Freedom House-ը ներկայացնում է զեկույց՝ Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը Հայաստանում. դիմակայելով կեղծ պատմույթներին խորագրով։
Զեկույցը անդրադառնում է ինչպես ապատեղեկատվության ու դրա դեմ պայքարի տեսական դրույթներին, այնպես էլ առանձին օրինակներով ու դեպքերով ներկայացնում այն գործնականում։
Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության շուրջ ապատեղեկատվական գրոհներին ու պատմույթներին։ Ներկայացնում ենք այդ բաժինը՝ որոշ կրճատումներով։
Հայաստանում ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվություն գոյություն է ունեցել մինչև 2018-ի քաղաքական փոփոխությունը: Այնուամենայնիվ, այն նախկինում ուներ պարբերական բնույթ, ակտիվանում էր որոշակի համատեքստերում և ի պատասխան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախաձեռնած օրենսդրական առաջարկների կամ տեղեկատվական արշավների: Այս գործոնների ազդեցությամբ շատ հաճախ մարդու իրավունքների պաշտպանության արշավներ, ինչպիսիք են ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորման կամ կանանց և ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության համար հայտարարություններն ու արշավները, ապատեղեկատվության գործակալների կողմից ներկայացվում էին որպես Հայաստանի ազգային կամ ընտանեկան արժեքներին հակասող:
Թավշյա հեղափոխությունն ընդլայնեց կեղծ պատմույթների բնույթը Հայաստանում: Մի կողմից՝ մարդու իրավունքների համատեքստում ապատեղեկատվությունն ավելի շատ աջակցություն ստացավ, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների քննարկումների ժամանակ: Միևնույն ժամանակ, երբեմնի հազվադեպ արծարծվող պատմույթները, որոնք թիրախավորում էին քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարությանը, աճեցին և՛ մասշտաբով, և՛ հաճախականությամբ: Եթե նախկինում մի քանի հանրային դերակատար կամ քաղաքական գործիչ քաղհասարակությունն անվանվում էր օտարերկրյա գործակալ կամ համարում ազգային անվտանգության սպառնալիք, ապա 2018-ից հետո այս պատմույթները դարձան մշտապես արծարծվող արդիական թեմա, որ հաճախ քննարկվում է ավելի լայն հասարակության կողմից:
«Սորոսի գործակալների» թեման, որն արդեն նախկինում նկատվել է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում, Չեխիայում, Ուկրաինայում և Վրաստանում, դարձել է կեղծ պատմույթների ընդհանուր տարբերակիչը: 2018-ի զանգվածային ցույցերից հետո քաղաքացիական հասարակության մասին դավադրության տեսությունները հեղեղեցին հայկական տեղեկատվական դաշտը և ՔՀԿ-ներին բնորոշեցին որպես արևմտյան տերությունների գործակալներ, մասնավորապես՝ միլիարդատեր ներդրող և բարերար Ջորջ Սորոսի: Դավադրության այս տեսությունները համընկնում էին ավելի ընդգրկուն միֆերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք Սորոսին պատկերում են որպես տարածաշրջանում հեղափոխությունների ետևում կանգնած ուժ. համաձայն պատմույթի՝ նա նույնիսկ փորձել է հեղափոխություն կազմակերպել Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ, այս կեղծիքներն ունեն յուրահատուկ տեղական բնութագրիչներ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ֆոնին, 2020 թվականի մարտ ամսին Սորոսի կողմից գրված հոդվածը, որում նա եվրոպական երկրներին կոչ է անում աջակցել Թուրքիային Սիրիայում Ռուսաստանի գործողությունների դեմ, լայնորեն տարածվեց Հայաստանում՝ որպես նրա՝ թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշման ապացույց: Միևնույն ժամանակ, Ալիևի ռեժիմի վերաբերյալ Սորոսի քննադատական խոսքերը հիմնականում անտեսվել են:
«Արտասահմանյան գործակալների» պատմույթների խումբը միավորում է քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվական արշավները և փորձում քաղհասարակությունը ներկայացնել որպես հակապետական տարր, որն այլ երկրների շահերի է սպասարկում: 2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկումից հետո ապատեղեկատվական արշավներն այս պատմույթը շրջեցին՝ քաղաքացիական հասարակությունը որպես «թշնամու գործակալ» (Ադրբեջան կամ Թուրքիա) ներկայացնելու համար, որի նպատակն է խարխլել հայկական պետականության հիմքերը՝ ներառյալ բանակը և եկեղեցին՝ ի նպաստ գլոբալիզմի և լիբերալիզմի: 2020 թվականի սեպտեմբերից ի վեր՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացվում է որպես դերակատար, որի նպատակն է կործանել ռուս-հայկական հարաբերությունները, այդ թվում նաև ռազմական ոլորտում, պետության ներսում աշխատող «գործակալների» միջոցով:
Երկար ժամանակ է, ինչ հասարակական քննարկումներ են ծավալվում Հայաստանում քաղաքացիական հասարակության և երկրի քաղաքացիական հատվածին աջակցելու գործում միջազգային դոնորների դերի մասին: Սրանք հայ հասարակության համար քննարկելու լեգիտիմ հարցեր են: Սակայն վերջին տարիներին այս բանավեճը զենք է դարձել, և կեղծ տեղեկատվական պատմույթների տարածումը սահմանափակում է փաստերի վրա հիմնված առողջ դիսկուրսը: Քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքական և հասարակական գործիչներն այս բանավեճում օգտագործում են իրենց դիրքորոշումը, մասնավորապես՝ արևմտյան ֆինանսավորման դերի մասին, արժեքային համակարգեր և քաղաքական դիրքորոշումներ արտահայտելու համար: Սրա արդյունքում բևեռացված տեղեկատվական էկոհամակարգում քաղաքացիական վերաբերմունքի դրսևորումները շատ արագ մերժվում են՝ որպես օտար կամ սպառնացող, և ակտիվիստները դառնում են ատելության խոսքի կամ կեղծ պատմույթների թիրախ՝ բանավեճում իրենց դիրքի թյուրընկալման պատճառով:
Սորոսական կամ սորոսականներ տերմինի գործածության աճը օգնում է բացատրել այս խնդրի զարգացման բնույթը: Սորոսական բառը Հայաստանում սկսեց կիրառվել 2017-ին՝ որպես վիրավորական արտահայտություն քաղաքացիական հասարակության այն անդամների համար, ովքեր իբր հակահայկական մտադրություններ ունեին: 2015-2016 թվականներին հայերենով Facebook-ում արված հանրային գրառումները Սորոսի մասին մեծ մասամբ լրատվամիջոցների կողմից լրատվական հոդվածներ են, որոնցում հաճախ Սորոսի հայտարարությունների թարգմանություններն են տեղ գտել։ Շատ քիչ գրառումներ էին նշում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) դրամաշնորհառուներին:
Սորոսական տերմինը պարունակող հանրային գրառումները տարածված չէին 2018 թվականից առաջ, բայց և՛ Ջորջ Սորոս անունը, և՛ սորոսական տերմինը սկսեցին լայնորեն կիրառվել 2018-ին: Այս գրառումների մեծ մասը, կարծես, կեղծ տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն է քաղաքացիական հասարակության դերակատարների և պետական պաշտոնյաների մասին, որոնք նախկինում աշխատել են ՀԿ ոլորտում, կամ կեղծ պատմույթները հետաքննելու և հերքելու փորձեր են: Սորոսական տերմինը մտել է նաև ժողովրդական լեզու և հաճախ է հիշատակվում ընդհանուր հանրային դիսկուրսում:
Դավադրության այս տեսություններն այնքան մեծ թափ են հավաքել, որ դրանց բազմաթիվ առիթներով անգամ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այդ հայտարարությունները վիրավորական են Հայաստանի ցանկացած քաղաքացու համար և բացատրել, որ դրանք թուլացնում են հայերի դերն իրենց արած հեղափոխության գործում։
2018 թվականին սորոսական տերմինը սկսեց պարբերաբար հայտնվել առցանց լուսաբանման մեջ, ներառյալ կայքերի, որոնք հաճախ են տարածում կեղծ տեղեկատվական պատմույթները: Չնայած «Իմ քայլը» կառավարության անդամները, որոնցից շատերը ՔՀԿ նախկին աշխատակիցներ են, ակտիվորեն չեն մասնակցել քաղհասարակության դեմ ապատեղեկատվական արշավներին, նրանք ժամանակ առ ժամանակ վավերացրել են դրանք՝ կիրառելով այն լեզուն, որն օգտագործվում է ռեակցիոն խմբերի կողմից իրենց քարոզարշավներում: Ավելին՝ իշխանությունները անտեսել են քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվությունն ամբողջությամբ ցրելու հնարավորությունը: Մինչ ինքը՝ Փաշինյանը, շեշտում էր, որ ԲՀՀ-ի մասին դավադրությունները կեղծ են, նա նաև շեշտում էր, որ Քոչարյանը նախագահ էր, երբ ԲՀՀ Հայաստանը հիմնադրվեց, այդպիսով՝ նա է պատասխանատու «սորոսականների» համար: Կեղծ պատմույթները միանշանակ ցրելու Փաշինյանի դժկամությունը քաղհասարակությանն անպաշտպան է թողել ապատեղեկատվության անընդհատ հոսքի դեմ: Ավելին՝ դա թույլ է տվել, որ ՔՀԿ-ների վերաբերյալ կեղծ պատմույթները դառնան հզոր գործիք և քաղաքական դիրքորոշման մաս:
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո քաղաքացիական հասարակության դեմ ապատեղեկատվական արշավները նոր հարթությունում ի հայտ եկան՝ ժողովրդավարությունը և իրավապաշտպան կազմակերպությունները որակելով որպես սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար: Նման պատմույթները բոլորովին նոր չէին: 2016-2017 թվականներին Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց «ազգ-բանակ» գաղափարն, ըստ որի՝ բոլոր պետական և քաղաքացիական կառույցները պետք է կատարեն ազգային պաշտպանության պարտականությունները: Մի շարք ՔՀԿ-ներ և անկախ դիտորդներ այս հայեցակարգի հետ իրենց անհամաձայնությունը հայտնեցին: Դրանից հետո որոշ հասարակական գործիչներ մատնանշեցին «ազգ-բանակի» քննադատությունը` որպես ապացույց, որ ԲՀՀ-ի և նման կազմակերպությունների աշխատանքը վնասում է Հայաստանի զինված ուժերին և, ընդլայնվելով, նաև ազգային անվտանգությանը: ՀՀԿ-ական խորհրդարանականներն ու կառավարությանն առընթեր հաստատությունների ռազմական վերլուծաբաններն այս պատմույթի կողմնակիցներն էին, և նրանք լայնամասշտաբ տեղեկատվական արշավ սկսեցին` վարկաբեկելու համար ազգ-բանակ հայեցակարգը քննադատողներին:
2020-ի վերջին քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և ազգային անվտանգության կապը շահարկող ապատեղեկատվությունը կրկին ակտիվացավ: Երևույթը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, որում հայերը փնտրում էին պատասխաններ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտի մասին: Նախկին ռեժիմի անդամները, ընդդիմադիր խմբերը և առնչվող լրատվամիջոցները պատմույթը վերահսկելու առիթն օգտագործեցին՝ Հայաստանի ռազմական կորուստները որպես ժողովրդավարական մտածողության արդյունք ներկայացնելով: Դեկտեմբերին Վազգեն Մանուկյանը, ով պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը, և որին ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնում էին որպես վարչապետի ժամանակավոր թեկնածու, սատարեց այս պատմույթը. «Եթե «ազատություն» բառի տակ թույլ ենք տալիս, որ արտաքին գրանտներով այստեղ բազմաթիվ կառույցներ լինեն, որոնք կաշխատեն արտաքին հետախուզությունների ազդեցության տակ, երկիրը կործանվում է։ Պետք է գտնել միջոց, որ այդպիսի գրանտներ չլինեն»։ 2021-ի մարտին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նախկին նախագահ Քոչարյանը այս գաղափարները դրել է Սորոսի դավադրության տեսությունների համատեքստում. «Սորոսի ղեկավարած կազմակերպության և համանման այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման»։ Չնայած հայտարարությունն արվել էր ռուսական լրատվամիջոցների համար, այն լայնորեն թարգմանվեց և տարածվեց հայկական լրատվամիջոցների կողմից:
2020-ի նոյեմբերին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, պատգամավոր, այն ժամանակ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց փակել ԲՀՀ-Հայաստանը՝ պատճառաբանելով, որ դա «թուրքամետ» խումբ է, որը սպառնալիք է ազգային անվտանգությանը: (Դեկտեմբերին նա ազատվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ վարչապետ Փաշինյանի կողմնակիցներին ուղղված ատելության խոսքի համար:) Բարգավաճ Հայաստանի մյուս անդամներն, այնուամենայնիվ, շարունակեցին նմանատիպ չհիմնավորված պնդումներ անել։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի օրենսդիր Միքայել Մելքումյանը ԼՂ երկրորդ պատերազմում պարտությունը կապեց «Սորոսի գաղափարախոսության» հետ, պնդելով, որ ազգային արժեքների հակասությունները նպաստում են այսպիսի արդյունքի: Մելքումյանի ելույթը լայնորեն տարածվեց տեղական լրատվամիջոցների կողմից՝ հաճախ առանց փաստերի ստուգման կամ քննադատական վերլուծության: Չնայած շատ դեպքերում դժվար է ապակողմնորոշելու մտադրությունը նույնականացնելը՝ քաղաքացիական հասարակության մասին կեղծ պատմույթները բավական տարածված են՝ կառավարման բարձրագույն մակարդակներ ներթափանցելու համար։
