Գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
🔎Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում իրականացնում է արդար դատաքննության իրավունքի մշտադիտարկում Վերաքննիչ քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։
Այս փուլում մենք վերապատրաստումներ ենք իրականացնում վերաքննիչ դատարաններում մշտադիտարկումներ իրականացնողների հետ։
Նախորդ շաբաթ անցկացված վերապատրաստման ընթացքում ՀՔԱՎ-ի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի մասնագետ Լիանա Մխոյանը ներկայացրեց «Արդար դատաքննության» և մշտադիտարկման էությունը, մշտադիտարկման գործառույթները, փուլերը, տեղեկատվության հավաքման մեթոդները ու աղբյուրները և Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից օգտվելու հմտությունները։
Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի փաստաբան Անահիտ Ղազարյանը մշտադիտարկողներին ներկայացրել է վարքագծի կանոնները, մշտադիտարկման գլխավոր էթիկական չափանիշները և վերաքննիչ դատարաններում գործերի քննության առանձնահատկությունները։
ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը մշտադիտարկողների հետ անցկացրեց գործնական աշխատանքներ՝ «Մշտադիտարկումը հանրային շահի պաշտպանության գործողությունների շրջանակներում», Զալյանը նաև ներկայացրեց մշտադիտարկման լոգիստիկան և պլանը։
Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանի հետ մշտադիտարկողները քննարկեցին նախկինում Առաջին ատյանի դատարաններում իրականացված մշտադիտարկման խնդիրները, նաև մշտադիտարկման քարտերի լրացման խնդիրները։
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:
Նպաստելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատշաճ իրականացմանը՝ ծրագիրը կխթանի կառավարման հաշվետվողականության մշակույթի զարգացմանը, որը ուղղված է ավելի կայացած ժողովրդավարություն ունենալուն: