Հեղափոխությունից հետո ոստիկանապետի փոփոխությունը բավարար չէր, որպեսզի ոստիկանական համակարգում արմատական փոփոխություններ լինեին։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ դրանով է պայմանավորված օգոստոսի 19-ին Ամուլսարի համար պայքարողներին Ազգային ժողովի դարպասներից այն կողմ ներս չթողնելը:
«Մեկ անձին փոխելով՝ չես կարող համակարգը փոփոխված համարել, ինստիտուցիոնալ փոփոխություն է պետք, այն է, որ ոստիկանությունը չպետք է ենթարկվի վարչապետին։ Ոստիկանությունը իր ներսում պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի, որովհետև տարիներ շարունակ այդ մարդիկ գործել են բոլորովին այլ տրամաբանությամբ և քաղաքական իրավիճակում։ Նրանք սովորել են այդ պայմաններում գործել, և իրենց չեն սովորեցրել գործել նոր իրավիճակում»,- ասաց Արթուր Սաքունցը։
Ազգային ժողովի բակ ցուցարարներին չթույլատրելու համար ոստիկանները անհամաչափ ուժ կիրառեցին, պնդում է իրավապաշտպանը: Ոստիկանությունը բովանդակությամբ ու գործիքակազմով, կադրերով նույնն է մնացել:
«Ոչ մեկ թող չհամոզի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր ոստիկանապետը կամ ինչ-որ կառույց ոստիկաններին սովորեցրել է, թե ինչպես պետք է իրենց պահեն հանրային միջոցառումերի ժամանակ քաղաքացիների և լրագրողների համար»,- նկատում է նա:
Իրավապաշտպանին մտահոգում է, թե ինչո՞ւ 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի դարպասները բացեցին, իսկ հիմա փակեցին։
«Բաց տարածքները երբ փակվում են ըստ քաղաքական նպատակի, դա արդեն մտահոգիչ է»։
Արթուր Սաքունցը կոչ է անում, որպեսզի Ամուլսարի խնդրով մտահոգվողներին թույլատրեն հանրային քննարկում անցկացնել խորհրդարանի բակում։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նույնպես պնդում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների վրա։ Ըստ նրա՝ հավաքն ինքնաբուխ ու խաղաղ էր՝ համապատասխան ստանդարտներին։ Իրավապաշտպանի մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ ոստիկանները ցուցարարներին չթույլատրեցին հանրային քննարկում անցկացնել խորհրդարանի բակում:
«Հոկտեմբերի 2-ին կարելի՞ էր բացել խորհրդարանի դարպասները՝ ճնշում գործադրելով այն ժամանակվա Ազգային ժողովի վրա, իսկ հիմա չէր կարելի՞»,- նկատում է նա:
Իրավապաշտպանին հետաքրքրում է նաև, թե ոստիկանությունը ի՞նչ իրավունք ուներ խաղաղ հավաքը ցրելու: Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ ոստիկանությանը հրահանգված է եղել Ազգային ժողովում ցուցարարներին հանրային քննարկում չթույլատրել անցկացնել և խաղաղ ցույցը ցրել:
«2 դեպքերում էլ հիշեք, թե ոստիկանությունը Հայաստանում դե յուրե ի՞նչ կարգավիճակ ունի։ Ոստիկանությունը օրենքով վարչապետին կից կառույց է, և առանց վարչապետի հանձնարարականի նրանք որևէ գործողություն չեն անի»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանին զարմացրել է, որ ոստիկանության տարարծած հաղորդագրության մեջ նշված է եղել, որ համաչափ ուժ է կիրառվել։ Նկարահանված տեսանյութերում հակառակն է պատկերված, կարծում է նա ու պնդում, որ կոպիտ ու ագրեսիվ էր ոստիկանության վարքագիծը։ Սոսի Թաթիկյանը անհրաժեշտ է համարում, որ օրենսդրությամբ հստակ տարանջատում լինի, թե որ իրավիճակում ի՞նչ ուժ է կիրառվում։