«Դատական բարեփոխումների ընթացքը՝ հետհեղափոխական եւ հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկմանն իր խոսքում ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը կարևոր շեշտադրումներ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև։
Մենք՝ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ, Հեղափոխությունից առաջ եղած իրավիճակը գնահատում ենք որպես պետության զավթում։ Պետության զավթման գործընթացը դադարեցվեց հեղափոխությամբ, որի բուն պատճառը արդարության դեֆիցիտն էր։ Հեղափոխությունը մարդկանց, որոնց իրավունքները շարունակաբար և անպատժելիորեն խախտվում էին, չլսված լինելու հետևանքով եղավ։
Նաև այդ պատճառով Հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018 թ․ դեկտեմբերի 28-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հրապարակեցին ՀՀ ժողովրդավարական վերականգնման ճանապարհային քարտեզը։ Նոր իշխանությանը մեր առաջարկն էր՝ առնվազն հաշվի առնել այդ մոտեցումները։
«ՀՀ-ում անցումային արդարադատության գործիքակազմը կիրառվելու է հետևյալ շրջանակներում․
Հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր հետևյալ ոլորտներում․
1991 թ․ սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ
1991 թ․ սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքակական հետապնդումներ
Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ
սեփականազրկումների այլ դրսևորումներ
ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ
Դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վերհանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը։
․․․
Հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թ․-ի 1-ին եռամսյակի ընթացքում, կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը 2 տարի է՝ անհրաժեշտության դեպքում 1 տարով երկարաձգման հնարավորությամբ»։
Սա հատված էր ՀՀ Կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 10-ի որոշման հավելվածից։
Այսօր 2021 թ․ նոյեմբերի 2-ն է։
Եթե այս քննարկումը լիներ 2019 կամ 2020 թ․-ին, բոլորովին այլ մթնոլորտ կլիներ, բայց մենք 2021-ի վերջին եռամսյակում ենք։ Մթնոլորտը բոլորովին այլ է, բայց այնպիսի իրավիճակ է, կարծես ամեն ինչ սովորական է։
Ի վերջո պե՞տք է փոփոխություններ կատարվեն կառավարման համակարգում։
Ի վերջո պե՞տք է մարդու իրավունքների պարբերաբար խախտումներից տուժած մարդիկ լսելի լինեն, թե՞ շարունակելու են մնալ չլսված։
Սա էապես վտանգում է այն մթնոլորտն ու հույսերը, որոնք կային 2018-ին։
Պե՞տք է ջանքեր գործադրվեն այդ մթնոլորտը վերականգնելու համար այն իմաստով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց ձայնը լսելի է։
Պետք է լսելի լինի հազարավոր քաղաքացիների ձայնը, որոնց իրավունքները խախտված են եղել, որոնք վախից ձայն չեն հանել։
Ի վերջո անցումային արդադատությունը, որպես Կառավարության պարտավորություն, ո՞վ է կատարելու։
Աշխատանքային խմբի կարիք չկա, Կառավարության պատասխանատվության ու հաշվետվողականության կարիք կա, թե ինչու չի կատարել իր իսկ հաստատած ռազմավարությամբ ամրագրված գործողությունը։
Ինչպես ժամանակին ասել ենք՝ այս սահմանադրությունը միակուսակցական կառավարման երաշխավորումն է, պետության զավթումը սահմանադրության մակարդակով ամրագրող սահմանադրություն է, և դրա շրջանակներում ինչ էլ անեք, լինելու է այդ նույն տրամաբանության մեջ։
Մենք իրավունք չունենք մսխելու այս հնարավորությունը, որն ընձեռված է․ փաստահավաք հանձնաժողովը, որ մենք անվանում ենք ճշմարտության հանձնաժողով, պետք է օր առաջ ստեղծվի։
Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը անկյունաքարային նշանակություն ունի անցումային արդարադատության տեսանկյունից։ Այս պարտավորությունից հրաժարավելն անթույլատրելի է։