Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրավապահները պետք է զբաղվեն իրավապաշտպաններով։ Նա նշել է, որ որոշ իրավապաշտպանների գործունեության մեջ խնդիր է տեսնում․ իրավապաշտպանների մոտ հրճվանք է առաջացնում բանակում ամեն ողբերգական դեպք, և նրանք եթե անգամ արտասահմանում են գտնվում, գտնում են զոհված զինվորների ծնողների համարները, և վիշտ կրող մարդկանց նրանք հրահրում են։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բալայանի հայտարարությանը, նշեց, որ պաշտպանության փոխնախարարն ամբողջությամբ ցույց է տալիս իր ընկալումը, իր վերաբերմունքը ԶՈՒ մարդու իրավունքների խախտման և ամենակարևոր իրավունքի՝ կյանքի իրավունքի խախտման մասին բարձրաձայնողների նկատմամբ և մոռանում է, որ նրանք ոչ միայն իրավապաշտպաներն են, այլ նաև ծնողները, հասարակության տարբեր խավերը․«Այդ որակումներով, իբր թե հրճվում են մահվան դեպքերով, իհարկե, բացառիկ ցինիկ գնահատական է, որովհետև դրանով փորձում է նաև թիրախավորել իրավապաշտպաններին, որովհետև նման բան չի կարող լինել որևէ ողջամիտ մարդու մոտ, երկրորդ՝ դա ցույց է տալիս պաշտպանության փոխնախարարի՝ որպես պաշտոնատար անձի պատասխանատվությունից խուսափելու մոտեցում։ Եվ ոչ թե պետք է թիրախավորել խնդիրը բարձրացնողների, այլ զբաղվել պարտավորությունների կատարմամբ և նաև պատասխանատվության զգացման մասին է խոսքը, ոչ թե պատասխանատվությունը կյանքի իրավունքի խախտման դեպքերով գցել այն բարձրաձայնողների վրա՝ փորձելով լռեցնել քրեական հետապնդման սպառնալիքներով, այլ պաշտոնատար անձի կողմից պետք է լիներ բոլորովին այլ դիրքորոշում, այն է՝ ներկայացնել, թե մարդու իրավունքների խախտման հետ կապված պաշտպանական գերատեսչությունն ինչ ջանքեր է գործադրում, որի մասին բացարձակապես որևէ բառ չի ասվել։ Եվ, ցավոք սրտի, արձանագրենք, որ այդ վերաբերմունքը միայն փոխնախարարը չունի և նման տիպի վերաբերմունք դրսևորել է նաև պաշտպանության նախարարը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, երբ նմանատիպ կարծիքներ հնչել են այդ ժամանակ, որ իբր իրավապաշտպանները, սորոսականները քանդում են բանակը, և ինքը չի հակադարձել՝ չնայած դրա մասին գոնե շատ հստակ արտահայտվել է վարչապետը»,-հավելեց իրավապաշտպանը։ Նրա խոսքով՝ փորձել լռության մատնել, սպառնալիքներ հղել բարձրաձայնողների նկատմամբ, դա պարազապես պատասխանատվությունից խուսափելու հարց է։
«Եվ լուրջ հարց է բարձրանում, թե արդյոք կարող է նման մտածելակերպով անձը լինել պաշտոնատար անձ, լինել փոխնախարար՝ ունենալով այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ԶՈՒ-ում։ Եվ այս հարցը պետք է գտնվի նաև կառավարության ուշադրության կենտրոնում։ Հանրությունը պետք է հստակ ուղերձներ ստանա, թե արդյոք նման պաշտոնատար անձինք համապատասխանում են ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին և պահանջներին։ Սա արդեն կառավարության խնդիրն է։ Եվ պետք է զբաղվել փոխնախարարով և նախարարով»,-նշեց իրավապաշտպանը։
Բալայանը նաև ասել է, որ իրավապաշտպանները փորձում են ֆինանսական միջոցներից խոսել․այն իրավապահ մարմինը, որի գործառույթն է դա, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում: Ես ենթադրում եմ, որ նրանք փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար, դրա համար հրճվում են ամեն դեպքից»։ Իրավապաշտպանը նշեց, որ Բալայանը շատ պատասխանատու հայտարարություններ է անում․ «Կուզենայի ինքը հստակ ասեր, թե ինչ գումարներ են, ում և երբ են առաջարկել, որովհետև դրա մասին որոշ տեղեկատվություն եղել է նախորդ իշխանության ժամանակ և Գաբրիել Բալայանըլ վերարտադրում է մինչհեղափոխական ժամանակահատվածում իրավապաշտպանների հասցեին հնչած անհեթեթ, անհիմն մեղադրանքները և որևէ նոր բան չի ասում։ Մենք պահանջում ենք, որպեսզի ինքը կոնկրետ ասի՝ երբ, ում և ինչ գումար և ինչ նպատակով է առաջարկվել։ Փոխանակ իրենց աշխատանքի պարտականությունների կատարման մասին հաշվետվությամբ հանդես գան, թե ինչ ջանքեր են գործադրում ԶՈՒ-ում մահածության դեպքերը կանխելու, նվազեցնելու ուղղությամբ, փորձում են թիրախավորել այդ խնդիրները բարձրաձայնողներին»։