Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քննչական կոմիտեն մերժել է պատգամավոր Արման Բաբաջայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումը

April 18, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ մանրամասներ էր հրապարակել 2008 թ.-ի իր բանտային կյանքից: Գրառման մեջ, որ տեղ գտավ նաև լրատվամիջոցներում,  նա անդրադարձել էր իր առողջական խնդրին և ոչ պատշաճ բուժօգնություն ստանալուն: 2008 թ.-ի վերջին ուժեղ գլխացավերով Ա. Բաբաջանյանը Դատապարտյալների հիվանդանոցից  տեղափոխվում է «Էրեբունի» ՔԿՀ, ուր հրավիրվում է ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հենրի Բակունցը: Նրա նշանակած դեղորայքային բուժումից հետո Բաբաջանյանի վիճակն ավելի է վատանում: Նա նորից տեղափոխվում է Դատապարտյալների հիվանդանոց: Հետագա հետազոտություններից պարզվում է, որ Բակունցի նշանակումները հակացուցված են եղել իր ախտորոշմանը. «B complex դեղամիջոցը, որը նշանակել է նյարդաբանը, և ես ամիսներ շարունակ ստացել եմ ներարկման միջոցով՝ հակացուցված է ուռուցք ունեցող հիվանդին։ B complex-ը սնում է ցանկացած ուռուցք»,- գրել էր Բաբաջանյանը:

 

2020 թ. մարտի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը պատգամավորի այս գրառման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու, հարուցված գործի շրջանակներում լրիվ, բազմակողմանի և պատշաճ քննություն անցկացնելու, քրեակատարողական հիմնարկներում Ա․ Բաբաջանյանի իրավունքների խախտման մեղավորներին օրենքով սահմանված կարգով բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով: 

 

Հավելենք, որ գրառումը Բաբաջանյանն այսպես էր եզրափակել. «Երկուսից մեկի անունն եմ մտաբերում այս պահին, մյուսի՝ ազգանունը։ Այդ մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարներից մեկի հայրն էր։ Անունները կարևոր չեն, ես հստակ գիտեի, որ հրահանգները տրվում են ամենավերևից՝ անազատության առաջին փուլում դա Քոչարյանն էր, վերջում՝ Սերժ Սարգսյանը։ Ներքևներում բոլորը կատարող էին»։

 

Մարտի 6-ին Ա. Սաքունցի հաղորդումը՝ Բաբաջանյանի գրառման պատճենի հետ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Հաշվի առնելով, որ նյութերում չկա պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ քրեական օրենքով արգելված արարք կատարելու հատկանիշներ, նախապատրաստված նյութերը մարտի 27-ին ՀՔԾ-ից  ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

 

Բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ  Ա. Մնացականյանը 2020 թ. մարտի 31-ին ընդունել է որոշում՝  քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Համաձայն որոշման՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Բաբաջանյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ ֆեյսբուքյան գրառումն ուղղակի հրապարակում է, և այն չի ներկայացրել որպես հաղորդում՝ հանցագործության մասին: Բաբաջանյանը հրաժարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն անցնելուց և խնդրել գործով նյութերը թողնել անհետևանք: Այդ ընթացքում պարզվել է նաև, որ նրա գործը քրեակատարողական հիմնարկում արխիվացվել և ոչնչացվել է՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու նույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակում պարտավոր են քրեական գործ հարուցել: Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածն էլ սահմանում է, որ քրեական գործի հարուցման առիթ կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հանցագործությունների մասին հաղորդումները՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին:

 

Հատկապես կարևոր գործերով քննիչ Մնացականյանը վկայակոչել է մի շարք իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վերլուծությունները, որոնց համադրությունն էլ մերժման որոշում ընդունելու հիմք է դարձել: 

 

Ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերլուծությունների՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկությունը: Միայն դրանց հիման վրա կարելի է ստուգել, քրեական գործ հարուցել կամ հարուցումը մերժելու որոշում ընդունել: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել ոչ թե ցանկացած, այլ միմիայն հանցագործության մասին տրված հաղորդումը և այն պետք է հստակ տվյալներ պարունակի կոնկրետ հանցագործության մասին, որովհետև հաղորդումն իրավաբանական փաստ է, որից էլ բխում են տարբեր դատավարական իրավահարաբերություններ: 

 

Վերը հիշատակված իրավական նորմերով առաջնորդվելով՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրակացության, որ այս գործով նյութերը չեն պարունակում հանցակազմ կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների մասին, քանի որ հաղորդում տված անձի ներկայացրած տվյալները վերացական են՝ զուրկ որոշակիությունից: Անձը, ով կարող է դրանց շուրջ պարզաբանումներ տալ, հրաժարվել է բացատրություններ ներկայացնելուց, իսկ նման պարագայում անհնար է քրեական գործի հարուցումը: 

 

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներով՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Մնացականյանն ընդունել էր որոշում՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 

 

Նկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտումներ՝ 742

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????