Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՔԱՎ-ը ամփոփել է 2020 թ.-ին պետական մարմիններին ուղղված տեղեկատվական հարցումների արդյունքները
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով։ 2020 թ․-ը մյուս տարիներից առանձնացավ նախ արտակարգ, ապա ռազմական դրությունների ռեժիմների սահմանմամբ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով COVID-19-ի համավարակի կանխարգելման պայմանները։ Այդ ժամանակահատվածում տեղեկատվական հարցումների զգալի մասն ուղարկվել է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով, որը էականորեն կրճատեց տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվեցին։
Կարող ենք արձանագրել, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արտակարգ դրության ընթացքում հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այս ուսումնասիրությունը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2020 թ.-ին։
Հավաքագրված տեղեկությունները դասակարգված են հետևյալ խմբերի՝ ժամանակին, ուշացած և չպատասխանված:
Ժամանակին ստացված են համարվում հարցումների այն պատասխանները, որոնք ստացվել են` էլեկտրոնային տարբերակի դեպքում 5-օրյա ժամկետում, փոստային ծառայության միջոցով՝ 12-օրյա ժամկետում։
Ուշացած են համարվում օրենքով սահմանված, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ողջամիտ համարվող ժամկետների խախտմամբ ստացված պատասխանները:
Չպատասխանված են համարվում այն հարցումները, որոնց ընդհանրապես պատասխան չի տրվել՝ սույն տեղեկանքը հրապարակելու օրվա դրությամբ:
2020 թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկվել է 1301 գրություն, որոնցից 334 հարցումները հասցեագրվել են պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Համեմատության համար նշենք, որ 2019 թ.-ին ուղարկված գրությունների թիվը կազմել է 1151, որոնցից 408-ը՝ տեղեկատվական հարցում:
Հարցումներ ուղարկվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ 20.06%, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 12.57%, սոցիալական և առողջապահական բնագավառին՝ 10.78%: Այսպես՝ նշված ոլորտներին ուղղված տեղեկատվության հարցումները կազմում են ընղհանուր հարցումների 43.41%-ը, մինչդեռ 2019 թ.-ին տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են եղել ՀՀ դատախազությունը իր ստորաբաժանումներով՝ 14.67%, ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ 11.74%, սոցիալական և առողջապահական ոլորտը՝ 10.76%, ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով՝ 10.27%, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները՝ 10.27%:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2020 թվականին ուղարկված 334 տեղեկատվության հարցումներից 60-ն ուղարկվել են 32 այլ կառույցների, որոցից ստացված տվյալները ամփոփելով ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների՝ արձանագրում ենք, որ սահմանված ժամկետները պահպանել են այդ պետական մարմիններից 31-ը։
2020 թ. -ին առավել մեծ թվով «ժամանակին» պատասխաններ տրամադրել են՝
✔️ՀՀ ոստիկանություն և ստորաբաժանումներ
✔️ՀՀ քննչական կոմիտե
✔️ՀՀ արդարադատության ակադեմիա
✔️ՀՀ գլխավոր դատախազություն
✔️ՀՀ պաշտպանության նախարարություն
✔️ՀՀ արդարադատության նախարարություն
✔️ՀՀ դատախազություն ու ստորաբաժանումներ
Համեմատության համար նշենք՝ 2019 թ. -ին պատասխաններ ամենաշատը տրամադրել են ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական և առողջապահական ոլորտի կառույցները, ՀՀ զինվորական կոմիսարիատները, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ դպրոցները և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
2020 թ. -ին առավել մեծ թվով ուշացած և պատասխան չտրամադրած կառույցներն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Համեմատության համար նշենք՝ 2019 թ.-ին ուշացած և պատասխան չտրամադրած կառույցները եղել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության բնագավառի կառույցները, ՀՀ դատախազությունը իր ստորաբաժանումներով։
Հատկանշական է, որ թե՛ 2019 թ․, թե՛ 2020 թ․-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվական հարցումներին ամենաշատ թվով «ժամանակին» պատասխաններ տրամադրած կառույցներն եղել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով։ Այսպես՝ 2020 թ․-ին «ժամանակին» ստացված գրությունների թիվը աճել է, իսկ չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիռը նվազել։
Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2020 թ.-ին պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված 334 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» պատասխան են ստացել 227 հարցում (67,96%), ուշացած՝ 98 (29,34%), իսկ 9 հարցման ընդհանրապես պատասխան չեն ստացել (2,69%):
Նույն կառույցներին ուղղված 408 տեղեկատվական հարցումներից 2019 թ․ -ին. «ժամանակին» են ստացվել 241 հարցման պատասխան (59,07%), ուշացած՝ 155 (37.99%), իսկ 12 հարցման պատասխան չի ստացվել (2,94%):
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Ըստ առանձին կառույցների՝ մանրամասն պատկերը՝ ԱՅՍՏԵՂ