Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Արցախի/ԼՂ մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփականակերտը

September 30, 2020

Այլ | Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱՎ գրասենյակը ներկայացնում է ադրբեջանական հրթիռահրետանային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների մահվան դեպքերի և բնակավայրերի վրա հարձակումների ամփոփ տեղեկագիրը: 

 

Հոկտեմբերի 2

Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Արցախի/ԼՂ մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփականակերտը

 

2020 թ․հոկտեմբերի 1-ի  լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի 4 անօդաչու թռչող սարքեր  հայտնվել են նաև ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում և ոչնչացվել  Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին մոտ, իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Արցախի մայրաքաղաք  Ստեփանակերտը, որի հրթիռակոծման հետևանքով մեծապես վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ՝ տուժել է նաև Արցախի փրկարար ծառայությունը:  Շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել  պատեր, վնասվել կայանված մեքենաներ, վիրավորվել է 10 քաղաքացիական անձ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով թիրախավորված քաղաքացիական օբյեկտների մասին և հրթիռակոծումից վիրավորվածների մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Ստեփանակերտի վրա 3 հարված է եղել, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

 

Դրանից ավելի վաղ՝ սկզբում ժամը 12:00-ին, ապա 14:00-ին  ադրբեջանական զինուժը հարվածներ էր հասցրել Արցախի/ԼՂ Հադրութ քաղաքին «Սմերչ» զինատեսակով ու կասետային ռումբերով,  քաղաքացիական անձանց շրջանում կան վիրավորներ, որոնց թիվը  հայտնի չէ։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

                                                     

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև՝ LORA հրթիռներով:

 

Ժամը 18:00-ին Հայկական միասնական տեղեկատվական  կենտրոնը  տեղեկություն տարածեց, որ Արցախում կրկին լրագրողներ են թիրախավորվել: Մարտակերտում միջազգային և տեղացի լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը հրետակոծության հետևանքով վնասվել է, վիրավորներ չկան:

 

Հոկտեմբերի 1

Խաղաղ բնակչությունը կրկին Ադրբեջանի հարձակումների թիրախում էր․ տուժել են նաև հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ

 

Ադրբեջանական զինված ուժերը հարվածել են Հադրութի (ԱՀ/ԼՂ) խաղաղ բնակչությանը հրետանիով[1]:

 

Ադրբեջանական հրետակոծությունից տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընդ որում՝ վիրավորների թվում են ինպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Մարտունիում (ԱՀ/ԼՂ) Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց[2]:

 

«Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ելովսկին նույնպես հրետակոծության տակ է հայտնվել: Նրան տեղափոխել են ռմբապաստարան[3]։

 

Մարտունում ռմբակոծության պահին գտնվել է նաև «ՍիվիլՆեթի» 5-հոգանոց նկարահանող խումբը, որը «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։ Լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ իրենք չեն տուժել։ Վերջինիս փոխանցմամբ՝ Ադրբեջանական կողմը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին[4]։

 

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել նաև Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը թեթև է[5]:

 

Մարտունիում (ԱՀ/ԼՂ) ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին[6]։

 

[1] https://www.azatutyun.am/a/30868119.html

[2] https://www.azatutyun.am/a/30868088.html

[3] https://www.24news.am/index.php/news/125541

[4] https://www.24news.am/news/125520

[5] https://www.24news.am/news/125540

[6]https://www.24news.am/news/125551?__cf_chl_jschl_tk__=73bf4e644875623390637f377199e003e358129d-1601554694-0-Aaxa7klb_hnqVmz0L9ukAQcomZdsSYwUf4HwAQXjEkf-8Bn1MrIVoLp7kR2glpOmPHZVRVkASZG5CQO87Bf6Wdsizt8pZVjxIaHHXo9-4ww1ZAn9h9hJFFnfMGyo91JflEdy0mKRzcnY6xDdOMkdqe-n7vU5Eu7Hy1DDh0CshtoUsaHgNd6clNV801CBHp2rnzxPFRBXSk4_53LLFnEoNm4rlX5qw49zBJtAX8J9wVn1SWYK19zoe8vIwxpVXnebt0h9FNfimSUEmXza7cjRv2lK3mdWWnOBULHS5T8LSHgF

 

Սեպտեմբերի 30

Սեպտեմբերի 30-ին Արցախում ադրբեջանական ագրեսիային զոհ  են գնացել 3 քաղաքացիական անձ, կա ավելի քան 200 վիրավոր    

 

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ է, կան նաև վիրավորներ[1]:

 

Ներկայում քաղաքացիական բնակչության կա առնվազն 8 զոհ[2]:

 

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում նկատվել է  հակառակորդի 2 ԱԹՍ, որոնք խոցվել են[3]։

 

ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակի փաստահավաք առաքելության տվյալներով՝ ռազմական գործողությունների արդյունքում լուրջ մարմնական վնասվածքներ ստացածների թիվը 30 է, որից՝ 23-ը արական, 7-ը` իգական սեռի։ Նրանցից 22-ը վիրավորում են ստացել իրենց տանը կամ տան մոտակայքում՝ արկի պայթյունից։ Ընդ որում՝ 2 դեպքում արկը պայթել է բազմաբնակարան շենքի բակում։

 

6 քաղաքացի վիրավորում է ստացել համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս` մարդատար ավտոմեքենայի թիրախավորման և խոցման հետևանքով, 2-ը` հասարակական այլ վայրում: Տուժածները հիմնականում վիրավորում են ստացել ձեռքերի, ոտքերի հատվածում ու դեմքին` բեկորային հարվածների ձևով:

 

Նրանցից 10-ը վիրավորվել են Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում, 1-ը` Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, 3-ը` Թաղասեռ համայնքում, 1-ը` նույն շրջանի Վարդաշատ համայնքում, 5-ը` Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, 1-ը` Սպիտակաշեն համայնքում, 4-ը` Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքին հարակից հատվածում, 2-ը` Ներքին Հոռաթաղ համայնքում, 1-ը` նույն շրջանի Մադաղիս համայնքում, 2-ը` Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

 

Ընդհանուր առմամբ այս պահին վիրավորների թիվը ավելի քան 200 է։

 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցնում է մարդկային ու գույքային լրջագույն կորուստների: Պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ոչ խտրական ու միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

 

Նա իր ֆեյսբուքի էջում հրապարակել է սեպտեմբերի 27-30-ն ադրբեջանական թիրախավորմանը զոհ գնացած անձանց տվյալները՝ ներառյալ Մարտակերտի:

 

«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա:

 

ԱՀ-ի ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով:

 

[1] https://www.armtimes.com/hy/article/197252?__cf_chl_jschl_tk__=33e86eb50618ec674d2d06cc969cf55e5824067b-1601468458-0-Ac_nAKU9OXucmhVPlfm2XjwrdFrw9pcm4PwjUFP5P9L5hfubyMDbVk8ZlrgFPhJJXAr7a2Riv1isfjgD_g3bW4OBmWppEn3jqX1Yc4yS6eHla8K-3ZY1ShHjV-kCLDna_LczlZFxxXCNNVWF-2ZK1Mg2EJghI92gHwE7KCcxJyVeUkkhtHK8zgLXH4a5_yXzCZ5dvN8bhM_Z2d0zmMtQ8i15jCHKgeJY6B-1vrNJYiHRsqbKLbdPo9aekBwDx47CC7ZmPy9Np8cGLVZXXDsEAC9FQMpPQu1gjSIoRfWHO0sx

[2] https://www.azatutyun.am/a/30866291.html

[3] https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3285370441499093

    Սեպտեմբերի 27-29

Սեպտեմբերի 27-29-ը սահմանին ադրբեջանական օդային ու հրթիռահրետանային հարձակումներին զոհ  են գնացել 5 քաղաքացիական անձ. 4-ը Արցախում, 1-ը՝ ՀՀ-ում

 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը[1]:

 

Հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ. Մարտունի քաղաքում 2 խաղաղ բնակիչ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա:

 

Նույն օրն՝ ավելի ուշ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր քաղաքներին՝ Ստեփանակերտին, Ասկերանին, Մարտակերտին, Մարտունուն, Հադրութին և Շուշիին, ինչպես նաև բազմաթիվ փոքր բնակավայրերի։

 

Քաղաքացիական բնակչության շրջանում, բացի հաստատված 2 զոհը, կան տասնյակ վիրավորներ։

 

Բնակելի տների հետ մեկտեղ հրետակոծվել են նաև դպրոցներ և մանկապարտեզ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում[2]։ Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են[3]։

 

 

   Սեպտեմբերի 28

 

Ըստ ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ Մարտակերտ քաղաքը և շրջակա բնակավայրերը շարունակում են մնալ հարվածի տակ[4]։

 

Հադրութի շրջանի տարբեր գյուղերում կան ավերածություններ։Գրանցվել է 1 զոհ և 4 վիրավոր[5]:

 

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարան է ուղարկել ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր։ Հայաստանը դատարանից խնդրում է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից զինված հարձակում է գործել Արցախի վրա[6]։

 

     Սեպտեմբերի 29

 

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության՝ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում զոհվել է 1 քաղաքացիական անձ:

 

Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել[7]։

 

ԱՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել են 4 քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են սեպտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում՝ ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով՝ քաղաքացիական բնակավայրերում:

 

  • Վիկտորիա Գևորգյան, քաղաք Մարտունի, ծնվ. 2011թ.-ին, սպանվել է հրետակոծության հետևանքով՝ իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
  • Էլլադա Բալայան, քաղաք Մարտունի, ծնվ. 1961թ.-ին, սպանվել է հրետակոծության հետևանքով՝ իր տան բակում:
  • Լեսմոնիա Ստեփանյան, քաղաք Հադրութ, ծնվ. 1941թ.-ին, սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից՝ իր բնակարանում: Դեռ 1992թ.-ին, դարձյալ իր տան բակում, ականի պայթյունից Լ. Ստեփանյանը կորցրել էր ձեռքը ։
  • Էրիկ Գրիգորյան, քաղաք Ստեփանակերտ, ծնվ. 1996թ.-ին, սպանվել է հրետակոծության հետևանքով՝ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի մոտակայքում:(դեպքի մասին հայտնի է դարձել միայն նշված հաղորդագրությունից):

 

Սեպտեմբերի 28-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ևս տարածել է լուսանկարներ և հաղորդագրություն, որում անդրադարձել է 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի էթնիկ հայ բնակիչների նկատմամբ ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներին, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով: ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր.

 

Զանգվածային լրատվության միջոցների ու հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ կա թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից տարածվող համակարգված ատելություն, բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր: Ընդ որում, գործում են մեծ ծավալի էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են տարածվում իրական հայ օգտատերերին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են Ֆեյսբուք, Թվիթեր, ՏիկՏոկ և այլ սոցիալական ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում ՏիկՏոկ սոցիալական ցանցով: Մասնագետների հետ ՄԻՊ-ի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ այն վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

 

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել ծնողներին և երեխաներին սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես ՏիկՏոկ սոցիալական ցանցից օգտվելը:

 

Սեպտեմբերի 29-ի ասուլիսում նա անդրադարձել է Հայաստանի, մասնավորապես՝ Վարդենիսի շրջանի գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ (դիտել 4:33-ից) Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներին, որոնց հետևանքով կան զոհեր:

 

Այս մշտադիտարկման արդյունքները Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ինչպես նաև մյուս միջազգային կառույցներին:  

 

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական օդային ու հրթիռահրետանային հարձակումներին զոհ  են գնացել 5 քաղաքացիական անձ, որոնցից 4-ը՝ Արցախում, 1-ը՝ ՀՀ-ում։

 

Արցախում զոհվածներից 2-ը Մարտունի քաղաքից էին, 1-ը՝ Հադրութից, 1-ը՝ Ստեփանակերտից։ Հայաստանում զոհված 1 քաղաքացիական անձի անունը, տարիքը և սեռը դեռևս հայտնի չեն: Նա Վարդենիս քաղաքից է։

 

[1]https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1671191603047995,https://www.azatutyun.am/a/30860180.html

[2]https://www.azatutyun.am/a/30860234.html

[3]https://www.azatutyun.am/a/30860395.html

[4]https://www.facebook.com/arcrun/posts/3385725618129689

[5]https://times.am/?p=286817&l=am

[6]https://www.azatutyun.am/a/30862838.html

[7]https://armeniasputnik.am/armenia/20200929/24659102/vardenis-zoh-anna-naxdalyan.html

Դիտումներ՝ 1667

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????