Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ ՀՀ դատական օրենսգրքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ

December 29, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Լրացուցիչ անհամատեղելիության պահանջի սահմանումը հակասում է ներպետական և միջազգային օրենսդրությանը

 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հանրային քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ)։

 

Նախագծով առաջարկվում է  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը» վերտառությամբ 86-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ «Դատավորի լիազորությունները դադարեցնելը» վերտառությամբ 159-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը» վերտառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանել լրացուցիչ անհամատեղելիության պահանջ հետևայլ բովանդակությամբ՝ «անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»:

 

Նախագիծը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված մարդու հիմնարար իրավունքի խախտումը դասում է անհամատեղելիության պահանջների խախտումների շարքին և ըստ էության տարբերակում չի դնում նյութական և դատավարական նորմի խախտման և անհամատեղելիության պահանջների խախտման միջև։ 

 

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտում կատարած լինելու փաստը չի կարող ներառվել Նախագծով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտումների շարքում, քանի որ անհամատեղելիության պահանջների խախտումը, ըստ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի ենթադրում է հետևյալը

 

«1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: 2. Դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: 3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի: 4. Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝ 1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, և 2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում: 5. Դատավորը չի կարող գործել որպես կտակակատար կամ գույքի հավատարմագրային կառավարիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

 

Օրենքը «անհամատեղելիության պահանջներ» հասկացության ներքո նկատի է առնում որոշակի պաշտոն կամ որոշակի աշխատանք կատարելու արգելքը և որպես անհամատեղելիության պահանջի խախտում չի նախատեսում նյութական կամ դատավարական նորմի խախտումը։ Հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը նույնպես որպես անհամատեղելիության պահանջ նկատի է առնում հանրային ծառայողի՝ կարգավիճակով չպայմանավորված պաշտոն զբաղեցնելու կամ ձեռնարկատիրական աշխատանք կատարելու արգելքը։ 

 

Հարկ է նշել, որ իրավունքի նորմի խախտումը որպես անհամատեղելության պահանջ չի ենթադրվում նաև միջազգային իրավունքում, մասնավորապես միջազգային իրավունքը տարբերակում է բացարձակ (գործառութային (absolute (functional)) և հարաբերական (relative) անհամատեղելիության տեսակները։ Բացարձակ անհամատեղելիության համաձայն՝ դատավորը չի կարող իրականացնել որևէ քաղաքական կամ վարչական գործառույթ կամ զբաղվել որևէ այլ մասնագիտական բնույթ կրող գործունեությամբ։ Հարաբերական անհամատեղելիության պահանջը վերաբերում է գործը  քննող դատավորի անկողմնակալությանը և անաչառությանը, կոնկրետ գործը քննելու նպատակահարմարությանը, ինքնաբացարկի ինստիտուտին։ 

 

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թ հոկտեմբերի 4-ին կայացրած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ, հիմք ընդունելով անհամատեղելիության պահանջների վերաբերյալ ներպետական և միջազգային (Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 (2002) կարծիք, 16-րդ, 17-րդ, 37-րդ, 39-րդ պարբերությունները) կարգավորումները հաստատել է հետևյալը «Անհամատեղելիության պահանջների բովանդակային նշանակությունը հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ երաշխիք սահմանելն է, որի արդյունքում վերջիններս հնարավորություն կունենան պաշտոնի նշանակվելուց կամ ընտրվելուց հետո մեկամսյա ժամկետում վերացնելու իրենց զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի այլ գործունեությունը, դրանով իսկ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց մոտ շահեի բախման իրավիճակները»։

 

Թեև Նախագծի հեղինակներն օրենսդրական փոփոխությունների ընդունումը պայմանավորում են դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ, Օրենքի 142-րդ հոդվածով ամրագրված էական կարգապահական խախտման՝ որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի  և Նախագծով նախատեսվող լիազորությունների դադարեցման դեպքերի միջև առկա է համընկնում։ Մասնավորապես, համաձայն Օրենքի 142-րդ հոդվածի՝ էական կարգապահական խախտում է համարվում արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, և հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման։

 

Համաձայն Նախագծի՝ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը։

 

Ինչպես էական կարգապահական խախտման դեպքում, այնպես էլ Նախագծով նախատեսվող կարգավորումների պարագայում արձանագրվում է նյութական կամ դատավարական նորմի խախտման փաստ, այն տարբերությամբ, որ Նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խախտումը միայն արձանագրվում է միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կողմից, մինչդեռ էական կարգապահական խախտումը առավել լայն է սահմանված և ներառում է թե՛ ներպետական, թե՛ միջազգային դատական կամ այլ ատյանների կողմից արձանագրված խախտումները։ Սակայն հարկ է նշել, որ խախտումն արձանագրող սուբյեկտների տարբերությունը չի փոփոխում խախտման բովանդակությունը։ Ստացվում է, որ Նախագծով ըստ էության նախատեսվել է էական կարգապահական խախտման առանձին տեսակ, այլ ոչ թե դատավորի լիազորությունների դադարեցման ինքնուրույն հիմք։

 

Ուստի, քանի որ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտում կատարած լինելու փաստը էական կարգապահական խախտման կոնկրետացված դրսևորում է, վերջինիս նկատմամբ կիրառվում է դիտավորության կամ կոպիտ անփութության մեղքի ձևերը և ոչ միայն «միտումնավոր» ձևը, ինչպես Նախագծով է սահմանված խախտման փաստը ենթակա է քննության կարգապահական վարույթի շրջանակներում՝ վարույթային բոլոր երաշխիքների և ընթացակարգային պահանջների պահպանմամբ։

 

Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1488 որոշման համաձայն․ «4) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման՝ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմքերի մեկնաբանության ժամանակ, որոնք ենթակա են կոնկրետացման սահմանադրական օրենքում, օրենսդիրը պետք է դրսևորի զսպվածություն և օրենսդրական կարգավորումների միջոցով չնենգափոխի Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է՝ անհարկի չընդլայնի այդ հիմքերի կիրառման օրենսդրական հնարավորությունը, թույլ չտա դրանց կամայական մեկնաբանություն, երաշխավորի դրանց կիրառման ժամանակ արդարության բոլոր պահանջների պահպանումը, այդ թվում՝ պատշաճ ընթացակարգային երաշխիքներ դատավորի լիազորությունները դադարեցնելու ժամանակ»:

 

2 Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կողմից կայացված ակտերում չի հաստատվում դատավորի մեղքը, խախտումը «միտումնավոր» կատարած լինելու հանգամանքը․ դատավորի կողմից կատարված խախտման դիտավորյալ կամ անզգույշ լինելու հանգամանքը քննվում և հաստատվում է կարգապահական վարույթի շրջանակներում

 

«Ժողովրդավարությունիրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի վերաբերյալ 2019 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ CDL-AD(2019)024[1] կարծիքում նշել է «Այս ձևակերպումն ավելի լավն է, քան նախկինում նախատեսված առաջարկը՝ դատավորի յուրաքանչյուր գործողություն, որը հանգեցրել է ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված ՄԻԵԿ-ի խախտման, ճանաչել որպես կարգապահական խախտում։ Վենետիկի հանձնաժողովը հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը երբեք չի հաստատում անհատ դատավորի անձնական մեղքը։ Նրա եզրակացությունները վերաբերում են ազգային համակարգի թերի գործունեությանը, որպես ամբողջություն, որը հազվադեպ կարող է ենթադրել առանձին դատավորի մեղքը: 142-րդ հոդվածի 9-րդ կետը պարունակում է կարևոր վերապահում, որը պետք է հաշվի առնվի 142-րդ հոդվածի 6-րդ մասի մեկնաբանության ժամանակ: Այսպես ասած, ոչ մի վատ բան չկա բացահայտորեն նշելու միջազգային դատարանների կողմից հաստատված մարդու իրավունքների խախտումները, եթե դատավորի գործողությունները կարող են բացատրվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ուստի առաջարկվող տեքստն ընդունելի է»:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ միջազգային դատարանի վճռի հիման վրա առանձին դատավորի մեղքը հարկավոր է քննարկման առարկա դարձնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննության ենթակա կարգապահական վարույթի շրջանակներում և անընդունելի է «ինքնաշխատ» եղանակով դատավորի լիազորությունների դադարեցումը առանց դատավորի մեղավորության հարցում խորամուղ լինելու և քննարկման առարկա դարձնելու։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ դատավորների կարգապահական կանոնների նպատակն է ապահովել դատարանների իրավասությունը, այլ ոչ թե ապահովել օրենքի ճիշտ կիրառումը, ինչը բողոքարկման ընթացակարգի խնդիրն է: «Օրենքի խախտումների համար» գրեթե ինքնաշխատ հեռացումը հակասում է դատական անկախության հիմնարար հայեցակարգին: Ըստ այդմ՝ օրենքում պետք է հստակ սահմանվի, որ պաշտոնից ազատման պատժամիջոցն ամենալուրջ պատժամիջոցն է, որը կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում և որպես ծայրահեղ միջոց: Կարգապահական հանձնաժողովը պետք է տեղյակ լինի, որ իր բոլոր որոշումները պետք է անցնեն համաչափության քննություն, ինչպես դա շարադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (CDL-AD(2007) 009, կետ 29): 

 

Այսպիսով, միջազգային դատական ատյանի կողմից արձանագրված մարդու հիմնարար իրավունքի խախտման փաստը պետք է անցնի համաչափ քննություն՝ վարութային բոլոր երաշխիքների խստիվ պահպանման, խախտման բազմակողմանի և լրիվ քննության և խախտմանը համաչափ կարգապահական տույժ նշանակելու սկզբունքների հենքի վրա։ 

 

  1. Օրենքի հետադարձ ուժի կիրառումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

 

Նախագծով նախատեսվել է, որ խախտում է համարվում դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»:

 

Սահմանադրության 73-րդ հոդվածը նախատեսում է օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի կիրառման կանոնները, մասնավորապես «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:  2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

 

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարևորելով, որ «... անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «... հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:

 

Այսպիսով, գործող Սահմանադրությամբ նախատեսված է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման բացարձակ կանոն, որը տարածվում է ցանկացած անձի, այդ թվում դատավորների հետ կապված հարաբերությունների և վերջիններս կարգավորող իրավական նորմերի վրա։  

 

Օրենքի նորմերին հետադարձ ուժ տալու հետ կապված Վենետիկի հանձնաժողովը նշել է«Փոփոխված Դատական օրենսգիրքը սահմանում է որոշակի նոր պարտականություններ դատավորների և նրանց հետ սերտ փոխկապակցված անձանց համար (հիմնականում կապված նվերների ընդունման և ֆինանսական հայտարարագրեր ներկայացնելու պարտականությունների հետ): Ավելին, Դատական օրենսգրքի որոշ դրույթներ վերաձևակերպվել են՝ դատավորի պարտականություններն ընդլայնելու, նրանց պատասխանատվության ենթարկելու ժամկետները երկարացնելու նպատակով և այլն։ Որպես կարևոր նախնական դիտողություն՝ Վենետիկի հանձնաժողովն ակնկալում է, որ այդ դրույթները հետադարձ ուժ չեն ունենա, ինչպես այցի ընթացքում զեկուցողներին վստահեցրել են Հայաստանի իշխանությունները։ Ապահովելու համար, որ փոփոխությունների այս ըմբռնումը գործնականում հարգվի, հայ օրենսդիրը կարող է դիտարկել Դատական օրենսգրքում հետադարձ ուժ չունենալու հատուկ դրույթ ներառելը»:

 

Նախագծի այն հիմնավորման առնչությանբ, որ հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով՝ հայտնում ենք, որ ՀՀ իրավական համակարգում անձի իրավական վիճակը վատթարացնող ցանկացած իրավական նորմի հետադարձ ուժ տրվել չի կարող, քանի որ գործող Սահմանադրությամբ նախատեսված է բացարձակ արգելք, այն է՝ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն» որևէ բացառության մասին Սահմանադրությունը կարգավորում չի պարունակում։ 

 

Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, որ պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով, բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը որոշ երկրներում, այդ թվում ամերիկյան և անգլիական դատական պրակտիկայում, համարվել է թույլատրելի՝  նշենք, որ, հիրավի, արտասահմանյան մի շարք առաջադեմ երկրներում անձի իրավական վիճակը վատթարացնող սահմանափակ շրջանակի որոշակի օրենենքերի հետադարձ ուժ տրվել է, սակայն այդ դեպքերում նման երկրների Սահմանադրությունը չի արգելում վատթարացնող օրենքների հետադարձ ուժի կիրառումը, իսկ անգլոամերիկյան համակարգի երկրներում որոշակի բացառիկ դեպքերում նման վերապահումներ տրվել են դատական նախադեպերի շրջանակներում։

 

Հաշվի առնելով նշված հանգամանքը, հետադարձ ուժի արգելքի սկզբունքից բացառությունը հնարավոր է դիտարկել միայն Սահմանադրության փոփոխությունների մշակման համատեքստում։

 

Առաջարկում ենք

 

  1. դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտում կատարած լինելու փաստը նախատեսել որպես կարգապահական խախտման տեսակ՝ ի թիվս այլ էական կարգապահական խախտումների, 

  2. Օրենքին հետադարձ ուժ հաղորդելու հարցը դիտարկել Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ նախատեսվող քննարկումներում՝ լավագույն փորձի վրա հիմնված, խիստ իրավաչափ նպատակ հետապնդող  և հանրային շահից բխող բացառություն նախատեսելու միջոցով։

 

Դիտումներ՝ 299

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????