Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի օգնությամբ բավարարվել է վանաձորցի թոշակառուի՝ վարչական վերադասության կարգով բողոքը

August 5, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաճախ տրվող հարցեր | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2020 թ.-ի ապրիլի 2-ին, երբ վանաձորցի Անահիտ Օհանյանը որոշում է թոշակն ստանալ բանկոմատից, չի էլ պատկերացնում՝ ինչ հետևանքներ կունենա շենքից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող բանկոմատի մոտ գնալը: Նրան մոտեցած ոստիկանները պահանջում են տեղաշարժման թերթիկը։ Տիկին Անահիտն ասում է, որ այդ պահին իր մոտ են եղել անձնագիրը, դիմակն ու ձեռնոցները, ինչպես նաև՝ տեղաշարժման թերթիկ: 

 

«Դուրս եկանք ամուսնուս հետ, որ թոշակ ստանամ: Մթնշաղ էր: Ստացանք թոշակն ու պատրաստվում էինք տուն  գալ, մեկ էլ  քաղաքացիական հագուստով 2 միլիցիոներ կանգնեցրեցին մեզ: Ամուսնուս փաստաթղթերն առանձնապես չնայեցին, իմ տեղաշարժման թերթիկի վրա էլ պարզապես տնից դուրս գալու ժամը չէր գրված: Ես դուրս եմ եկել ժամը 18:00-19:00-ի սահմաններում,  թերթիկիս վրա նշված էր՝ 14։00-16։00-ը: Ինձ ասեցին՝ դուք խախտել եք տեղաշարժման կանոնները, իրավունք չունեք դուրս գալու»:

 

Քաղաքացիական հագուստով ոստիկանները, վստահեցնելով, որ որպես 1-ին անգամ նախազգուշացում են տալիս, բացատրագիր են լրացնում: Օգտվելով հանգամանքից, որ տարեց կնոջ մոտ չի եղել ակնոց և գրեթե մութ էր, ոստիկանները նրան թղթեր են տվել՝ ստորագրելու, որոնք նա ստորագրում է՝ առանց կարդալու: 

 

Ծանուցագիրն ստանալուց հետո տիկին Անահիտը պարզում է, որ ստորագրել է 100.000 դրամ վարչական տուգանքի որոշման տակ: «Հավատացի ոստիկաններին և մտածելով, թե նախազգուշացումն եմ ստորագրում, ստորագրեցի։ Այնինչ՝ 100.000 դրամ տուգանքի վերաբերյալ վարչական ակտն էր, որի մասին ապրիլի 25-ին ծանուցում ստացա»,-ՀՔԱՎ գրասենյակին պատմում է Անահիտ Օհանյանը։ 

 

Գտնելով, որ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի 2020 թ.-ի ապրիլի 16-ի վարչական ակտն ամբողջովին ապօրինի և անհիմն է, տիկին Անահիտն իրավական աջակցության խնդրանքով դիմում է  ՀՔԱՎ գրասենյակին: «Ես գիտեի, որ Վանաձորում գործում է Հելսինկյան գրասենյակ: Գնացի գրասենյակ, դռան վրա հեռախոսահամարներ կային: Չնայած արտակարգ իրավիճակին՝ իրենք հեռախոսով էլ օգնեցին: Զանգահարեցի Անիին, ինձ շատ օգնեց: Իր միջոցով կարողացա արդյունքի հասնել»

 

ՀՔԱՎ գրասենյակի իրավախորհրդատու Նուշիկ Տեր-Մովսիսյանի աջակցությամբ կազմվում է վարչական բողոք՝ վերադասության կարգով վերոնշյալ վարչական ակտը բողոքարկելու նպատակով:

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին հասցեագրված վարչական բողոքում ներկայացված հիմնավորումների համաձայն՝ վարչական ակտն ընդհանրապես չի բխում ՀՀ Սահմանադրության և օրենքների իմպերատիվ պահանջներից, ավելին՝ հակասում է մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ողջ էությանը, ուստի և ենթակա է վերացման։

 

Վարչական բողոքում ներկայացվել է նաև տիկին Անահիտի ընտանեկան վիճակը: Թոշակառու ամուսիններն իրենց խնամքին ունեն 2 անչափահաս երեխաներ: Նրանց մայրն ամիսներ առաջ է մահացել, հայրն էլ սոցիալապես և առողջապես ծանր վիճակով ՌԴ-ում է: Հիմնական եկամտի աղբյուրը թոշակներն են, չկա որևէ այլ հնարավորություն վճարելու այդ տուգանքը, որը, բացի նրանից, որ չափազանց անհամատեղելի է նրանց սոցիալական կացության հետ, միաժամանակ անհիմն որոշման արդյունք է։ 

 

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության, «ՀՀ Վարչարարության և վարչական վարույթի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները, Անահիտ Օհանյանի անունից ներկայացված վարչական բողոքում ՀՔԱՎ իրավաբանները հիմնավորումներ են ներկայացրել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք Պարետի կողմից արտակարգ դրության պայմաններում անձանց տեղաշարժման սահմանափակմանը վերաբերող հրապարակված նորմերը կարող են պարտադիր լինել անձանց համար, թե ոչ և արդյո՞ք ոստիկանությունն իրավունք ուներ տիկին Անահիտին  վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Պարետի սահմանած կանոնները չպահպանելու համար։

 

Վարչական բողոքում ներկայացրած նորմերով հիմնավորվում է,  որ պարետատունն ունի միայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող կառույցների կողմից իրականացվող միջոցառումները ղեկավարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն։ Սահմանադրական մի շարք նորմերով էլ ներկայացվում է հիմնավորումներ, որոնց համաձայն՝ անձի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման բացառիկ իրավունքը վերապահված է միայն օրենսդիր մարմնին՝ ԱԺ-ին, և պետք է մարդու իրավունքի սահմանափակումը ամրագրվի բացառապես օրենքով: 

 

ՀՀ օրենսդրության մեջ չկա որևէ իրավական կարգավորում, որով սահմանվում է պարետատան լիազորությունը ընդունելու իրավական ակտեր արտակարգ դրության պայմաններում և առավել ևս որևէ լիազորություն, որով պարետատունը իրավասու է սահմանափակել անձանց ազատ տեղաշարժը։  Հետևաբար՝ պարետը, խախտելով ՀՀ Սահմանադրության նորմերի իմպերատիվ պահանջները, առանց որևէ իրավական կարգավորման, իրեն իրավասություն է վերապահել ընդունելու համապարտադիր վարքագծի կանոններ պարունակող որոշումներ՝ առանց հաշվի առնելու, որ այդպիսի լիազորություններ ունի միայն ԱԺ-ը և այդպիսի դրույթները պետք է սահմանված լինեն միայն օրենքով։ 

 

Քանի դեռ Աժ-ն անձանց ազատ տեղաշարժի մասին օրենք չի ընդունել, անձանց ազատ տեղաշարժի իրավունքները չեն կարող սահմանափակվել, ավելին՝ անձինք չեն կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու պատճառով։

 

2-րդ հարցադրման հետ կապված վարչական բողոքում հիմնավորումներ են ներկայացվել, համաձայն որոնց՝ վանաձորցի ոստիկանները որևէ իրավասություն չունեին քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով․ «գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը»:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում՝ «զանցանք» է համարվում պետական կամ հասարակական կարգի, [...], քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր դիտավորյալ կամ անզգույշ այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

 

Մինչդեռ 2020 թ.-ի ապրիլի 16-ի վարչական ակտից պարզ է, որ Անահիտ Օհանյանի կողմից որպես զանցանք և իրավախախտում է դիտվել արտակարգ դրության պայմաններում Պարետի սահմանած կանոնները չպահպանելու փաստը։ 

 

Հետևաբար՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՝ «անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

 

Այս ամենի և գործի էական հանգամանքների համալիր վերլուծությամբ ցույց է տրվել, որ կան իրավական և փաստական բոլոր հիմքերը՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու:

 

Քննության առնելով վերադասության կարգով ներկայացված բողոքը` ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներով,  2020 թ.-ի հունիսի 29-ի որոշմամբ բողոքն ամբողջությամբ բավարարել է և անվավեր ճանաչվել վանաձորցի ոստիկանների 2020 թ.-ի ապրիլի 16-ի վարչական ակտը:  

 

«Մարդիկ  չգիտեն կարգը, իրավունքները, իսկ Հելսինկյան զանգահարելով ես ազատվեցի տուգանք վճարելուց: Թոշակառու ամուսիններ ենք: 100.000 դրամ տուգանք: Ես կարո՞ղ էի վճարել, իհարկե՝ չէի կարող: Ես շատ շնորհակալ եմ գրասենյակից: Անգամ երբ տուգանքներն իջեցրին ու 100.000-ը դարձավ 10.000, որոշել էի մուծել, Անին ինձ ասեց՝ ինչու՞ եք վճարում, մինչև վերջ կգնանք: Այդպես էլ եղավ. ազատվեցի տուգանքից: Ես ինքնուրույն չէի կարող հասնել հաջողության, ձևերը չգիտեի, վճարովի փաստաբանն էլ նույն գինն էր նստելու՝ 100.000 դրամ, իսկ ես ի վիճակի չէի վճարելու»,-ասում է Անահիտ Օհանյանը:

 

Տես նաև՝ Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում․ 2020 թ․ մարտի 16-ապրիլի 14 ժամանակահատվածում․ մաս 1


Դիտումներ՝ 785

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????