Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ինստիտուտը Հայաստանում․ Զեկույց

November 17, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Իրավունքներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հայաստանում տարեկան ոչ հոժարակամ բուժման է ենթարկվում հիվանդանոցային բուժում ստացող անձանց 10-12 տոկոսը։ Նրանց մեջ գերակշռում են 30-50 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։

 

Ոչ հոժարակամ բուժման ենթարկվողների առանձին խումբ են մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է խնամք և պահպանողական բուժում, սակայն համայնքում
ծառայությունների բացակայության պատճառով՝ այդ խնամքը հնարավոր է ապահովել միայն հոգեբուժական հաստատությունում։ Արդյունքում անձը տարիներ շարունակ ենթարկվում է ոչ հոժարակամ բուժման։

 

2022 թ․ անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջով դատարան է մուտք արվել 123 հայցադիմում: 123 հայցադիմումից 2022 թ․ ընթացքում ավարտվել է 103-ը։ Ավարտված հայցադիմումների 69 տոկոսը բավարարվել է։

 

Դատական նիստերին օրենքով պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը, եթե անձը չունի ներկայացուցիչ։ Այս պահանջը պահպանվում է, սակայն այդ մասնակցությունը, որպես կանոն, ձևական բնույթ է կրում, քանի որ ներկայացուցիչը չի տիրապետում շահագրգիռ անձի
վերաբերյալ ամբողջական տեղեկության և, ըստ այդմ, չի կարող հիմնավոր և բովանդակային դիրքորոշում հայտնել։

 

Եթե օրենքով սահմանված է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությունը դատական նիստին, ապա անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պարտադիր լինելու մասին դրույթը բացակայում է։ Բացառությամբ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի՝ ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձը չի ապահովվում փաստաբանի ծառայությամբ։

 

Խնդրահարույց է ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննելու հստակ ժամկետների վերաբերյալ կարգավորման բացակայությունը։ Ավելին, ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձը զրկված է արդարադատության մատչելիությունից (դատական ակտերի բողոքարկման դեպքում ստիպված է վճարել պետական տուրք, որի դրույքաչափը 2021 թ․-ից ավելացել է ավելի քան 4 անգամ), ինչպես նաև ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու համար դատարան դիմելու իրավունքից։

 

Ինչպես ցույց են տալիս մշտադիտարկման արդյունքները, ոչ հոժարակամ բուժումը չի երաշխավորում, որ հետագայում անձը չի ենթարկվի կրկնակի և նույնիսկ բազմակիհոսպիտալացման։ Անձը հիվանդանոցային բուժում է ստանում, բուժումն ավարտելուց հետո նշանակվում է պահպանողական բուժում, սակայն որոշ ժամանակ անց դադարում է կանոնավոր ընդունել դեղերը կամ ընդհանրապես հրաժարվում դրանցից։ Արդյունքում առողջական խնդիրը սրվում է, և կրկին առաջանում է հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն։ Մինչդեռ համայնքային ծառայությունները, որոնք կանոնավոր կապ կպահպանեին շահագրգիռ անձանց և նրանց հարազատների հետ, նպաստում են ոչ հոժարակամ բուժման, կրկնակի հոսպիտալացումների անհրաժեշտության գոնե թե նվազմանը և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ պայմաններում բուժում ստանալու իրավունքի իրացման համար պայմանների ստեղծմանը։

 

Հիմնական եզրահանգումները

 

  • Ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձանց թիվը կազմում է հաստատություններում բուժում ստացող անձանց 10-12 տոկոսը (մոտ 1100 բուժում ստացող անձի հաշվարկով)

  • Առավել հաճախ ոչ հոժարակամ բուժման են ենթարկվում 30-50 տարեկան անձինք՝ կազմելով դիտարկված գործերի 56 տոկոսը

  • Ոչ հոժարակամ բուժման հայցերի 64 տոկոսի դեպքում շահագրգիռ անձն արական սեռի ներկայացուցիչ է

  • Ոչ հոժարակամ բուժման են ենթարկվում այդ թվում մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք՝ կանխելու ենթադրյալ վտանգը 

  • Ոչ հոժարակամ բուժումը կարող է տևել 6 և ավելի տարիներ

  • Նույն անձը կարող է որոշակի պարբերականությամբ ենթարկվել ոչ հոժարակամ բուժման

  • 2022 թ․ ավարտված 103 գործերից հայցը բավարարելու վճիռ է կայացվել 69% գործերի դեպքում, մերժվել՝ 19.4% գործերի դեպքում

  • Ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջով հայցերի թիվը ամենաբարձրն է Սյունիքում (հիվանդանոցային բուժում ստացող մոտ 70 անձի հաշվարկով դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը միջինում կազմում է 22.9% տարեկան, Երևանում այդ ցուցանիշը կազմում է 12․3%` 798 բուժում և խնամք ստացող անձի հաշվարկով)։

  • Անձի հոսպիտալացումից մինչև վճռի հրապարակումը պահանջվում է միջինում 12 օր․ ամենակարճը՝ 5, ամենաերկարը՝ 20 օր

  • Ուսումնասիրված գործերի 21% դեպքում է դատական վճռով սահմանվել բուժման տևողություն 1-3 ամիս, մյուս բոլոր դեպքերով ժամկետի նշումը կա՛մ բացակայում է, կա՛մ նշվում է ոչ ավելի, քան 6 ամսով

  • Բացառությամբ Սյունիքի մարզի՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին, եզակի բացառությամբ, ձևական բնույթ է կրում

  • Բացառությամբ Սյունիքի մարզի՝ հանրային պաշտպանի ինստիտուտը չի ներգրավվում անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու հայցերով

  • Ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձը զրկված է դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի

    երաշխավորված իրացման հնարավորությունից։

 

Գլխավոր եզրահանգումն այն է, որ անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջը պայմանավորված է համայնքում անհրաժեշտ ծառայությունների բացակայությամբ։ Առաջինը՝ ոչ հոժարակամ բուժման ենթարկվող մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն խնամքի և պահպանողական բուժման կարիք, որը նրանք չեն կարողանում ստանալ համայնքում և ստիպված են ամբողջ կյանքն անցկացնել հոգեբուժական հաստատությունում։ Երկրորդը՝ ստանալով հիվանդանոցային, այդ թվում ոչ հոժարակամ բուժում, անձը դուրս է գրվում՝ պահպանողական բուժման ցուցումով։ Դադարեցնելով դեղորայքի ընդունումը՝ անձը հայտնվում է կրկնակի, իսկ հաճախ բազմակի հոսպիտալացման անհրաժեշտության առաջ։

 


Այսինքն, հոգեկան առողջության և մտավոր խնդիր ունեցող անձինք և նրանց հարազատները միայնակ են մնում իրենց խնդրի հետ, և միակ հասանելի լուծումը մնում է հոգեբուժական փակ հաստատությունը։

 

Առաջարկություններ


Հիմնական առաջարկությունն է ներդնել համայնքային ծառայություններ՝ կանխելու անձանց հոսպիտալացումը և այլընտրանքային մեխանիզմներ՝ բացառելու ոչ հոժարակամ հոսպիտալացումն ու բուժումը։

 

Կարճաժամկետ առաջարկություններ

 

  • Երաշխավորել հոսպիտալացումից և բուժումից հրաժարվող անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, օրենքով նախատեսելով պետության կողմից փաստաբանով ապահովելու պարտադիր պայմանը՝

    հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով

  • Երաշխավորել խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների բովանդակային մասնակցությունը ոչ հոժարակամ բուժման ենթարկելու պահանջով դատական նիստերին

  • Վերանայել և կրճատել հոգեբուժական վկայարկման, դատական նիստերի նշանակման և վճիռների հրապարակման ժամկետները՝ նվազագույնի հասցնելով անձի՝ հոգեբուժական հաստատությունում գտնվելու ժամկետները

  • Վերանայել ոչ հոժարակամ բուժումը դադարեցնելու վերաբերյալ վճիռների կայացման ընթացակարգը՝ նվազագույնի հասցնելով ոչ հոժարակամ բուժման հիմքերը վերանալու դեպքում անձի՝ հոգեբուժական հաստատությունում գտնվելու ժամկետները

  • Սահմանել հստակ ժամկետներ անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության համար

  • Երաշխավորել ոչ հոժարակամ բուժման ենթարկվող անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքը

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։

 

Դիտումներ՝ 655

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????