Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցվորները ևս պետք է ազատվեն պետական տուրքի վճարումից. Վճռաբեկը որոշում է կայացրել

October 18, 2018

Բարոյական վնասի փոխհատուցման իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կարինե Հովհաննիսյան | Կյանքի իրավունք | Նորություններ

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2018 թ. սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել, որ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի դեպքում ևս հայցվոր կողմը պետք է ազատվի պետական տուրք վճարելուց:

 

Վճռաբեկ դատարանն իր այս որոշումը կայացրել է 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինեի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի դիմումի հիման վրա:

 

Հակոբ Հովհաննիսյանն և նրա ներկայացուցիչը երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Անահիտ Պետրոսյանից, «Արմավիր» ԲԿ-ից ու ՀՀ Կառավարությունից 15.000.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով հայցը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացրել 2017 թ. սեպտեմբերի 20-ին:

 

Դատարանն այն հրաժարվել էր վարույթ ընդունել պետական տուրքը վճարած չլինելու պատճառով, չնայած նրան, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով` հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի դեպքում հայցվորն ազատվում է պետական տուրքից: Դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը վերաբերում է նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հայցերին:

 

Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը 2017 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ և մերժել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը:

 

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2018 թ. հունվարի 8-ին:

 

Վճռաբեկ բողոքը հիմնավորել են նրանով, որ հայցվորը վնասի փոխհատուցում է պահանջում, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով «վնաս» է համարվում դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը:

 

Ինչը ենթադրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված «հանցագործությամբ պատճառված վնաս» եզրույթը պետք է ներառի ինչպես նյութական, այնպես էլ՝ բարոյական վնասը:

 

Հայցվորները նշել են նաև, որ վնասի փոխհատուցման պահանջով հայցը պետական տուրք չվճարելու պատճառով վարույթ չընդունելը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված վնասի հատուցման իրավունքը:

 

ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքն ու ուշագրավ դիտարկումներ արել այդ հարցի շուրջ:

 

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուժողն ու նրա իրավահաջորդը իրավունք ունեն սահմանված կարգով ստանալու քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված ինչպես նյութական, այնպես էլ բարոյական և գույքային վնասի փոխհատուցում:

 

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով արտոնությունների սահմանման հիմքում ընկած է հանցագործության հետևանքով վնաս կրած անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը և որ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատվելու հնարավորությունը: Դատարանը սա դիտարկել է դատական պաշտպանության և հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի համատեքստում և հաստատել է, որ այդ իրավունքների իրացման համար անհրաժեշտ է տրամադրել բավարար դատավարական երաշխիքներ: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ վնասի փոխհատուցման պահանջով հայցվորները դատարան դիմելիս ազատվեն պետական տուրքի վճարումից:

 

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը իր՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի որոշմամբ իրավաչափ չի համարել Վերաքննիչ դատարանի որոշումը և բավարարել է դրա դեմ Հ. Հովհաննիսյանի ու նրա ներկայացուցիչ Անի Չատինյանի վճռաբեկ բողոքը:

 

Դիտումներ՝ 3716

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????