COVID-19-ի «հարձակումն» իր հետ միասին բերեց գլոբալ մասշտաբի առողջապահական արտակարգ իրավիճակ: Սա մեծ մարտահրավեր դարձավ երկրների առաջնորդների և ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի, ինչպես նաև մարդկանց համար: Դժբախտաբար, այն դարձավ նաև պատրվակ մարդու իրավունքների խախտումների համար, որոնցից շատերը մինչ օրս շարունակվում են:
Մենք բոլորս հասկանում ենք, որ բնակչությունը COVID-19-ի համավարակից պաշտպանելու համար կառավարություններին անհրաժեշտ է եղել գործել հապշտապ: Մենք նաև հասկանում ենք, որ այս նպատակով կարող են անհրաժեշտ լինել արտակարգ միջոցառումներ: Այդուհանդերձ, արտակարգ դրությունը պետք է համաչափ լինի իր նպատակին և տևի միայն այնքան ժամանակ, որքան այն միանգամայն անհրաժեշտ է: Իրավապահ մարմիններին և զինուժին լրացուցիչ լիազորություններ տալու դեպքում պետք է պարզ լինի դրա պատճառը: Եթե հանրային հավաքները արգելված են և քաղաքացիներին արգելվում է ազատ տեղաշարժվել, այս կանոնները պետք է կիրառվեն բոլորի համար և ոչ թե միայն ընդդիմադիր կուսակցությունների աջակիցների, որոշակի կրոնի հետևորդների կամ մաշկի որոշակի գույն ունեցող անձանց դեպքում: Կալանավորումը և տուգանքները պետք է լինեն լավ հիմնավորված և երբեք չպետք է լինեն կամայական:
ԵԱՀԿ բոլոր երկրները պարտավորվել են պահպանել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը նաև արտակարգ դրության ժամանակ: Չկա այնպիսի իրավիճակ, որում կարող է անհրաժեշտ, օրինական կամ համաչափ լինել իշխանությունների տարանջատման խարխլումը, ինչը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Ընդհակառակը, հենց ժողովրդավարական փոխզսպումն ու հակակշռումն է ապահովում, որ մեր կառավարությունները գործեն ի օգուտ մեզ և ոչ թե հակառակը: Ուժեղ է այն պետությունը, որը խոսում է իր քաղաքացիների հետ և հարգում նրանց իրավունքները:
ԺՀՄԻԳ-ն ուշադրությամբ մշտադիտարկում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, քանի որ դրանք մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումների հիմքն են, և նաև քանի որ վերջին ամիսների իրադարձություններն ու որոշումները մեծապես ազդել են դրանց վրա:
Անհանդուրժողականություն տեսնելու դեպքում մենք բարձրաձայնում ենք այդ մասին և աշխատում ենք հասնել ավելի ընդարձակ հասկացողության առ այն, որ մեր բազմազանության ուժի միջոցով է, որ կհաղթահարենք այս ճգնաժամը: Քաղաքական առաջնորդներն, ովքեր հանդուրժում են մարդու իրավունքների խախտումներ և սրում են տարբեր համայնքների միջև լարվածությունը հանուն կարճաժամկետ (և անհեռատես) քաղաքական շահի, հետևաբար նաև վտանգում են սոցիալական համախմբվածությունն ավելի երկարաժամկետ կտրվածքով: Ինչպես ականատես ենք եղել վերջերս, նրանք, ովքեր զգում են, որ ներառված չեն, կարող են նաև ունենալ այնպիսի զգացողություն, որ կորցնելու ոչինչ չունեն:
Համավարակը հատուկ դժվարությունների ժամանակաշրջան է արդեն իսկ մարգինալացված համայնքների համար. գնչուների համար, ովքեր հաճախ խիտ բնակեցված թաղամասերում են՝ գերբնակեցված բնակելի տարածքներում, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանի միգրանտների և փախստականների համար, ովքեր ապրում են գերբնակեցված ճամբարներում՝ հակասանիտարական պայմաններում, և չունեն վարակից նույնիսկ նվազագույն պաշտպանություն:
Կան նաև այլ մարտահավերներ: Իշխանության չարաշահման կանխարգելման գլխավոր ձևերից մեկը ժողովրդավարական ընտրություններն են, իսկ ընտրությունների դիտորդությունը ԺՀՄԻԳ-ի գլխավոր գործողություններից մեկն է: COVID-19-ի պատճառով մենք ժամանակավորապես չենք կարողանում իրականացնել դիտորդական առաքելությունն ավանդական ձևով, սակայն մենք օգտագործում ենք այս ժամանակը՝ էլ ավելի զարգացնելու դիտորդության մեր մեթոդաբանությունը, որը տարիներ շարունակ զարգացել է՝ ի պատասխան փոփոխվող իրավիճակների:
Շատ երկրներում համավարակը նաև մեծ մարտահրավերներ է առաջացրել օրենքի գերակայության համար, քանի որ իշխանության ժողովրդավարական հավասարակշռությունը ուղղություն է բռնել դեպի կառավարություն: Որպեսզի ժողովրդավարությունը գործի, խորհրդարաններն ու դատարանները պետք է շարունակեն աշխատել՝ չնայած պարետային ժամերին և տնամեկուսացմանը:
Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ ես շարունակում եմ լինել լավատես: Համավարակի և դրա՝ մեր ընդհանուր արժեքները վերահաստատելու համար ստեղծած հնարավորություններից զատ, ես նաև այլ պատճառներ ունեմ դրա համար: Այս ամիս մենք նշում ենք Կոպենհագենյան փաստաթղթի երեսունամյակը, որում ԵԱՀԿ բոլոր պետությունները արտահայտել են «իրենց համոզմունքն առ այն, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը կառավարության հիմնական նպատակներից մեկն է»:
Այն պետությունները, որոնք ստորագրեցին համաձայնագրերը Կոպենհագենում և նույն տարի ավելի ուշ Փարիզում, թե հեռատես, և թե խիզախ էին: Նրանք ոչ միայն հիմք էին ստեղծում տարածաշրջանում ծնունդ առնող ժողովրդավարությունների զարգացման համար, այլև նայում էին խաղաղության և բարգավաճման անմիջական մարտահրավերներից անդին:
1990 թվականին սա անխուսափելի չէր: Այդ ժամանակի մարտահրավերներն ահռելի էին և շատերին հաղթահարելի էին թվում միայն այդ ժամանակ տիրող լավատեսության և «մենք կարող ենք դա անել» մթնոլորտի արդյունքում: Համավարակից հետո մեզ պետք է վերագտնել այդ հնարավորության զգացողությունը, և այն զգացողությունը, որ յուրաքանչյուր անհատ կարող է դրական փոփոխություն անել, և այս փոփոխությունները հավաքականորեն հսկայական կլինեն հասարակությունների համար:
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը մարդկության պատասխանն է իր առջև ծառացած ընդհանուր խնդիրներին թե համավարակի ընթացքում, և թե դրանից հետո:
Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիր, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն (ԺՀՄԻԳ)
Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի