության արհեստական ընդհատումից առաջ խորհրդատվությունը կատարել հեռաբժշկության միջոցով: Միացյալ Թագավորության ներսում Անգլիայի և Շոտլանդիայի առողջապահական իրավասու մարմինները կարանտինի ընթացքում թույլատրել են հղիության վաղ շրջանում արհեստական ընդհատման հաբի ընդունումը տնային պայմաններում, սակայն Հյուսիսային Իռլանդիայում կանայք շարունակում են մնալ խիստ սահմանափակող իրավիճակու: Ֆրանսիայում սենատորներն արգելափակել են հղիության արհեստական ընդհատման թույլատրելիության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, որով հնարավոր կլիներ ապահովել հղիության արհեստական ընդհատման հասանելիությունը տեղաշարժի ազատության սահմանափակումների վերացումից հետո: Իտալիայի հիվանդանոցները գնալով ավելի հաճախ են հղիության արհեստական ընդհատումը դիտարկում որպես «հետաձգելի» պրոցեդուրաներ և հետաձգում դրանք:

 

Հաշվի առնելով մատակարարման շղթաների խափանումները՝ առողջապահական ծառայություններ մատուցողները Մյանմայում, Ուգանդայում, Զիմբաբվեում և բազմաթիվ այլ պետություններում մինչ օրս վերարտադրողական առողջության պարագաների և միջոցների պաշարների անբավարարության խնդիրներ ունեն: Երբ մասնավոր հիվանդանոցներն արգելեցին ծննդաբերող կանանց զուգընկերների ներկայությունը, հասարակական բողոքի ալիք բարձրացավ, որից հետո Նյու Յորքի նահանգապետն հիվանդանոցներին կարգադրեց թույլատրել ուղեկցողների ներկայությունը:

 

Տնտեսական հետևանքների մեղմումը

 

  • ԿՈՎԻԴ-19-ի տնտեսական վնասները մեղմելու՝ Ձեր կառավարության ծրագրերն հիմնվա՞ծ են բոլոր անձանց համար տնտեսական իրավունքների երաշխավորման սկզբունքի վրա՝ ներառյալ նրանց, ովքեր ստանում են ցածր եկամուտ, ձևակերպված չեն կամ աշխատում են ոչ ֆորմալ հատվածում:

 

Հնդկաստանում, Լիբանանում, Պակիստանում և Հարավային Աֆրիկայում տեղաշարժի ազատության սահմանափակումների բացասական հետևանքները կրել են հատկապես նրանք, ովքեր ցածր եկամուտ են վաստակում՝ աշխատելով ոչ ֆորմալ հատվածում: Միջին Արևելքում կենցաղային աշխատանք կատարողները կրում են ողջ օրվա ընթացքում աշխատել ստիպված լինելու ռիսկը: Եթե կառավարությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում չաջակցի աղքատ ընտանիքներին, ապա ակնկալվում է, որ կաճեն մանկական աշխատանքի և մանկական ամուսնության ցուցանիշները: Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական խթանների փաթեթից դուրս են մնացել ավելի քան 8 միլիոն աշխատող և հարկ վճարող անձինք, ովքեր փաստաթղթերով ձևակերպված չեն, իսկ հիվանդության արձակուրդի երաշխիքից շատ քիչ թվով աշխատողներ են օգտվում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոքր բիզնեսին առաջարկվող արտոնյալ վարկերից ուղղակիորեն իրավունք չունեն օգտվել այն անձինք, ովքեր եկամուտ են վաստակում «ցանկասեր սեռական դրսևորումների» միջոցով. դա նշանակում է, որ օրինական կարգով սեռական աշխատանք կատարող անձինք և թատերական ցուցադրությունների և պարի ոլորտում աշխատող անձինք չեն կարող աջակցություն ստանալ: Հնդկաստանում 1.7 տրիլիոն ռուփիի (22.5 միլիարդ ԱՄՆ դոլարի) հասնող մարդասիրական օգնության փաթեթի շրջանակում անվճար սնունդ է տրամադրվել և դրամական փոխանցումներ են կատարվել բնակչության աղքատ և խոցելի խմբերին, ինչպես նաև՝ ապահովագրություն է տրամադրվել առողջապահական ոլորտում աշխատողներին: Ուգանդան խոստացել է սննդամթերք բաժանել բնակչության նպաստներ ստացող խոցելի խմբերին՝ ներառյալ կրծքով կերակրող կանանց և օրավարձով աշխատողներին: Ռուանդան մայրաքաղաքում բնակվող 20,000 ընտանիքների խոստացել է «դռնեդուս» սնունդ բաժանել, սակայն թե՜ Ուգանդայում, թե՜ Ռուանդայում աղքատության մեջ ապրող բազմաթիվ այլ անձինք չեն կարողանա օգտվել նշված ծրագրերից:

 

  • Ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ կանխելու համար բավարար կացարանային պայմաններից մարդկանց զրկվելը:
  • Կառավարությունը ծառայություններ նախատեսո՞ւմ է այն միգրանտ աշխատողների համար, ում տներն հեռու են աշխատանքի վայրերից, ինչպես նաև անօթևանների և ոչ ֆորմալ ճամբարներում ապրող անձանց համար:

 

Գիտակցելով կացարանի ապահովման նշանակությունը ճգնաժամին հակազդելու գործում՝ Արգենտինան, Ավստրալիան, Իռլանդիան և բազմաթիվ այլ կառավարություններ հայտարարել են կացարանից վտարումը կասեցնող միջոցառումների մասին: Միացյալ Թագավորությունը և Հարավային Աֆրիկան խոստացել են, որ բոլոր անօթևան անձանց կացարան կտրամադրվի: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում երկրամասի կառավարությունը երիտասարդների նախկին հոսթելի դռները բացել է հարյուրավոր անօթևանների առաջ՝ վերջիններիս այդ կերպ թույլ տալով օգտվել լվացվելու հարմարություններից: Իտալիայում բազմաթիվ կոչեր են ուղղվում տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք կացարան և սանիտարական հարմարություններ տրամադրեն միգրանտ գյուղատնտեսական աշխատողներին, ովքեր բնակվում են հարմարեցված ժամանակավոր ճամբարներում: Հնդկաստանը խոստացել է աջակցություն տրամադրել նեպալցի հարյուրավոր միգրանտ աշխատողների, ովքեր սահմանամերձ տարածքներում են հայտնվել և փորձում են տուն գնալ:

 

  • Ձեր կառավարությունը լրացուցիչ օժանդակություն նախատեսո՞ւմ է այն աղքատ երեխաների համար, ովքեր կերակրվում էին դպրոցում:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «դուրս տարվող» կերակուրներ են տրամադրվում որոշ հանրակրթական դպրոցներում, իսկ գյուղական որոշ տարածաշրջաններում ներդրվել են փոստով սննդի առաքման հատուկ ծրագրեր: Միացյալ Թագավորությունը դպրոցական անվճար կերակուրները որոշ տարածաշրջաններում փոխարինում է սուպերմարկետի գնումների կտրոններով, որոշ վայրերում՝ «դուրս տարվող» կերակուրներով, իսկ որոշ տեղերում էլ՝ դրամական փոխանցումներով: Կապո Վերդեն հայտարարել է, որ մեկ ամիս շարունակ սննդային աջակցություն կտրամադրի ցածր եկամուտներ վաստակող ընտանիքներին և այն երեխաներին, ովքեր կերակրվում էին դպրոցական սննդի ծրագրի շրջանակում: Տեղաշարժի համազգային սահմանափակումների պայմաններում Հարավային Աֆրիկան դպրոցական սննդի ծրագրեր չի նախաձեռնել երեխաների համար:

 

  • Ձեր կառավարությունն աջակցո՞ւմ է կանանց, ովքեր դպրոցների փակման և տեղաշարժի սահմանափակումների պարագայում հավանաբար անհամամասնորեն ավելի շատ են կրում երեխաների խնամքի պարտականությունները:

 

Հաշվի առնելով, որ ավելի քան մեկ միլիարդ սովորողներ ներկայումս չեն հաճախում կրթական հաստատություններ, խնամքի լրացուցիչ պարտականություններ են թերևս ծագում կանանց համար, ովքեր մինչ դա էլ երեք անգամ ավելի շատ էին խնամքի աշխատանք կատարում, քան՝ տղամարդիկ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայում աշխատող տնտեսագետների խմբի կազմած նոր աշխատության մեջ կանխատեսվում է, որ ԿՈՎԻԴ-19-ը «անհամամասնորեն ավելի ծանր բացասական հետևանքներ կառաջացնի կանանց համար և նրանց աշխատանք գտնելու հնարավորությունների համար»: Ավստրալիայում կառավարությունն անվճար է դարձրել երեխայի խնամքի ծառայություններն աշխատող ծնողների համար: Ճապոնիան սուբսիդիաներ է հատկացրել ընկերություններին, որպեսզի նրանք վճարվող արձակուրդ տրամադրեն այն անձանց, ովքեր երեխաների խնամքի պարտականությունների պատճառով ի վիճակի չեն աշխատանքի ներկայանալ:

 

Ինչպես հակազդել «սոցիալական հեռավորությունը պահպանելու» պահանջի վնասակար հետևանքներին

 

Հոգեսոցիալական աջակցությունը

 

  • Ձեր կառավարությունն հոգեկան առողջության ծառայություններ հասանելի դարձնո՞ւմ է բնակչությանը՝ հաշվի առնելով «սոցիալական հեռավորությունը պահպանելու» պահանջի, ԿՈՎԻԴ-19-ի տնտեսական ազդեցության և սիրելիներին կորցնելու հոգեսոցիալական հետևանքները:

 

Նյու Յորք քաղաքը, որն համավարակի բռնկման էպիկենտրոնն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պարտավորվել է հեռախոսով հոգեսոցիալական անվճար խորհրդատվություն կազմակերպել քաղաքի բոլոր բնակիչների համար: Իտալիայում, որը համավարակի բռնկման էպիկենտրոնն է Եվրոպայում, կառավարությունը հոգեբանական աջակցության համերկրային ծրագիր է նախաձեռնել: Ավստրալիայում հայտարարվել է «կորոնավիրուսային բարեկեցության աջակցման հատուկ թեժ գիծ» ստեղծելու մասին:

 

Երեխաներ պետք է շարունակեն կրթություն ստանալ

 

  • Եթե Ձեր կառավարությունը փակել է դպրոցները, ապա քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ ապահովելու համար, որպեսզի բոլոր երեխաներ կարողանան շարունակել կրթությունը տնից:

 

Ավելի քան 1.5 միլիարդ սովորողներ, այսինքն՝ աշխարհում կրթական համակարգում ներգրավվածների ավելի քան 90 տոկոսը, առնվազն 188 պետություններում դպրոցների փակման պատճառով ներկայումս չեն հաճախում կրթական հաստատություններ: Ուսումնական ծրագիրը միմիայն առցանց իրականացնելու փոխարեն՝ Կանադայի որոշ մարզերն առաջադրանքների ֆիզիկական օրինակները փոստով ուղարկում են սովորողներին, որպեսզի վերջիններս կարողանան ստանալ դրանք՝ անգամ համակարգիչ չունենալու պարագայում: Իտալիան մարտի կեսերին 85 միլիոն եվրո է հատկացրել հեռավար կրթությանն աջակցելու համար, ներառյալ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի և սովորողների համակարգիչների համար:

 

  • Ձեր կառավարությունն հեռավար ուսուցման համակարգերն հասանելի դարձնո՞ւմ է այն խմբերին, որոնք պատմականորեն արտամղված (մարգինալացված) են եղել՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին:

 

Լիբանանի դպրոցները հաշմանդամություն ունեցող երեխաներին չեն հատկացրել ռեսուրսներ, որոնք նրանց թույլ կտային օգուտ քաղել հեռավար ուսուցումից: Արգենտինայում այդ սովորողների համար նախատեսված ծառայությունները ժամանակավորապես կասեցվել են՝ մինչև կարանտինի ժամկետի ավարտը:

 

Պայքարն ընտանիքում բռնության և փոքրամասնությունների նկատմամբ բռնության դրսևորումների դեմ

 

