Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժի վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են ԱՀ/ԼՂ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Նյութական վնասների չափը ճշտվում է։
ԱՀ/ԼՂ պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում մարտական գործողություններին զուգահեռ, ադրբեջանական զինուժը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ հրթիռահրետանային հարվածներ հասցնելով ԱՀ/ԼՂ-ի Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Ադրբեջանական զինուժը 10 միավոր տեխնիկայով առաջանալու փորձ է ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հարձակման փորձեր է կատարել ռազմաճակատի ամբողջ երկարությամբ: Հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ին օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ ԱՀ/ԼՂ-ի Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում՝ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից, ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Շուշի քաղաքը: Ի թիվս բազմաթիվ ավերածությունների, մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա է կիրառվել նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ Արցախի բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ Ադրբեջանը պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացել։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը Շուշիում թիրախավորել է մշակութային և կրթական օբյեկտներ՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը, Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:
ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի 1 հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Նշվում է նաև, որ պատերազմի հենց առաջին օրերից ադրբեջանական զինուժի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:
ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում թարմացված տվյալներ է հրապարակել ԱՀ/ԼՂ-ի 160 համայնքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ: Ըստ այդմ՝ խաղաղ բնակիչների շրջանում կա 45 զոհ, 141 վիրավոր, վնասված կամ ավերված 13.100 տուն / բնակարան, 2.700 ենթակառուցվածք, 2.000 մեքենա: Ադրբեջանցիները շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները,- գրել է Արտակ Բեգլարյանը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը: Հանդիպմանը Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
Ավելի վաղ Արման Թաթոյանը հրապարակել էր Associated Press-ի տեսանյութը՝ որպես անժխտելի ապացույց Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մասին:
Այսպիսով՝ ըստ ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ի տվյալների մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ընդհանուր թվով 45 խաղաղ բնակիչ. 43-ը՝ ԱՀ/ԼՂ-ում, 2-ը՝ ՀՀ-ում:
Լուսանկարում՝ Անօդաչու թռչող սարքի 1 հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել