Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուսական բազա եկող զինվորները մեկ առ մեկ պետք է թեստավորվեն. 102-րդ ռազմաբազան գաղտնի է պահում՝ կա՞ն վարակակիրներ, թե՞ ոչ

April 4, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

 

– Պարոն Սաքունց, համաճարակային այս իրավիճակում մտահոգիչ է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի վիճակը։ Չկա ոչ մի տեղեկություն՝ արդյոք բազայում կա՞ն վարակակիրներ, բժիշկներն ունե՞ն հասանելիություն, թե՞ ոչ։ Առաջիկայում էլ նոր զորակոչ է լինելու, այսինքն՝ նոր զինծառայողներ են գալու Ռուսաստանից, ու վտանգն էլ ավելի է  մեծանում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ միջոցներ է հնարավոր ձեռնարկել , ի՞նչ մտահոգություններ ունեք։  

 

– Կցանկանայի նաև պարետի որոշմանն անդրադառնայինք, որում նշվում է, որ բազային առնչվող տեղեկությունը գաղտնի է։ Իհարկե, դա բացառիկ ռիսկային խնդիր է, որովհետև Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ կանխարգելիչ միջոցների ցածր մակարդակը, խիստ անպատասխանատու մոտեցումն իր քաղաքացիների առողջության պահպանման նկատմամբ՝ այդ երկրում կանխարգելիչ միջոցառումների իրականացման տեսակետից,  բավական լուրջ վտանգներ են պարունակում։ Սա ոչ միայն Ռուսաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներին է վերաբերում, այլև ՌԴ-ից դուրս բազաների զինծառայողների շրջանում վարակի տարածման տեսակետից  է վտանգավոր։ Կարելի է պնդել, որ իրենք խիստ անվերահսկելի պայմաններում են անցնում սահմանը։ Ռուսական կողմից պետք է պահանջվի՝ յուրաքանչյուր զինծառայող, որ գալիս է ծառայելու ռազմաբազայում, անցնի թեստավորում՝ մեկ առ մեկ։ Խնդիրն այն է, որ ոչ միայն բազայի տարածքում պետք է կանխվի կորոնավիրուսի տարածումը, քանի որ ռուսական բազայի պայմանագրային զինծառայողները, սպաները բնակվում են Գյումրի քաղաքում՝ բազայի տարածքից դուրս, հնարավոր է համավարակը տարածվի նաև Գյումրի  քաղաքում ու առհասարակ՝ հանրապետությունում։

 

– Գյումրիից շատերը նաև աշխատում են բազայի տարածքում…

 

– Խոսքս հենց դրան է  վերաբերում, մարդիկ նաև բազայի տարածքից դուրս են ապրում, պարիսպներն անցնում են, բնակվում են Գյումրի քաղաքի բնակարաններում, շփվում մարդկանց հետ, խանութ մտնում, սնունդ գնում։  Այսինքն՝ ՀՀ քաղաքացիների հետ շփումն առավել քան առկա է, ռիսկերն էլ՝ իրենց հետ։ Ասում են՝ 4500 մարդ կա,  այդ շրջանակում կորոնավիրուսի կանխման նպատակով պետք է մեկ առ մեկ ստուգում անցնեն։ Ու դա ռուսական կողմի պարտավորությունը պետք է լինի,  պետք է թեստ անցնեն, ունենան բացասական եզրակացություն։

 

– Հիմա, երբ պարետն ասում է, որ գաղտնի է այդ տեղեկությունը, ինչո՞ւ պետք է մեր ՊՆ-ից տեղեկություններ հրապարակվեն, ռուսական ռազմաբազայից՝ ոչ, թեկուզև դրա բացակայության վերաբերյալ։

 

– Մենք ժամանակին հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարց ենք բարձրացրել՝ հատկապես բազայում իրավիճակի նկատմամբ մշտադիտարկման վերահսկողության գործիքների բացակայության խնդիրը։ Դրանից ռուսական դեսպանատունը հոգեխանգարմունքի մեջ էր ընկել, և հայաստանյան «պուտինիստները» վայնասուն էին բարձրացրել։  Հիմա այդ նույն մարդիկ լլկված են, ոչ մի բառ չեն ասում։ Վերջիվերջո ռուսական իշխանությունների կողմից կորոնավիրուսի կանխման ուղղությամբ ոչ պատշաճ, բացարձակ անպատասխանատու այդ վերաբերմունքի հետևանքով կարող է այդ վիրուսը հիմա եկող զինծառայողների միջոցով նաև այստեղ տարածվել։ Ազգային անվտանգության խնդիր կա՝ ԱԱԾ-ն, պաշտպանության նախարարությունը  հստակ պետք է պահանջներ դնեն ռուսական կողմի առջև։

 

– Մեծ հաշվով իրենք օրենք չեն խախտում, պարզապես ոչ բարեկամական վերաբերմունք է։

 

– Օրենք չեն խախտում, բայց  փաստորեն իրենց նկատմամբ չեն տարածվում արտակարգ դրության մասին օրենքի դրույթները, ՀՀ պարետատան որոշումները։ Խնդիրը հենց սա է։

 

1in.am

Դիտումներ՝ 616

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????