Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանաձորցի ծննդկանի մահվան գործով հարցաքննվեցին Վանաձոր ԲԿ-ի աշխատակիցները

October 11, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով վկաներ, Վանաձոր ԲԿ աշխատակիցներ Արամ Ավալյանն ու Լուսինե Քալաշյանը:

 

Հիշեցնենք՝ ծննդկանի մահվան մեջ  մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

 

Դատակոչված վկաների մի մասը կրկին դատարան չէր ներկայացել: Դատարանը որոշեց նրանց բերման ենթարկել, իսկ Գայանե Գասպարյանի ու Այծեմնիկ Օհանյանի բնակության վայրը ճշտելու նպատակով գրություն կուղարկի Ոստիկանություն ու նորից կծանուցի:

 

Առաջինը հարցաքննվեց Վանաձոր ԲԿ մանկաբարձ Լուսինե Քալաշյանը, որը ներկա է եղել Հռիփսիմե Նազլուխանյանի ծննդաբերությանը: Չնայած նրան, որ վկան նախապես հայտարարեց, թե շատ ժամանակ է անցել ու ինքը չի հիշում մանրամասները, այնումամենայնիվ որոշ դրվագներ ներկայացրեց ամենայն մանրամասնությամբ: Ապա պատասխանեց դատարանի ու կողմերի հարցերին:

 

Ուշագրավ է, որ դատախազ Գ. Մանուկյանի հարցին, թե նրա կարծիքով ծննդկանը մոտավորապես որ ժամին է մահացել, նա պատասխանեց, որ վիրահատարան տանելուց՝ 22:40-ից շուրջ մեկ ժամ անց: Ավելի վաղ իրենց ցուցմունքներում մահացածի մայրն ու սկեսուրը կասկածներ էին հայտնել, որ Հռիփսիմեն ավելի շուտ է մահացել, քան նրանց հայտնել են:

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի հարցին ի պատասխան էլ ծննդաբերության ժամանակ ներկա եղած անձանց անունները թվարկելիս Դավիթ Շահվերդյանի անունը չտվեց, բայց Անի Չատինյանի ճշտող հարցից հետո ասաց, թե Դ. Շահվերդյանն էլ է ներկա եղել ծննդաբերությանը:

 

Իր ցուցմունքում Լուսինե Քալաշյանը նշեց, որ իր պատկերացմամբ՝ Հռիփսիմեն 400-450մլ արյուն էր կորցրել, որը անհանգստացնող քանակ է:

 

Ավելի ուշ իր ցուցմունքում Վանաձոր ԲԿ մանկաբարձական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը ասաց, որ 2000 մլ արյուն կորցնելու դեպքում են արյան փոխներարկում անում:

 

Նա պատմեց, որ դեպքի օրը իրեն զանգել և կանչել են, երբ ինքը Երևանի ճանապարհին է եղել: Անմիջապես շտապել է բժշկական կենտրոն, բայց արդեն ծննդկանը մահացած էր:

 

Կողմերի հարցերին ի պատասխան՝ հայտնեց, որ մանկաբարձական բաժանմունքի ոչ բոլոր բժիշկներն են վիրահատություն անում. վիրահատություն անում են ինքը և Դավիթ Շահվերդյանը: Մեկի բացակայության դեպքում վիրահատություն անելու համար հրավիրում են մյուսին:

 

Վկաները հայտնեցին, որ Դավիթ Շահվերդյանը շարունակում է աշխատել Վանաձոր ԲԿ-ում՝ չնայած նրան, որ դեռևս 2017 թ. նոյեմբերին վարույթն իրականացնող մարմինը Դավիթ Շահվերդյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել:

 

Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին: Դատարանը կշարունակի լսել վկաներին:

 

Դիտումներ՝ 2960

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????