Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Ռազմավարական գործեր
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար։ |
2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես ուսուցիչ, հազարավոր անձանց նման իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցերի կողմից Գ․ Միաքայելյանը ձերբակալվել է և տարվել ոստիկանության բաժանմունք։ Ապա վերջինիս մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ ցույցերը և ցացարարներին ցրելու նպատակով կիրառվող հայտնի «զանգվածային անկարգություններին մասնակցելը» հանցակազմով։
2016թ-ից ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Միքայելյանի իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների պաշտպանությունը ներառել է ինչպե՛ս մեղադրանքի շուրջ Միքայելյանին պաշտպանելը ներպետական դատարաններում, այնպե՛ս էլ կալանավորման իրավաչափությունը վիճարկելը և՛ ներպետական դատարաններում, և՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հաստատված նախադեպային իրավունքի, կալանավորման օրինականությունը հիմնավորող պայմանն այն է, որ ձերբակալված անձի նկատմամբ առկա լինի հանցագործության կատարման ողջամիտ կասկած, սակայն որոշակի ժամանակահատված անց այն այլևս բավարար չէ: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերը շարունակում էին արդարացնել ազատությունից զրկելը: Երբ նման հիմքերը «համապատասխան» և «բավարար» են, Դատարանը նաև պետք է պարզի, թե արդյոք պետական մարմինները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել դատական վարույթների ընթացքում: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ կալանքի ցանկացած ժամկետի հիմնավորումը, որքան էլ որ կարճ լինի, պետք է հիմնավոր կերպով ապացուցվի պետական մարմինների կողմից: Որոշելիս՝ արդյոք անձը պետք է ազատ արձակվի կամ մնա կալանքի տակ, պետական մարմինները պարտավոր են դիտարկել նաև այլընտրանքային միջոցառումներ՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը դատարանում: Դատական ծառայողի՝ կալանավորման համար «համապատասխան» և «բավարար» պատճառաբանելու պահանջը, ի լրումն ողջամիտ կասկածի, կիրառվում է արդեն իսկ կալանավորումը նշանակելու մասին առաջին որոշման ժամանակ, այսինքն՝ «անմիջապես» ձերբակալությունից հետո։ Հետևաբար, ՀՔԱՎ բողոքը ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
2024թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը Միքայելյանն ընդդեմ ՀՀ -ի որոշում է հրապարակել, որով արձանագրել է՝ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար և փոխհատուցում է սահմանել 2․000 եվրո։
Չատինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ինչպես կոնվենցիայով նախատեսված մնացած հիմնարար իրավունքների խախտումների գործերը, այնպես էլ 5-րդ հոդվածի խախտման փաստը ճանաչելու տեսանկյունից շատ կարևոր է նմանատիպ վճիռների հայտարարությունը, քանի որ ՀՀ-ում մշտապես որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը և հատկապես ցույցերի, երթերի, խաղաղ հավաքների ընթացքում կիրառվում է որպես պատժիչ միջոց։