Նման դիսկուրսն անմիջականորեն ներգրավեց նաև քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչների, քանի որ ապատեղեկատվական հիմնական պատմույթները նրանց պատկերում էին որպես Հայաստանում «թշնամու օրակարգի» խթանողներ: Թիրախավորված բազմաթիվ անձանց թվում են եղել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանըև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱ-Վանաձոր) ղեկավար Արթուր Սաքունցը։ «Թշնամու օրակարգի» մասին պատմույթները մի քանի չհիմնավորված շրջադարձ ունեցան։ Նախ՝ նրանք օգտագործեցին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կորուստները՝ որպես ապացույց, որ Փաշինյանի կառավարությունը սատարում է կամ «աշխատում է» թուրքական պետության համար: Երկրորդ, այս պատմույթները ռազմական կորուստների պատասխանատվությունը տարածում էին քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների վրա, ովքեր ընկալվում էին որպես «Իմ քայլը» դաշինքին սատարող կողմ և պնդում, որ այդ անձինք հզորացնում են այն կառավարությանը, որն աջակցում է Թուրքիային:Հայ-ռուսական հարաբերությունները նույնպես դեր ունեցան նման պատմույթներում, քանի որ բազմաթիվ ՔՀԿ-ներ և անկախ ակտիվիստներ ներկայացվեցին որպես հակառուսական քարոզչության ուժեր և որպես հայ-ռուսական ռազմական համագործակցության հակառակորդներ. պատմույթ, որն իր հերթին օգտագործվել է այն գաղափարին աջակցելու համար, թե քաղաքացիական հասարակությունը թուլացնում է ազգային անվտանգությունը: Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես Կրեմլի քննադատներին որակել է որպես ինքնաբերաբար թուրքամետ (և այդպիսով՝ հայկական պետության թշնամի), մինչդեռ ԲՀԿ-ական Արման Աբովյանը նման հայացքները հավասարեցրել է «հայ ժողովրդի թշնամի» լինելուն և «թուրքերից վատ լինելուն». մի պատմույթ, որն ըստ ամենայնի ներկայացնում է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի միակ դաշնակից (և հաշվի չի առնում Ռուսաստանի կայուն հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ)։
Հակա-ՔՀԿ և հակաժողովրդավարության մասին ապատեղեկատվական պատմույթների հեղեղը 2018 թվականից ի վեր զգալիորեն վնաս է հասցրել հայաստանյան ՔՀԿ-ների և նրանց անդամների հեղինակությանը: Ավանդաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հանդես է եկել որպես դիտորդ և համախմբող՝ հաճախ փոխարինելով ընդդիմադիր կուսակցություններին և ստանձնելով նրանց դերը ժողովրդավարական համակարգերում: Այս դերերը հատկապես կարևոր էին 2018 Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ ոչ միայն շարունակեցին բողոքի ցույցերը, այլ նաև որոշ դեպքերում դրանք կազմակերպեցին և ղեկավարեցին: Այնուամենայնիվ, ՔՀԿ-ների դեմ 2018 թվականից ի վեր ապատեղեկատվական բազմաթիվ արշավներ խրախուսում են քաղաքացիական հասարակությանը դուրս մղել կարևոր գործընթացներից և խոսակցություններից՝ նրանց որակելով որպես հայկական պետության համար վնասակար:
Քաղաքացիական հասարակության կողմից կառուցողական բարեփոխումներ առաջարկելու կամ քննարկելու մի քանի փորձերն ապատեղեկատվական ալիքներ են առաջացրել: Վերջերս տեղի ունեցած մի օրինակ վերաբերում է իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ների և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներգրավվածությանը 2021 թ. փետրվարին կայացած հանդիպմանը` քննարկելու ՔՀԿ-ների մտահոգությունները դատական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Խորհրդակցությունից անմիջապես հետո լրատվամիջոցներից մի քանիսը հաղորդեցին, որ Բադասյանը հանդիպել է «սորոսականների հետ»` քննարկելու դատական բարեփոխումների համատեղ ջանքերը, և սա ամրացրին Սորոսի ազդեցության տակ գտնվող քաղաքացիական