Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2024թ․-ի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՔԱՎ գրասենյակի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը ՀՀ-ում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի հասանելիության և մատչելիության տեսանկյունից» քննարկումը։ 2023թ․-ի հոկտեմբերի 1-ից ՀՔԱՎ գրասենյակը՝ Freedom House-ի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation-ի և Շվեդիայի աջակցությամբ իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ Հոկտեմբերի 14-ին մենք ներկայացրեցինք ծրագրի արդյունքները, խոչընդոտները և ունեցանք կառուցողական երկխոսություն արձանագրված խնդիրները լուծելու համար։
ՀՔԱՎ գրասենյակը և Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը Արժանապատիվ աշխատանքի հիմա՛ ծրագրի շրջանակներում իրականացրել էին սոցիոգիական հետազոտություն։ Քննարկման բանախոսներից Լիանա Բալյանը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի նախագահը քննարկման ընթացքում ներկայացրեց սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների վիճակին։ Հետազոտությունից որոշ հատվածներ՝ ստորև․
Բռնի տեղահանված եւ հարցումներին մասնակցած արցախցիների 42.9 տոկոսը նշել են, որ աշխատանք ունեն Հայաստանում։ Հարցվածների 68.5 տոկոսն ասել են, որ Հայաստանում ավելի ցածր են վարձատրվում, քան Արցախում։
Արցախցիների 79.4 տոկոսը Հայաստանում վարձակալությամբ են բնակվում
Հարցված արցախցիների մեծամասնությունը նշել են, որ իրենց ընտանիքի միջին ամսեկան եկամուտը 150-350 հազար դրամ է կազմում։
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վիճակը, հարցված արցախցիների 32.9 տոկոսն ասել են, որ վիճակը կվատանա, 19.3 տոկոսն ասել են, որ կտրուկ կվատանա, իսկ 15.5 տոկոսը նշել են, որ կտրուկ կլավանա։ Հարցված արցախցիների 52.8 տոկոսը նշել են, որ ցանկանում են աշխատել ու ապրել Հայաստանում։
Աշխատանքի հետ կապված ապագայի ի՞նչ պլաններ ունեք, հարցին հարցված արցախցիների 6.8 տոկոսն ասել է, որ պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, 7.6 տոկոսը նշել են, որ մտադիր են մեկնել այլ երկրներ, 12.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 19.5 տոկոսը ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, իսկ 52.8 տոկոսը նշել են, որ պատրաստվում են աշխատել ու ապրել Հայաստանում։