Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռքբերած նախկին զինծառայողի վիճակը սրընթաց վատանում է․ ՀՀ-ն չի կատարում իր պարտավորությունները

October 12, 2023

Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Սեփական

Զինվորական ծառայության ընթացքում Գ․Մ․-ն ձեռք է բերել հիվանդություն, որը հետագայում դարձել է քրոնիկ և այժմ սրացման փուլում է ու կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հետագա ողջ կյանքի համար։ 

 

Հայաստանի Հանրապետությունը անմիջական պարտավորություն է ստանձնել երաշխավորելու զինծառայողների առողջության պահպանումը, այդ թվում հիավնդություն ձեռք բերելու դեպքում տրամադրել պատշաճ բժշկակական օգնություն, սակայն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում  ծառայության հետևանքով հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողի առողջական խնդիրները լուծելու համար։



ՀՔԱՎ գրասենյակը ստանձնել է նախկին զինծառայող Գ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Գ. Մ․-ն  ձեռք է բերել քրոնիկ հիվանդություն, որն էլ հանգեցրել է օրգանների ախտահարման։ Հիվանդությունը ձեռք բերելու հետևանքով զինծառայողը հոսպիտալացվել է, ստացել ստացիոնար բուժում։  ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Գ. Մ․-ն  ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել, իսկ ՀՀ ՊՆ մեկ այլ եզրակացությամբ ԿՌԲՀ-ն հաստատել է, որ Գ. Մ․-ն  հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։  

 

2019-ին զորացրվելուց հետո  Գ. Մ․-ն Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի թիվ 8 փորձաքննական բաժին կողմից ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության,  ճանաչվել  3-րդ խմբի հաշմանդամ՝ մեկ տարի ժամկետով։ Նույն ախտորոշմամբ Գ. Մ․-ն  ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ հաջորդ երկու՝ 2020 և 2021 թթ. վերափորձաքննությունների արդյունքում։ Յուրաքանչյուր անգամ հաշմանդամությունը սահմանվել է 1 տարի ժամկետով։ 2022-ին, սակայն, Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն հաշմանդամ չի ճանաչվել։ Նշված որոշումը ՀՔԱՎ-ի փաստաբան Հ․Հակոբյանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան, սույն թվականի հոկտեմբերի 19-ին հրապարակվելու է գործն ըստ էության լուծող դատական ակտը։

 

Առողջության պահպանման և հնարավոր վատթարացումը կանխելու նպատակով Գ. Մ․-ն պարբերաբար հոսպիտալացվել և ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոններում։ Ստացիոնար բուժումը իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Սկսած 17.11.2022 թ., երբ Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն  հաշմանդամ չի ճանաչվել, նշված բժշկական օգնությունը նրան չի տրամադրվել։

 

Գ․Մ․-ի հիվանդությունը ներկայումս գտնվում է սրացման փուլում։ Բժշկական փաստաթղթերի տվյալները վկայում են, որ անհրաժեշտ հետազոտություններ ու  բուժում չստանալու դեպքում անխուսափելի են անդառնալի հետևանքները։ Այժմ նա չի ստանում որևէ տեսակի բուժում, քանի որ ընտանիքը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, իսկ պետությունը չի կատարում իր պարտավորությունները․

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, ունի զինծառայողների, այդ թվում՝ զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված զինծառայողների առողջության պահպանման անմիջական պարտավորություն. անձը, առողջ վիճակում զորակոչվելով զինվորական ծառայության, գտնվում է պետության պատասխանատվության ներքո և զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն ձեռք բերած, վիրավորում կամ վնասվածք ստացած անձանց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի առանձնահատուկ վերաբերմունք։

 

Սա բխում է թե՛ ՀՀ միջազգային պարտավորություններից, թե՛ ՀՀ Սահմանադրությունից՝

  • ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

  • «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» ՄԱԿ-ի   միջազգային դաշնագրի 12-րդ հոդված (դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը), 

  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ պետություններին ուղղված զինված ուժերի անդամների մարդու իրավունքների մասին թիվ 4 (2010) հանձնարարական, որի համաձայն՝ զինծառայողներն ունեն արժանապատիվ, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունք, 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գ. Մ․-ի իրավունքների պաշտպանության համար գրություններ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել, կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից՝ վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում, սակայն այդ նույն շրջանակներում Գ․ Մ․ - ին անհրաժեշտ հետազոտումն ու բուժումը չի իրականացվում։ Մեջբերելով վերոնշյալ որոշումը՝ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Գ․Մ․-ի կարգավիճակը թույլ չի տալիս ներառվել Որոշման շահառուների շրջանակում։ 

 

Նախորդ երեք տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավաբանական աջակցություն է ցուցաբերել 30 զինծառայողի, որոնք առողջական խնդիրները ձեռք  բերել զինվորական ծառայության ընթացքում։ Վերոնշյալը ցուցիչ է, որ պետությունը պատշաճ չի կատարում իր անմիջական պարտավորությունները, ինչի հետևանքով էլ խախտվում է զինծառայողների առողջության իրավունքը։ 

 

Դիտումներ՝ 1324

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????