Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և զինված ուժերի ու իրավապահ մարմինների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Այս առնչությամբ պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին:
«Մահվան դեպքերի շարունակականությունը ցույց էր տալիս, որ նշված պաշտոնատար անձինք, և ոչ միայն իրենք, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում զինծառայության կազմակերպման ապահովման համար՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով, և առաջին հայացքից պետք էր նման քայլի դիմել: Բայց միայն նրանք չպետք է պատասխանատվություն կրեին, այլ նաև Գլխավոր շտաբի պետը. նրա ուղղակի պարտականությունն էր զինծառայության կազմակերպումը»,- նշեց Սաքունցը:
Մեր զրուցակիցը նաև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են հենց այս անձինք պաշտոնանկ եղել. «Ավելին՝ արդյոք այդ պաշտոնանկությունները երաշխի՞ք են, որ նոր նշանակվածները կաշխատեն այնպես, որպեսզի այլևս մահվան դեպքեր չլինեն»:
Սաքունցի խոսքով՝ եթե ներդրվեր բարեվարքության համակարգը, ապա կունենայինք հիմնավորված, համակարգային մոտեցում բոլորի նկատմամբ. «Երբ այս համակարգը չկա, ապա նման տիպի պաշտոնանկությունները հրդեհը հանգցնելուն ուղղված ինչ-որ քայլեր են, որոնք երկարաժամկետ առումով որևէ արդյունք չեն կարող ապահովել»: