Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործում պետությունն ակնհայտ ոչ արդյունավետ քննություն է իրականացնում

May 20, 2020

COVID-19 | Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2019 թ.-ի ապրիլի 16-ին հետհեղափոխական Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Ոստիկանության օրվա առիթով հանդիսությանը հայտարարել էր, թե այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն. «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»։


Նույն օրը պարգևատրվեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մինչդեռ, օրեր առաջ՝ ապրիլի 8-ին, նույն հետհեղափոխական Հայաստանի ոստիկանների կողմից խոշտանգվելու, ապա և «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ծատինյանը:

 

Հիշեցնենք՝ Նոր Նորքի բաժնի ոստիկանները բերման էին ենթարկել Էդգար Ծատինյանին՝ սպանություն կատարելու կասկածանքով և դաժան ծեծի ենթարկել: Նրանք փորձել էին Էդգարից վկայություն կորզել՝ հակառակվելու դեպքում՝ սպառնացել «Կրիստալ» տեսակի թմրանյութ գցել գրպանը: Վերջինս էլ, գիտակցելով դրա հնարավոր հետևանքները, պոլիէթիլենային տոպրակով թմրանյութը կուլ էր տվել: 

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգման դեպքի առիթով 2019 թ. ապրիլի 15-ին ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ընթացքի մեջ է: Դրանից մեկ ամիս անց էլ հայտնի է դարձել երկրորդ քրեական գործի մասին՝ հարուցված Քննչական կոմիտեում՝ ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրման հիմքով։

 

Հարուցված  գործերի մասին տեղեկանալուց հետո Ծատինյանի մոր՝ Լարիսա  Եթարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործը ողջ ծավալով տուժող կողմին տրամադրելու և Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով։  Գլխավոր դատախազությունը, սակայն, 2 քրեական գործերը միացնելու և Հատուկ քննչական ծառայությունում քննելու «անհրաժեշտություն չէր տեսել»:

 

 

Է. Ծատինյանին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մինչ օրս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, մեկ տարուց ավելի ընթացող քննությունն էլ ընդամենը սահմանափակվել է առկա դատաբժշկական փորձաքննական եզրակացությամբ ու նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննությամբ, որը մինչ այժ ավարտված չէ և  արդյունքները մինչ օրս չկան:

 

«Նախաքննության մարմինը ջանասիրություն չի ցուցաբերում այս գործը լիարժեք քննելու հարցում: Եթե գործն արդեն 2 տարի  քննում են ու ոչինչ չեն արել, սպասում են փորձագետի եզրակացությանը, որ նոր միայն քննություն սկսեն, ոչ մի արդյունավետություն չի կարող լինել, որովհետև փորձաքննությունը պայմանավորված չէ քննչական գործողություններով»,- պնդում է փաստաբան Արայիկ Զալյանը: Քննություն իրականացնող մարմնի անաչառության մասին նրա բազմաթիվ բացարկները, բողոքներն ու անվստահությունը շարունակաբար մերժվել ու անտեսվել են: 

 

Տեսնելով, որ պետությունը չի կարողանում ապահովել գործի արդյունավետ քննությունը, Արայիկ Զալյանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝  պետության կողմից Եթարյանի որդու կյանքի իրավունքի երաշխավորման պարտավորությունը չկատարելու համար: Ըստ Զալյանի՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքներ:

 

Մասնավորապես՝  պետությունը խախտել է իր պոզիտիվ պարտավորությունը՝ սահմանված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով, որով երաշխավորվում է, որ  պաշտոնատար անձինք և պետական մարմինները պետք է որոշակի պոզիտիվ քայլեր ձեռնարկեն անձանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու ուղղությամբ՝ անկախ այն հանգամանքից՝ ում կողմից է եղել անձի առողջության հանդեպ ոտնձգությունը:

 

Իր գանգատում Ա. Զալյանն անդրադարձել է քրեական գործի բացահայտման համար էական՝ քննությունն անկախ մարմնի կողմից չիրականացվելու փաստին ևս: Խախտելով Կոնվենցիայով սահմանված դատավարական իրավունքը՝ պետությունն այդպես էլ չի իրականացրել  Ծատինյանի մահվան ամբողջական քննությունը: Սպառիչ բացատրություններ չեն տրվել այն հարցերին, թե ինչ հանգամանքներում է պետության հսկողության տակ հայտնված անձի մոտ հայտնվել թմրանյութը և ինչու բուժհաստատությունը, տեղյակ լինելով պոլիէթիլենային տոպրակով թմրանյութ կուլ տալու մասին, չի տրամադրել պատշաճ բուժօգնություն:  Ավելին՝ հարուցված քրեական գործի մասին տուժողի հարազատներն իմացել են  փաստաբան Ա. Զալյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո միայն: 

 

«Արդյունքում՝ պետությունը չի կարողացել ապահովել Էդգար Ծատինյանի կյանքի բավարար ու ողջամիտ պաշտպանությունը, ինչն ամրագրված էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածով»,- գանգատը եզրափակել է փաստաբանը:  




Դիտումներ՝ 1052

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????