հասարակության կեղծ պատմույթը, ըստ որի՝ այն իշխանություն ունի պետության վրա: Մեկ այլ օրինակում, ԲՀՀ Հայաստանը և գործընկեր կազմակերպությունները 2019 թվականին հրատարակեցին «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ (ճանապարհային քարտեզ)», որը պարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, դատական, կրթական բարեփոխումների և նմանատիպ այլ ջանքերի մասին քաղաքականության առաջարկների վերլուծություն։ Հրապարակումից հետո մի շարք հայտնի ապատեղեկատվական հարթակներ, այդ թվում` «Antifake.am»-ը, որը ներկայացվում է որպես փաստեր ստուգող կայք, արշավ սկսեցին փաստաթղթի բովանդակությունն ու նպատակները խեղաթյուրելու համար: «ՎԵՏՕ»-ն նույնիսկ ներառեց փաստաթուղթը 2020 թվականի դեկտեմբերին նկարահանած «Սորոսի գործակալական ցանցը Հայաստանում բացահայտված է. Պետության զավթումը» ֆիլմում:
Նման արշավներից հետո «Իմ քայլը» կառավարությունը սկսել է ավելի զգուշորեն վերաբերվել քաղաքացիական հասարակությանն ու կարծես իրենից հեռու է պահում «սորոսական» պիտակը կրող մարդկանց և կազմակերպություններին: Այս արշավներն աշխատել են նաև քաղհասարակությունը և նրա աշխատանքից բխող գաղափարների, առաջարկների և լուծումների հարստությունը վարկաբեկելու ուղղությամբ։
Ընդհանուր արդյունքը ՔՀԿ-ների՝ քաղաքական քննարկումներին նշանակալի մասնակցություն ունենալու և օրենսդրական բարեփոխումները զարգացնելու և խթանելու նրանց ներուժն ու կարողությունների սահմանափակումն է։ Հասարակական վստահությունը գերակա է քաղաքացիական հասարակության՝ իր դերը կատարելու կարողության նկատմամբ, և ապատեղեկատվական արշավները կարող են խաթարել այդ հարաբերությունների հիմքը:
Ապատեղեկատվության մեջ «օտարերկրյա գործակալներ» կամ «Արևմուտքի գործակալներ» պիտակներն ուղղակի ազդեցություն ունեն ՔՀԿ ներկայացուցիչների կյանքի և աշխատանքի վրա: Նախ՝ այս պիտակներն ու ուղեկցող պատմույթները ապառնալիքի տակ են դնում նրանց անվտանգությունն ու ապահովությունը: 2020-ի նոյեմբերին՝ ԼՂ պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունից անմիջապես հետո, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի երևանյան գրասենյակների և ԲՀՀ-Հայաստան գրասենյակների վրա խմբեր հարձակվեցին։ Երկրորդ՝ այս պատմույթները քաղաքացիական հասարակության շրջանում հանգեցրին ինքնագրաքննության, մասնավորապես, արտաքին քաղաքական զրույցների համատեքստում: Երրորդ՝ այս պատմույթներն ընդհանուր հանրության աչքում խաթարում են ՔՀԿ-ների հայտարարությունների լեգիտիմությունը հատկապես վիճահարույց թեմաների շուրջ, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը: Այս գործընթացը կարող է նվազեցնել հասարակության համար քննադատական դիսկուրսի այս կարևոր աղբյուրի հասանելիությունը:
Քաղաքացիական հասարակությունը սկզբունքորեն նպատակ ունի ներկայացնել և առաջ տանել ժողովրդի կամքը, և քաղաքացիական հասարակության և ընդհանրապես հասարակության միջև սահմանը լավագույն դեպքում արհեստական է: ՔՀԿ-ներին ուղղված թյուր պատմույթների շարքն, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության և ավելի լայն հասարակության միջև անջրպետ ստեղծելու ներուժ ունի: Այս երևույթը հատկապես վնասաբեր է հիմա, երբ երկիրն առերեսվում է երկրի դաշնակիցների, արժեհամակարգերի և քաղաքականության վերաբերյալ հարցերի՝ ԼՂ երկրորդ պատերազմի հետևանքների ֆոնին: Այս հարցերն, ամենայն հավանականությամբ, կլինեն բանավեճերի առաջին շարքում 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական քվեարկությանն ընդառաջ և դրանից հետո ծավալվելիք քաղաքական քննարկումներում: Նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքացիական հասարակության անդամները կարևոր դեր են խաղացել և՛ որպես ընտրական դիսկուրսի մաս, և՛ որպես ժողովրդավարական այս հիմնարար գործընթացի դիտորդներ: Այս դերերը կատարելու նրանց ունակությունը` հայ հասարակության վստահությամբ, գերակա է Հայաստանի նորաստեղծ ժողովրդավարության հաջողության համար: