Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 31: Ադրբեջանական զինուժը Արցախում կիրառել է արգելված՝ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ

October 31, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի/ԼՂ-ի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու 1 բնակելի տուն: Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

 

Ավելի վաղ Արցախի/ԼՂ-ի պաշտպանության բանակը հրապարակել էր տեսանյութ՝ տեղեկացնելով, որ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում ադրբեջանական զինուժը կիրառել է քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

 

ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: ՀՀ ՄԻՊ-ի հրատապ քննության արդյունքներով, ԱՀ-ի ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլև պարզվել, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է:

 

 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը  տեղեկացրել է, որ մարդասիրական առաքելության համար ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին Արցախ այցի հրավեր են ուղարկել: Համատեղ հրավերում ՀՀ ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։ Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։ Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի հրետակոծված կենտրոնական շուկայից կոչով դիմել է միջազգային հանրությանը։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 31-ի առավոտից շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Հրետակոծվել է նաև ԱՀ/ԼՂ –ի Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա 1 քաղաքացիական անձ: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ին օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Առավոտյան ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, ապա Շուշին հայտնվել են ադրբեջանական զինուժի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ևս ահազանգել է արցախաադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու և դրա հնարավոր հետևանքների մասին։

 

Մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 44 խաղաղ բնակիչ. 42-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ

Դիտումներ՝ 520

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????