Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացող հակամարտության մեջ հայտնված քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ, ասել է Amnesty International-ը այսօր՝ տարածաշրջանում արգելված կլաստերային ռումբերի օգտագործման հանգամանքը հաստատելուց հետո:
Շաբաթվա վերջին, տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների կողմից հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է կլաստերային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Նրանք հաղորդել են նաև, որ Ստեփանակերտում և Շուշի քաղաքում ավելի ուշ արձակված հրետակոծության հետևանքով կան անհայտ թվով քաղաքացիական տուժածներ:
Amnesty International-ի ճգնաժամի արձագանքման փորձագետները կարողացել են հայտնաբերել կադրերի նկարահանման տեղանքը Ստեփանակերտի բնակելի տարածքներում և նույնականացնել իսրայելական արտադրության M095 DPICM կլաստերային զինամթերք, որն, ըստ երևույթի, արձակվել է ադրբեջանական ուժերի կողմից:
«Կլաստերային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, հետևաբար դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման նպատակով հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն նոր զոհերի և վիրավորների», ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:
«Կլաստերային ռումբերն իրենց բնույթով առանց տարբերակման գործող զենքեր են, և դրանց օգտագործումը բնակավայրերում բացարձակ անընդունելի և սարսափելի է: Մինչ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն և չպետք է ենթարկվեն կանխամտածված թիրախավորման կամ անողջամիտ վտանգների»:
Amnesty International-ը կոչ է արել հակամարտության կողմերին լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետևանքներից:
Իրավիճակի զարգացման պատմություն
Սեպտեմբերի 27-ին ծանր մարտեր սկսվեցին Ադրբեջանի և Հայաստանի և Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի կողմից աջակցություն ստացող ուժերի միջև:Վերջին օրերին, հակամարտության երկու կողմերն էլ արձակել են հրետանային և հրթիռային կրակ:
Ադրբեջանը հաղորդել է, որ հայկական ուժերը հարձակվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի քաղաքացիական բնակավայրերի, ինչպես նաև այլ քաղաքների վրա: Թեև Amnesty International-ի փորձագետները հաստատել են, որ 300մմ Սմերչ տեսակի հրթիռահրետանային համակարգերն, ըստ երևույթի, օգտագործվել են հայկական ուժերի կողմից, ադրբեջանական կողմի՝ նկարների և տեսնայութերի տեսքով առկա ապացույցները դեռևս հնարավորություն չեն տալիս վերջնական վերլուծություն կատարել առ այն, թե որոնք են եղել դրանց հստակ թիրախները կամ արդյոք հրթիռային մարտագլխիկները պարունակել են կլաստերային զինամթերք:
Կլաստերային ռումբեր
Կլաստերային ռումբերը բնույթով առանց տարբերակման գործող զենքեր են, որոնք վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը օգտագործումից տարիներ անց և միջազգայնորեն արգելված են ավելի քան 100 անդամ պետություն ունեցող պայմանագրով: Amnesty International-ը կոչ է անում թե Հայաստանին և թե Ադրբեջանին միանալ Կլաստերային զինամթերքի մասին Կոնվենցիային:
Կլաստերային զինամթերքը լայն տարածության վրա ցրում է հարյուրավոր փոքր ռումբեր և փոքր տրամաչափի զինամթերք: Ըստ հաշվարկների՝ կլաստերային փոքր ռումբերի 5-20 տոկոսը չի պայթում: Չպայթած մասերը հետագայում մնում են այդպես՝ խաղաղ բնակչության համար դառնալով հակահետևակային ականների նման սպառնալիք:
Այս ռումբերի օգտագործումը խախտում է չտարբերակված հարձակումների արգելքը, քանի որ դրանք բազմաթիվ փոքր ռումբեր են արձակում մեծ տարածքի վրա և վտանգ են ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են չպայթած զինամթերքի հետ:
Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի