March 27, 2020
COVID-19 |
Գրադարան |
Հրապարակումներ
Covid-19-ի համավարակը լուրջ սպառնալիք է հանրային առողջապահության համար, սակայն վտանգների դեմ պայքարելու նպատակով որդեգրված արտակարգ միջոցները կարող են նաև ունենալ խտրական և վնասակար ազդեցություն, իսկ ճգնաժամի ավարտից հետո կարող են շարունակվել օգտագործվել այլ նպատակներով։ Freedom House-ը կոչ է անում կառավարություններին՝ համավարակի ընթացքում և դրանից հետո պաշտպանել քաղաքացիական և քաղաքական իրավունքները՝ հետևելով ստորև ներկայացված սկզբունքներին․
- Ցանկացած արտակարգ սահմանափակում պետք է պարզ կոմունիկացվի, գործի դրվի թափանցիկ ձևով, լինի հիմնված օրենքի վրա, անհրաժեշտ՝ ծառայելու իրավաչափ նպատակի և համաչափ վտանգին։
- Այն արտակարգ սահմանափակումները, որոնք ազդում են հիմնարար իրավունքների վրա, այդ թվում՝ հավաքների և միավորումների կամ տեղաշարժման ազատությունների վրա, պետք է ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և կիրառվեն ու երկարաձգվեն միայն թափանցիկ չափանիշների հիմքով։ Անհատները պետք է հնարավորություն ունենան պահանջել իրավունքի պաշտպանության միջոց և փոխհատուցում՝ ճգնաժամի ընթացքում կատարված իրավունքի ցանկացած անհարկի կամ անհամաչափ խախտման համար։
- Նոր կամ ընդլայնված հսկողության ծրագրերը, որոնք օգտագործում են զարգացող տեխնոլոգիաներ կամ հավաքագրում են անհատների անձնական տվյալները, այդ թվում նաև մասնավոր ընկերություններից ձեռք բերված ծրագրերը, պետք է կառավարվեն բաց և թափանցիկ ձևով, լինեն գիտականորեն անհրաժեշտ՝ սահմանափակելու հիվանդության տարածումը, ունենան ժամանակային սահմանափակում, լինեն ենթակա անկախ վերահսկողության և պաշտպանված այլ կոմերցիոն և կառավարական օգտագործումից, ինչպիսին է՝ իրավապահ և ներգաղթի քաղաքականության կիրարկման նպատակներով կիրառումը։
- Արտակարգ դրության ժամանակ հատկապես կարևոր է ազատ մամուլը։ Տեղեկատվության ազատ հոսքը չպետք է ենթարկվի պետական գրաքննության կամ այլ անհարկի սահմանափակումների։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու և պահելու համացանցի և հաղորդակցման այլ հարթակների հասանելիությունը։ Կեղծ տեղեկություն տարածելու համար քրեական պատիժները անհամաչափ են և հակված են կամայական կիրառման և չարաշահման։ Դրա փոխարեն՝ կառավարությունները պետք է դիմակայեն սխալ տեղեկատվությանը՝ տրամադրելով պարզ, ճշգրիտ և արդի տեղեկություններ։
- Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ պաշտպանելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը, այդ թվում՝ համապատասխանաբար փոխելով ընտրողների գրանցման կանոնները և ընտրատեղամասերի ընթացակարգերը, խրախուսելով վաղ քվեարկությունը և թույլ տալով էլեկտրոնային փոստով կամ այլ հեռավար քվեարկության ընթացակարգերի կիրառումը, եթե դրանց ամբողջականությունը կարող է ապահովվել։ Ընտրությունների հետաձգումը պետք է լինի վերջին միջոցը, լինի հիմնավորված օրենքով և համաձայնեցված քաղաքական ուժերի և անկախ փորձագետների կոնսենսուսով։
Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի
freedomhouse.org
Դիտումներ՝ 1113