Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

COVID-19. Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն անում է հաջորդ հայտարարությունը

July 16, 2020

Գրադարան

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին սկզբունքների վերաբերյալ հայտարարությունից հետո և ազատազրկված անձանց հետ կապված միջոցառումների վերաբերյալ անդամ պետությունների կողմից ստացված պատասխանների լույսի ներքո՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) անում է հետևյալ հայտարարությունը. «ԽԿԿ-ն  ցանկանում է շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր անդամ պետություններից ստացված կառուցողական և մանրամասն գրավոր պատասխանների համար: Տրամադրված տեղեկություններից հետևում է, որ  շատ երկրներում արագ քայլեր են ձեռնարկվել՝ պաշտպանելու ազատազրկված անձանց հնարավոր վարակից և ներդնելու միջոցներ, որոնք կփոխհատուցեն հանրային առողջապահական պատճառներով սահմանված սահմանափակումները:

 

Մասնավորապես, անդամ պետություններից շատերը դիմում են անազատության  մեջ գտնվելու այլընտրանքային միջոցների՝ որպես այլընտրանք ձերբակալմանը, օրինակ՝ պատժի իրականացման կասեցում/հետաձգում, պայմանական ազատման, ժամանակավոր ազատման ավելի շատ կիրառում, բանտարկման փոխարինում տնային կալանքով կամ էլեկտրոնային մշտադիտարկման ավելի երկար կիրառում: Այս բնույթի միջոցառումները հստակ կարող են դրական ազդեցություն ունենալ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման  տարածված երևույթի վրա: Պատասխաններից շատերում նաև նշվում էր, որ ձեռնարկվել են քայլեր՝ հեշտացնելու ձերբակալված անձանց կապը արտաքին աշխարհի հետ՝ հակակշռելու հանրային առողջապահական պատճառներով սահմանված սահմանափակումներին: Այդպիսի միջոցառումներն  ընդգրկում են համացանցի միջոցով տեսազանգերի հասանելիության կամ հեռախոսի ավելի հաճախ և երկար հասանելիության ապահովում այնքան ժամանակ, որքան այցելություններն արգելված են: Ինչ վերաբերում է ներգաղթի հիմքով կալանքին՝ որոշ անդամ պետությունների փոխանցմամբ՝ կալանքի հրամանները կասեցվել են և/կամ ներգաղթի հիմքով կալանքի կենտրոնները ժամանակավորապես չեն գործում:

 

Ավելին՝ նշվում է, որ տարբեր տեսակի հաստատություններում, ընդունվելու պահին կատարվող բժշկական զննումն էականորեն բարելավվել է՝ հայտնաբերելու կալանքի տակ վերցված անձանց՝ COVID-19-ով վարակված լինելու հանգամանքը և ապահովելու նրանց այնպիսի բուժօգնություն, որը հարգում է բուժօգնության հավասարության սկզբունքը: Սա նաև վատ վերաբերմունքի ռիսկը նվազեցնելու կարևոր միջոց է՝ ժամանման պահին վնասվածքների ճշգրիտ գրանցման և պատշաճ հաղորդման միջոցով:

 

ԽԿԿ-ն հարկ է համարում ընգծել, որ շարունակվող ճգնաժամը ցույց է տալիս հստակ անհրաժեշտություն՝ մարդու իրավունքները դիտարկելու որպես առաջնահերթություն համավարակի համատեքստում որոշումների կայացման առումով և դրանից անդին: Անդամ պետությունների իշխանությունների կողմից ձեռնարկված յուրաքանչյուր միջոց պետք է հիմնված լինի բոլոր համապատասխան անձանց իրավունքների համատեքստում ունեցած հետևանքների մանրակրկիտ գնահատման վրա: Կարճ ասած՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է դառնա բոլոր պաշտոնատար անձանց ռեֆլեքսը:  

 

ԽԿԿ-ի տեսանկյունից՝ համավարակը ամենածանր հարվածը հասցրեց ազատազրկման այն վայրերում, որտեղ չէին իրականացվել Կոմիտեի կողմից նախկինում արված առաջարկությունները: Սա վերաբերում է ԽԿԿ-ի ամբողջ մանդատին. բանտերից մինչև սոցիալական խնամքի տներ, հոգեբուժարաններից մինչև ներգաղթի հիմքով կալանքի կենտրոններ: 

 

Ինչ վերաբերում է բանտարկյալների վիճակին՝ ԽԿԿ-ն այժմ ականատես է համավարակի ճգնաժամի, որը տեղի է ունենում տարբեր քրեական արդարադատության համակարգերում արդեն իսկ գոյություն ունեցող թերությունների ֆոնին: Անդամ պետությունների պատասխանը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ ԽԿԿ-ի առաջարկություններում տեղ գտած որոշ հարցերի շուրջ վճռական գործողություններ ձեռնարկվում են միայն հիմա՝ ճգնաժամի ռեժիմում:  Կոմիտեն հորդորում է բոլոր անդամ պետությունների համապատասխան իշխանություններին՝ առաջ շարժվել ռիսկերի կառավարումից դեպի համավարակի ստեղծած հնարավորությունների օգտագործում: Ժամանակավորապես գործի դրված որոշ արտակարգ միջոցառումներ պետք է լինեն կայուն: Սա, մասնավորապես, վերաբերում է գերբնակեցման երևույթին վերջ դնելու նպատակով ազատազրկման այլընտրանքների կիրառման աճին: Այս առումով անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր՝ նվազեցնելու կալանքի տակ վերցնելու մեթոդի կիրառումը և հնարավորինս չդիմել ներգաղթյալների ձերբակալմանը, ինչպես նաև շարունակել հոգեկան առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացումը:  

 

Կարևոր է, որ վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված ժամանակավոր սահմանափակումները վերացվեն, երբ դրանց անհրաժեշտությունն այլևս չլինի: Սա, մասնավորապես, վերաբերում է ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի դուրս գալու համար նախատեսված կարգավորումների սահմանափակումներին և նրանց հասանելի գործողությունների կրճատմանը:

 

Ի վերջո՝ ԽԿԿ-ն ցանկանում է նշել, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ազգային և միջազգային անկախ մարմինների կողմից ազատազրկման վայրերում մշտադիտարկումը որոշիչ նշանակություն ունի վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից: Նման մարմինների կողմից արված բացահայտումները մեծ օգնություն կարող են լինել անդամ պետություններին՝ ազատազրկված անձանց վրա իրենց քաղաքականությունների իրական ազդեցության գնահատման հարցում: Հետևաբար, Կոմիտեն ողջունում է այն փաստը, որ բազմաթիվ երկրներում Ազգային կանխարգելման մեխանիզմները և ազգային մշտադիտարկման այլ մարմինները վերսկսել են ազատազրկման վայրեր իրենց այցելությունները՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցներ՝ հետևելու «չվնասել» սկզբունքին: Կոմիտեն հույս ունի, որ այս դրական միտմանը հնարավորինս շուտ կսկսեն հետևել նաև Եվրոպայի այլ համապատասխան մարմինները:

 

Կոմիտեն վերջերս վերսկսել է այցելությունները և ակնկալում է, որ կկարողանա ուղղակիորեն դիտարկել այս դժվարին ժամանակաշրջանում ազատազրկված անձանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ անդամ պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները»: 

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

coe.int

Դիտումներ՝ 553

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????