COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հեռավար աշխատանքի անցնելուց հետո մեր աշխատակիցները շարունակեցին իրավական աջակցություն տրամադրել քաղաքացիներին հեռավար կարգով։
Ամփոփել ենք արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 2020 թ․ մարտի 16 - ապրիլի 15 ժամանակահատվածում, քաղաքացիների կողմից ստացած դիմումներն ու արձանագրված խնդիրները։
Իրավախորհրդատվությունը տրամադրվել է և հեռախոսազանգի, և համացանցի տարբեր գործիքների միջոցով։
Այսպես՝ 2020 թ․ մարտի 16 - ապրիլի 15 ժամանակահատվածում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տրամադրել է 125 իրավաբանական խորհրդատվություն։
Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ահազանգերի թվում ամենամեծ թիվ են կազմել աշխատանքային իրավունքներին վերաբերվող հարցերը` 25 խորհրդատվություն, ևս 25 դեպքում խորհրդատվություն է տրամադրվել զորակոչիկներին, նախկին ու ներկա զինծառայողներին։
Բազմաթիվ են եղել հարցերը Կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Արտակարգ դրության մեկ ամսվա ընթացքում այդ բնույթի հարցերով իրավախորհրդատվություն ենք տրամադրել 17 անգամ։ Դրանց մասին մենք պարբերաբար հրապարակումներ ենք արել «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։
Նշենք, որ 2 դեպքում քաղաքացիները հետաքրքրվել են տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով կազմված վարչական ակտի բողոքարկման մեխանիզմների մասին։
Բացի ընթացիկ հարցերից՝ արտակարգ դրության պայմաններում 1 ահազանգ ենք ստացել պայմանագրային զինծառայողից՝ սահմանված 15 օր հերթափոխային ժամկետից ավել՝ 1.5 ամիս տևողությամբ անընդմեջ պայմանագրային ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք մանրամասն թվային տվյալները՝ ըստ խախտված իրավունքների և արձանագրված խնդիրների։
Աշխատանքային իրավունքներին առնչվող 25 իրավախորհրդատվությունից 4-ի դեպքում արտակագ դրությամբ պայմանավորված՝ աշխատանքը դադարեցվել և վճարում չէր կատարվել, 3 դեպքում աշխատանքը եղել է անօրինական, 1-ական դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծել է ժամկետից շուտ, գործատուն չի պահպանել աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամկետները, աշխատողներին ստիպում են վերցնել չվճարվող արձակուրդ, հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկ և վճարում չի կատարվել, հաստիքը կրճատվել է՝ առանց մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ աշխատանք առաջարկելու, կրճատվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի հաստիքը, գործատուն խախտել է վերջնահաշվարկի կարգը, ևս մեկ դեպքում գործատուն հրաժարվել է աշխատողի փաստացի աշխատավարձը գրանցել աշխատանքային պայմանագրում՝ հարկերից խուսափելու նպատակով։
10 դեպքում հարցն առնչվել է աշխատանքային իրավունքին, բայց իրավունքի խախտում չի արձանագրվել։ Դրանցից 3-ը վերաբերել է հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու գործատուի ու աշխատողի իրավունքներին, 2-ական դեպք՝ չվճարվող և վճարվող արձակուրդի տրամադրման կարգին, արտակարգ դրության պայմաններում կազմակերպությունների գործունեության դադարեցման դեպքում աշխատանքի վարձատրության կարգին, աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկի կարգին, ևս մեկը՝ արտակարգ դրության պայմաններում աշխատանքի էական պայմանների փոփոխության կարգին։
Առողջության պաշտպանվածության իրավունքին առնչվող 2 իրավախորհրդատվությունն էլ վերաբերել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքին։
Սոցիալական ապահովության իրավունքին առնչվող 22 իրավախորհրդատվություն է տրամադրվել․ 17-ը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության միջոցառումներին, 2 դեպքում՝ կենսաթոշակի նշանակմանն ու վճարմանը, 3 դեպքում՝ սոցիալական ծանր վիճակում հայտնված անձանց սոցիալական աջակցությունների տրամադրում։
Սեփականության իրավունքին առնչվող 16 իրավախորհրդատվության գերակշիռ մասը՝ 9 դեպք, վարկային պարտավորությունները տարաժամկետելու ընթացակարգին է վերաբերել, 3-ը՝ ժառանգության ընդունման ընթացակարգին, 2-ը՝ բնակարանային ապահովություն ստանալու ընթացակարգին, 1-ական դեպք՝ ժառանգությունից հրաժարվելու և բաժնեմասն առանձնացնելու ընթացակարգերին։
Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքին առնչվող 14 իրավախորհրդատվություն է տրամադրվել․ 8-ը՝ պետական մարմինների/դատարանների որոշումները և վճիռները բողոքարկելու ընթացակարգին վերաբերող, 6-ը՝ ըստ իրավական կարգավիճակի՝ իրավունքները արդյունավետ պաշտպանելու իրավական հնարավորություններին։
Տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող բոլոր 6 իրավախորհրդատվություններն առնչվել են պետական մարմինների գործունեությանն առնչվող տեղեկատվություն ստանալու ընթացակարգերին։
Ընտանեկան իրավունքի վերաբերյալ 2 իրավախորհրդատվությունները ամուսնալուծության կարգին, ալիմենտի բռնագանձման պահանջի ներկայացման ընթացակարգերին մասին են եղել։
2 իրավախորհրդատվություն տրամադրվել է քաղաքացիություն ստանալու իրավունք մասով․ քաղաքացիներին հետաքրքրել են ՀՀ անձնագրային և վիզաների վարչություն դիմելու և ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգ և հիմքերը։
Անձնական անձեռնմխելիության իրավունքին է առնչվել 1 իրավախորհրդատվություն՝ ոստիկանությունը քաղաքացուն բռնի ուժով, առանց հիմքերի, տեղափոխել է հոգեբուժական հաստատություն։
Սնանկության իրավունքին առնչվող մեկ իրավախորհրդատվություն է տրամադրվել՝ սնանկ ճանաչվելու համար դատարան դիմելու ընթացակարգի և հիմքերի մասին։
Եվս մեկ իրավախորհրդատվություն տրամադրվել է սպառողների իրավունքների մասով՝ գնված ապրանքը հետ վերադարձնելու հարցով։
Ազատ տեղաշարժման իրավունքին առնչվող մեկ իրավախորհրդատվությունն էլ վեաբերել է արտակարգ դրության ժամանակ ՌԴ-ից Հայաստան հետ վերադառնալու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։
2 իրավախորհրդատվություն տրամադրվել է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի վերաբերյալ, 3-ը՝ պատշաճ վարչարարության իրավունքի․ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժմանն առնչվող ապօրինի վարչական պատասխանատվության ենթարկելու մասով։ Եվս 3-ը վերաբերել է արդար դատաքննության իրավունքին՝ տեղաշարժի թերթիկը չունենալու պատճառով կազմված վարչական ակտի բողոքարկմանը։
25 իրավախորհրդատվություն տրամադրվել է զորակոչիկներին, նախկին ու ներկա զինծառայողներին, ընդ որում՝ այս ոլորտում ոչ բոլոր դեպքերում է արձանագրվել իրավունքների խախտում։
6-ական դեպք վերաբերել է առողջական խնդիրներին ու պատշաճ բժշկական զննություն անցնելու պայմաններին, ընթացակարգերին, ինչպես նաև՝ զինծառայությանը պիտանի ճանաչվելու և զինծառայության մեկնելուց հրաժարվելու պարագայում նշանակված դատաբժշկական փորձաքննությանը։
2 դեպք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պարտադիր զինվորական ծառայության անցնելու ընթացակարգերին է վերաբերել։
1-ական դեպք՝ «Պատիվ ունեմ» ծրագրով կրթությունը շարունակելու համար տարկետման իրավունք ունենալու և բուհից դուրս մնալու դեպքում պարտադիր զինվորական ծառայության անցնելու իրավաչափությանն և ընթացակարգերին, երկքաղաքացի լինելու դեպքում ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու կամ ազատվելու և այլ պետությունում ծառայելու ընթացակարգերին, ծառայության ընթացքում ունեցած սահմանափակումների վերացման հնարավորություններին ու ընթացակարգերին, զինծառայության այլ՝ զինծառայողի համար ոչ բարենպաստ վայր տեղափոխելուն և զինվորական ծառայության ընթացքում պետի հրամանը չկատարելու իրավական հետևանքներին, 15 օր հերթափոխային ժամկետից ավել՝ 1.5 ամիս տևողությամբ անընդմեջ պայմանագրային ծառայության մեջ գտնվելու իրավաչափությանը, զինծառայությունից ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված զորացրման հնարավորություններին ու ընթացակարգերին, պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերելու հանգամանքով պայմանավորված վաղաժամ զորացրվելու իրավաչափության բողոքարկմանը, հաշմանդամության խմբի սահմանման կարգին ու ԿՌԲՀ որոշման վերանայմանը, դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգին ու ժամկետներին, հաշմանդամության խումբ տրամադրամադրելու ընթացակարգին, զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության բուժմանն ու անհրաժեշտ դեղորայքի ապահովմանը։
Արձանագրված խնդիրների մի մասի վերաբերյալ պարբերաբար հրապարակումներ ենք արել ՀՔԱՎ կայքէջի «Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում» բաժնում։