  • Պետական իշխանության մարմինները պայքարո՞ւմ են օտարատյաց և հակամիգրանտային ատելության խոսքի դեմ:

 

ԿՈՎԻԴ-19-ի հետ կապված խտրականության և ատելության հանցագործությունների թիրախում են հայտնվել ասիացիները Միջին Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օտարերկրացիները և սփյուռքից այցելողները՝ Կամերունում, երկրի հյուսիս-արևելքից այցելող հնդիկները՝ Հնդկաստանում, մահմեդականները՝ Կամբոջայում, և կրոնական աղանդի անդամները՝ Հարավային Կորեայում: Ամերիկայի Միացյալ Նահագներում հռետորաբանության կենտրոնում դրված՝ վիրուսի «չինական» կամ «վուհանական» լինելու պիտակավորումն համընկել է ասիացների դեմ ուղղված կողմնակալությամբ կատարվող գործողությունների կտրուկ աճի հետ: Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանը կորոնավիրուսը «զենք» է դարձրել՝ միգրանտների վրա հարձակվելու և օտարատյացության կրակին յուղ լցնելու համար:

 

  • Ձեր կառավարությունը ռեսուրսներ կենտրոնացնո՞ւմ է ընտանիքում բռնությունից տուժող անձանց օժանդակելու նպատակով:

 

Միավորված ազգերի կազմակերպության Կանանց գործակալությունը («UN Women») նախազգուշացրել է, որ տեղաշարժի ազատության սահմանափակումները կարող են ընտանիքում բռնության ցուցանիշի աճի հանգեցնել, ինչի ապացույցն են ընտանեկան բռնության ցուցանիշների կտրուկ աճը Բրազիլիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Քենիայում, Ղրղզստանում և Հարավային Աֆրիկայում: ԼԳԲՏ անձինք նույնպես նման բռնության ավելի մեծ ռիսկ են կրում: Ֆրանսիան մինչև 20,000 հյուրանոցային գիշերվա հաշվարկով գիշերակացի ծախսեր է փոխհատուցում բռնությունից տուժած կանանց համար: Ֆրանսիան անձանց հորդորում է առանց աղմուկ բարձրացնելու օգնության դիմել դեղատներում՝ այցելելով դեղատուն և ասելով հատուկ բառ, որի միջոցով անձը փաստորեն հայտնում է, որ ինքը գտնվում է բռնության վիճակում: Իտալիայում տեղական իշխանություններին իրավունք է վերապահվել՝ հյուրանոցային տեղեր պահանջել այն անձանց տրամադրելու համար, ովքեր փախուստի են դիմում ընտանիքում բռնությունից: Հնդկաստանի նահագներից մեկի կառավարությունն ընտանեկան բռնության հարցերով հատուկ թեժ գիծ է ստեղծել: Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը խորհուրդ է տվել առցանց զրույցի («chat») ծառայությունների և տեքստային ծառայությունների համակարգեր ստեղծել տուժողների համար:

 

Հաշվի առնելով, որ ուսուցիչներն հաճախ լավագույնս են ի վիճակի նկատել բռնության նշանները և պատշաճ միջամտության դիմել, երեխաների նկատմամբ բռնությունը կարող է աննկատ մնալ դպրոցների փակված լինելու պայմաններում: Գերմանիայում «ռիսկի ենթակա» երեխաների վիճակը կարող է նույն հաճախականությամբ չստուգվել երեխաների պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչների կողմից, քանի որ այդ ծառայությունները գործում են ոչ լրիվ ծավալով: ԿՈՎԻԴ-19-ի տարածման դեմ պայքարելու նպատակով տարեցների խնամքի որոշ տներ Ամերիկայի Միացյալ Նահագներում և Ավստրալիայում որդեգրել են այցելություններն արգելող քաղաքականություններ, սակայն այդ միջոցառումների պարագայում նվազել է նաև այն կարևոր վերահսկողությունը, որի միջոցով դրսից այցելողները կարող են նպաստել բռնության դրսևորումների հայտնաբերմանը:

 

Հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը՝ ԲՀՀ-Հայաստանի

Բնօրինակը՝ hrw.org

Դիտումներ՝ 698

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????