Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Ծրագրեր | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Զինված ուժերում կանանց ներգրավվածության վերաբերյալ հիմնաքարային միջազգային աղբյուրը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1325 բանաձևն է, որում ընդգծվել է կանանց դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, ինչպես նաև խաղաղաշինության գործում, պետություններին կոչ է արվել ապահովել կանանց առավել գործուն մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և հանգուցալուծման ազգային, տարածաշրջանային և միջազգային ինստիտուտների և մեխանիզմների շրջանակներում որոշումների ընդունմանը բոլոր մակարդակներում:
Զեկույցի պատրաստման համար իրականացվել են հարցազրույցներ ՀՀ զինված ուժերի 25 կին և 25 տղամարդ պայմանագրային՝ այդ թվում նաև սպայական կազմի զինծառայողների հետ։
Կին զինծառայողները ներկայացրել են իրենց ծառայության պայմանները, զինվորական ծառայության ընթացքում խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ պաշտպանական գերատեսչության կողմից ձեռնարկվող քայլերը։
Տղամարդ զինծառայողների շրջանում հարցազրույցներն իրականացվել են պարզելու համար, թե իրենց կարծիքով ինչ խնդիրներ են առկա ՀՀ զինված ուժերում, որոնք կարող են ազդել կանանց զինվորական ծառայության որակի, զինված ուժերում կանանց ներգրավման խթանման վրա։ Բացի այդ, կարևոր էր պարզել հարցազրույցին մասնակից տղամարդ զինծառայողների կարծիքը կանանց զինվորական ծառայության ներգրավելու վերաբերյալ։
Հետազոտության համար ընտրվել են 4 ոլորտներ.
Ուսումնասիրվել են այն իրավական կարգավորումները (օրենսդրական, ենթաօրենսդրական, ներքին իրավական ակտեր և այլ նորմատիվ բնույթի փաստաթղթեր), որոնք արգելում կամ խոչընդոտում են կանանց ներգրավվածությանը զինված ուժերի շարային ծառայությունում։ Միաժամանակ հարցազրույցների միջոցով վերհանել ենք այն խնդիրները, որոնց գործնականում բախվում են կին զինծառայողները ծառայության ընթացքում։
Ուսումնասիրվել են զինծառայողների նկատմամբ համակարգային խտրականության դրսևորումները, որոնք արտահայտվում են նորմատիվ իրավական ակտերում, վարչական ակտերում, պրակտիկայում, ձևավորված սովորույթներում և այլն։ Իրականացված հարցազրույցների արդյունքում արձանագրվել են նաև խտրականության դրսևորման որոշ օրինակներ։
Ներկայացվում են անձնական կյանքի բոլոր ոլորտները, որոնց առնչվում են կանայք զինված ուժերում ծառայելիս։ Դրանք ներառում են կենցաղի, մայրության, կնոջ կենսաբանական հատկանիշների հետ կապված հարցեր, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել կին զինծառայողների համար զինված ուժերում ծառայություն իրականացնելիս։
Ներառում է շարունակական իրազեկման ու կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու գործողությունների հետազոտումը։
Հետազոտությունը կարող է օգտակար լինել առավել լայն շրջանակի հետազոտողների, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների համար, ում հետաքրքրում է զինված ուժերում կանանց զինվորական ծառայության թեման։
Զեկույցից որոշ հատվածներ՝ ստերև։ Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։
Տղամարդ զինծառայողների շրջանում գերակայում է կարծիքը, որ կանայք նշանակվում են բարձր կոչումներով հաստիքներում։ Սակայն կին զինծառայողների շրջանում առավել տիրապետող է կարծիքը, որ կանայք չեն նշանակվում բարձր կոչումներով հաստիքներում։
Հարցազրույցի մասնակից կին զինծառայողներից մեկն անգամ գտնում է, որ զինվորական բարձր պաշտոններ պետք է զբաղեցնեն տղամարդիկ, քանի որ նրանք ավելի մասնագիտացված են զինվորական գործում, ունենալով առնվազն երկու տարի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության փորձ։ Մեկ այլ կին զինծառայող էլ անգամ գտնում է, որ կանայք «թույլ սեռի» ներկայացուցիչներ են և այդ պատճառով չեն կարող նշանակվել զինվորական բարձր պաշտոններում։
Մտահոգիչ է, որ զինված ուժերին վերաբերող ոլորտային մյուս՝ առանցքային իրավական ակտերում առկա չեն խտրականության արգելքին առնչվող կարգավորումներ, որոնք առավել առարկայական կդարձնեն զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության արձանագրված դեպքերի կանխարգելումը ։
Զինված ուժերին վերաբերող առանցքային իրավական ակտերում խտրականության արգելքին առնչվող կարգավորումների բացակայության փաստը հատկապես կարևոր է խտրականության դեմ պայքարի ընդհանուր համատեքստում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում դեռևս չի ընդունվել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են խտրականության իրավական սահմանումը, տեսակները, իրավահավասարության ապահովման սուբյեկտները և կառուցակարգերը, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեության սկզբունքները։
Գործնականում կին զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումների բողոքարկման գործող միակ մեխանիզմը ներկայումս ՊՆ «Թեժ գիծ» ծառայությանը դիմելն է։ Ուսումնասիրելով ՀՀ պաշտպանության նախարարության կայքէջում հրապարակված հաշվետվությունները6 2018 – 2023 թվականներին «Թեժ գծին» դիմած անձանց խնդիրների և հարցերի վերաբերյալ, կարող ենք արձանագրել, որ խտրական, այդ թվում նաև սեռական հետապնդման և բռնությունների դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել, ինչը վկայում է երկու պատճառի մասին՝ կամ նման դեպքեր չեն արձանագրվել, որը քիչ հավանական է, կամ կանայք այդ մասին ուղղակի չեն հայտնել՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշխատավայրում լրացուցիչ ճնշումներից խուսափելու, խնդիրը բարձրաձայնելուց հետո իրենց անձին սպառնացող վտանգի և այլ պատճառներով։
Հարցազրույցի մասնակից թե՛ կին զինծառայողները, և թե՛ տղամարդ զինծառայողները միանշանակ գտնում են, որ գերազանցապես տղամարդիկ ունեն ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորություններ։ Սակայն միևնույն ժամանակ հարցազրույցի մասնակից զինծառայողներից ոմանք գտնում են, որ կան հավասար հնարավորություններ ծառայողնական առաջխաղացման առումով թե՛ կին, թե՛ տղամարդ զինծառայողների համար։
Հարցված տղամարդ զինծառայողների մեծամասնությունը համոզված է, որ կանայք ծառայողական առաջխաղացում հազվադեպ կարող են ունենալ և որ բարձր սպայական պաշտոններում կանայք չեն նշանակվի։ Ներկայացված պատկերացումները բացահայտում են տղամարդ զինծառայողների շրջանում զինված ուժերում կանանց դերի վերաբերյալ առկա կարծրատիպերի մասին, որն ամբողջությամբ խտրական է և որի հաղթահարման ուղղությամբ հետևողական և սկզբունքային ջանքեր է պետք գործադրել։
Ներքին ծառայության կանոնագրքում առկա են օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված ձևակերպումներ, որոնք, ի սկզբանե, անհավասար պայմաններում են դիտարկում կին և տղամարդ զինծառայողներին։ Տղամարդ զինծառայողների վարքագծի կարգավորումը կախված է վերջիններիս պաշտոնից և կոչումից, իսկ կին զինծառայողների համար միակ տարբերակիչ հատկանիշը վերջիններիս կին լինելն է։
ԶԵԿՈՒՅՑ․ Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ ԶՈւ-ում