Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ դատարանում սկսվել է «Մարալիկի գործը»․ քաղաքական հայացքների հիմքով խախտվել էր աշխատանքային իրավունքը

June 16, 2023

«Մարալիկի գործ» | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Ռազմավարական գործեր | ՏԻՄ գործունեություն

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվում են ոչ միայն հաջողության վերջնական արդյունքներ, այլ նաև լուծվում են իրավունքի պաշտպանության ընթացքում առաջացող ընթացակարգային խնդիրներ:

 

Ծրագրի շրջանակում իրավական աջակցություն ստանալու խնդրանքով ՀՔԱՎ-ին էին դիմել  Ջ.Ա.-ն, Ա.Հ-ն, և Գ.Ա-ն (այսուհետ՝ Դիմումատուներ):  Վերջիններս ազատվել էին աշխատանքից խտրականության դրսևորման պատճառով, մասնավորապես՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Գործատուն իրենց հետ կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետները կրկին չէր երկարաձգել և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծել էին պայմանագրերը՝ ի տարբերության նույն հաստատության այլ աշխատակիցների: Ընդ որում, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը չերկարաձգելը և աշխատանքային պայմանագրի լուծումը նախորդել էին տվյալ համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին: Դիմումատուների աշխատանքային պայմանագրերի ուսումնասիրման արդյունքում պարզվեց, որ գործատուն պարտավոր էր նրանց հետ ո՛չ թե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, այլ Աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով սահմանված կարգով պետք է կնքեր անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Սրա փոխարեն գործատուն  կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և պարբերաբար երկարաձգել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը: Նման դեպքում, համաձայն Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումների, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր և, հետևաբար, չի կարող լուծվել պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու հիմքով:

 

ՀՔԱՎ-ը, ստանձնելով Դիմումատուների իրավունքի պաշտպանությունը, նրանց  անունից մեկ միասնական հայց է ներկայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Դիմումատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ճանաչել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր, անվավեր ճանաչել Հաստատության տնօրենի՝ Դիմումատուներին աշխատանքից ազատելու մասին ոչ իրավաչափ Կարգադրությունները, վերականգնել Դիմումատուներին իրենց նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հայցադիմումով ներկայացվել է նաև Դիմումատուների նկատմամբ Հաստատության կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված խտրական վերաբերմունք  դրսևորելու փաստական և իրավական հիմքերը:

 

Դատարանի որոշմամբ` ներկայացված հայցադիմումը վերադարձվել էր այն պատճառաբանությամբ, որ «թեև հայցվորներն իրենց պահանջներն ուղղել են նույն իրավաբանական անձի (Գործատուի)՝ դեմ, այնուամենայնիվ, հայցվորների պահանջները միմյանց հետ որևէ կերպ փոխկապակցված չեն։ Այն հանգամանքը, որ հաստատության տնօրենի նույն օրվա մի քանի կարգադրություններով ազատվել են հաստատության մի քանի աշխատակից, հիմք չէ այդ աշխատակիցների կողմից ներկայացված կարգադրություններն անվավեր ճանաչելու պահանջները փոխկապակցված դիտելու համար»։  Նշված դեպքում փաստացի Դատարանը գնահատման առարկա չէր դարձրել պահանջների փոխկապվածության և իրավահարաբերությունների բովանդակության լրիվ համընկման հանգամանքը և նեղ մեկնաբանելով օրենսդրությամբ սահմանված կարգավորումները՝ սահմանափակել էր Դիմումատուների՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը: 

 

 Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ՀՔԱՎ-ի կողմից բողոքարկվեց վերաքննության կարգով և արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 08.06.2023 թվականի որոշմամբ վերացրեց նշված որոշումը, ընդգծելով, որ «ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում Դատարանի տիրապետման ներքո գտնված փաստական տվյալները բավարար էին առաջին հայացքից (prima facie) հայցապահանջների փոխկապակցվածության՝ իրավահարաբերությունների բովանդակության համընկնման մասին եզրահանգման գալու համար․․․» Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները դիտում է հիմնավոր, իսկ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները՝  անհիմն:

 

Նշվածը հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանն անհարկի սահմանափակել է հայցվորների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության` դատական մատչելիության իրավունքը»:

 

Վերաքննիչ դատարանի սույն գործի շրջանակում կայացված նշված որոշումը կարևոր ձեռքբերում է հատկապես աշխատանքային վեճերով. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» Դատարանի ոչ իրավաչափ որոշման կայացման արդյունքում բախվում ենք այնպիսի խնդրի, ինչպիսին է հայցային վաղեմության ժամկետի բացթողումը։  Սույն գործով Հայցադիմումը վերադարձնելուց հետո հաջորդ կատարվող քայլը, որը Դատարանն ակնկալում էր դիմողից, այն էր, որ ներկայացված պահանջներն առանձնացվեին և ներկայացվեին Դատարանին առանձին-առանձին։ Ներկայացվող գործով կարող էինք առնչվել ընթացակարգային խնդրի, երբ առանձնացված հայցերով  հրամանի բողոքարկման երկամսյա ժամկետի ավարտմամբ պայմանավորված, կարող էր վտանգվել աշխատողի դատական պաշտպանության իրավունքի իրականացման հնարավորությունը: Հետևաբար, հատկապես աշխատանքային վեճերի վերաբերյալ քաղաքացիական գործերով համահայցվորների ինստիտուտի կիրառմամբ ներկայացված հայցերի դեպքում Դատարանը պետք է ամբողջական և համալիր ուսումնասիրի և գնահատի գործի փաստական հանգամանքները և ներկայացված պահանջների փոխկապվածությունը՝ աշխատողների դատական պաշտպանության իրավունքը անհարկի և անհիմն սահմանափակելուց խուսափելու նպատակով: 

Դիտումներ՝ 1273

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????