Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ես շոկի մեջ էի, որ բոլորովին անվճար հնարավոր է հասնել խախտված իրավունքների վերականգնման»․ Արմեն Ղազախեցյան

July 27, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք

«Էնքա՜ն շնորհակալ եմ հորեղբորս, որ իրա խորհրդով դիմեցի ՀՔԱՎ գրասենյակ ու դատական գործս շահեցի: Հորեղբայրս վաղուց գիտեր Հելսինկյանի մասին, ճանաչում էր Արթուր Սաքունցին, ասեց, մենակ իրանք կարան քո գործը անեն, անպայման դիմի իրանց»,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց 39-ամյա վանաձորցի Արմեն Ղազախեցյանը: Մինչ այդ՝ դիմել է փաստաբանի, վճարել 80.000 դրամ: Կարճ ժամանակ անց, իր իսկ խոսքով՝ փորձառու փաստաբանը հրաժարվել է՝ ասելով, որ դատական գործը չի շահի: 

 

2019 թվականի մարտի 12-ին 2-րդ ամուսնությունից ծնվում է Արմեն Ղազախեցյանի  4-րդ երեխան՝ Լևոն Ղազախեցյանը: Նախորդ կնոջից նա ունի ևս 2 երեխա՝ տղա և աղջիկ: Նախորդ կնոջ հետ փոխադարձ համաձայնությամբ 14-ամյա տղան իր հետ է բնակվում, աղջիկը՝ մոր, սակայն չունեն դատական կարգով ամուսնալուծության  վկայական և անչափահաս երեխայի խնամքի մասին հավաստող փաստաթուղթ:

 

Հենց այս հանգամանքն էլ հիմք ընդունելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժինը մերժում է նրան՝ 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու հարցում: Վճարովի փաստաբանի ծառայությունից հրաժարվելուց և գումարը ետ պահանջելուց հետո, իրավական աջակցության նպատակով,  Արմեն Ղազախեցյանը դիմում է ՀՔԱՎ գրասենյակին:

 

«Երբ գնացի  Հելսինկյան գրասենյակ, մեծ հույսեր չունեի, բայց Սոֆյան ինձ հույս տվեց: Ես շոկի մեջ էի, որ ինքը բոլոր փաստաթղթերս անվճար քսերոքս արեց, մնացել էի զարմացած: Ասեց  ժամանակատար պրոցես կլինի, մի քիչ պետք ա սպասեմ,  բայց վստահ ասավ, որ գործը շահելու եմ: Արի ու տես, որ, փաստորեն,  էդքան փորձ չունեցող  իրավաբանն օգնեց ինձ՝ նպաստիս հարցում, իսկ  30 տարվա փորձով փաստաբանը, որի անունն ուղղակի  չեմ ուզում տամ, հրաժարվեց: Ասավ՝ մեկ ա՝ չես  շահի: Ու ես հաստատ էդ 80.000-ով չէի պրծնի, դրա կրկնակին պետք ա տայի, որ էս գործը շահեի, իսկ էս մարդիկ անվճար արեցին: Ուզում եմ, որ մենակ էս գրասենյակն աշխատի, որովհետև մարդկանց մատից փուշ ա հանում»: 

 

Նպաստի մերժման հիմքերի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղղված ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի գրության պատասխանից պարզ է դառնում, որ Արմեն Ղազախեցյանը սկզբում դիմել է 4-րդ երեխայի նպաստի տրամադրման հարցով, ինչը մերժվել է, որովհետև Արմեն Ղազախեցյանը սոցապահովության ծառայություն չի ներկայացրել նախորդ կնոջից աղջիկ երեխա ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ: 

 

Ա. Ղազախեցյանը նոր դիմում է ներկայացնում՝ այս անգամ 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման խնդրանքով: Նրան դարձյալ մերժում են՝ այս անգամ էլ պատճառաբանելով, որ նա պետք է ներկայացնի նախորդ կնոջից ամուսնալուծության և իր կողմից տղա երեխայի խնամքն իրականացնելը հավաստող փաստաթուղթ՝ սահմանված կարգով՝ համաձայն «Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու մասին Կառավարության 2014 թվականի 275-Ն որոշման:

 

«Ես ուզում եմ, որ Ձեր միջոցով սոցծառայության համակարգը մաքրվի: Էդ որ Նիկոլ Փաշինյանն ասում ա կոռուպցիա չկա, տենց չի», - ասում է Արմենը՝ նկատի ունենալով, որ նպաստի տրամադրման հարցում իրեն գումարի ակնարկ են արել: «Ասին՝ օրենք ա փոխվել, դատարանով բաժանված լինելու թուղթ պետք ա բերես, որը ես չունեի, էդ պատրվակով մերժեցին»:   

 

2019թ. վարչական հայցով Արմեն Ղազախեցյանը դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջով անվավեր ճանաչել  սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի որոշումներն ու բաժնին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Արմեն Ղազախեցյանին 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ տրամադրելու վերաբերյալ: 

 

Դատարանը, քննելով գործը, ուշադրության է արժանացրել մի շարք հանգամանքներ, որոնք էլ էական ազդեցություն են ունեցել վճռի ելքի վրա:

 

Գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և  օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

 

Սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժինն ստեղծել է խոչընդոտներ՝ Ա.Ղազախեցյանի կողմից իր 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստանալու իրավունքն իրացնելիս` կապված իր երեխայի փաստացի խնամքի իրականացումը հավաստող դատական համապատասխան ակտի ներկայացման պահանջի հետ: Նման պայմաններում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածով երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքը:


Ա. Ղազախեցյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նա չի ներկայացրել նախկին կնոջից ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը:

 

Դատարանը գտել է, որ «Պետական նպաստների մասին» օրենքը հստակ սահմանում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու՝ ծնողի իրավունքը, ինչպես նաև այն, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների և զավակների թիվը:  ՀՔԱՎ իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանի խոսքով՝ նման դեպքերում օրենքը ծնողին է դիտարկում, տարբերություն չդնելով երեխայի հայր ծնողի և մայր ծնողի միջև: «Եթե դիտարկենք հակառակը, այսինքն՝ եթե նման իրավիճակում հայտնվեր Ա. Ղազախեցյանի նախկին կինը, սոցիալական ապահովության ծառայությունը հաստատ նման փաստաթուղթ նրանից չէր պահանջելու, մինչդեռ Ա. Ղազախեցյանի դեպքում պահանջել է: Այսինքն, համաձայն օրենքի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը հաշվելիս պետք է հաշվի առնվեն նոր ծնված երեխայի ծնողների՝ թե հոր, թե մոր, բոլոր երեխաները, իսկ երեխայի հայր և մայր ծնողների միջև որևէ տարբերակում նախատեսված չէ:

 

Հարկ է նշել, որ նման գործերով Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ խտրական մոտեցում ենթադրող իրավիճակներում պետք է կարևորվի երեխայի լավագույն շահը, որովհետև երեխային հասանելիք գումարը՝ միանվագ նպաստի տեսքով, տրամադրվում է նորածին երեխային, ոչ թե ծնողին օժանդակելու համար, թեև երեխայի զարգացման ու խնամքի հիմնական պատասխանատուն ծնողներն են: Հենց այս լավագույն շահի սկզբունքով էլ պետք է ղեկավարվեն համապատասխան կառույցները՝ տվալ դեպքում՝ սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժինը:

 

2020 թվականի հուլիսի 16-ին Վարչական դատարանը վճռեց բավարարել Արմեն Ղազախեցյանի հայցը՝ անվավեր ճանաչելով սոցծառայության Վանաձորի տարածքային բաժնի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի որոշումներն ու պարտավորեցնելով բաժնին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Արմեն Ղազախեցյանին 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման մասին: Միաժամանակ՝ հօգուտ Արմեն Ղազախեցյանի Վանաձորի տարածքային բաժնից  բռնագանձել 4.000 դրամ՝ որպես նախօրոք վճարված պետտուրքի գումար:

Դիտումներ՝ 564

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????