Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Հաշվի առնելով, որ ողջ աշխարհում կառավարությունները սրընթաց կերպով ընդլայնում են էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների կիրառությունը ԿՈՎԻԴ-19 համաճարակի դեմ պայքարում, «Amnesty International»-ը և ոչ կառավարական այլ առաջատար կազմակերպություններն այդ կապակցությամբ առաջ են քաշել հետևյալ ութ պայմանները.
«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ ԿՈՎԻԴ-19-ի համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին ամենաթող իրավունք չի ընձեռում՝ ընդլայնելու էլեկտրոնային վերահսկողության կիրառությունը։ Վերջին շրջանի փորձը ցույց է տվել, որ կառավարությունները դժկամորեն են հրաժարվում էլեկտրոնային վերահսկողության այն իրավասություններից, որոնք սկզբնապես ձեռք են բերում՝ որպես ժամանակավոր լիազորություններ։ Մենք չպետք է այսօր հնարավոր համարենք այն վատ երազը, որում խստացված էլեկտրոնային վերահսկողությունը կդառնա մշտական երևույթ», հայտարարել է «Amnesty Tech» կազմակերպության տնօրենի տեղակալ Ռաշա Աբդուլ Ռախիմը։
«Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հանգուցալուծման նպատակով էլեկտրոնային վերահսկողության ավելացումը կարող է կիրառվել միմիայն որոշակի խիստ պահանջների պահպանմամբ։ Իշխանությունները չեն կարող պարզապես արհամարհել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը և պարտավոր են ապահովել, որ ցանկացած նոր միջոցառում ուղեկցվեի մարդու իրավունքների հուսալի երաշխիքներով։ Բոլոր այն վայրերում, ուր կառավարությունները տեխնոլոգիաները կիրառում են՝ որպես ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում հաղթանակելու ռազմավարության բաղադրիչ, նրանք պետք է դա անեն այնպես, որպեսզի հարգված լինեն մարդու իրավունքները», ավելացրել է նա։
ԲՀՀ-Հայաստանի թարգմանությամբ