Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի (The Institute for the Study of Human Rights, ISHR) Խաղաղաշինության և իրավունքների ծրագիրը հրապարակել է «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով հետազոտական նախագծի արդյունքները։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը սանձազերծեց պատերազմ՝ թիրախավորելով Արցախի/Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ռազմական գործողություններին Ադրբեջանը մասնակցում էր Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, որոնք հայտնի են իրենց հատուկ դաժանությամբ և ոճրագործություններով։ Բացի դա՝ նկատվում էր համակարգային ատելություն հայերի նկատմամբ, ինչն ավելի էր խորացնում արհավիրքը և ազդում հետպատերազմյան գործողությունների՝ մասնավորապես գերիների փոխանակման հարցի վրա։
Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետպատերազմական շրջանում վարձկան ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում վտանգ է ներկայացնում ոչ միայն ռազական գործողությունների արդյունքում գերեվարված քաղաքացիների, այլ նաև հենց Թուրքիայի ու Ադրբեջանի խաղաղ բնակչության համար։
Հետազոտական նախագծի ընթացքում հավաքագրվել և փաստագրվել են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի կողմից հովանավորվող վարձկան ահաբեկիչների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների առաջնային աղբուրները։
Նախագծի «Հանցագործները» բաժնում նույնականացված են Արցախյան հակամարտության հանցագործները։ Հիմնական դերակատարներն են Թուրքիայի կողմից հովանավորվող վարձկան ահաբեկիչների ղեկավարները, թուրք զորահրամանատարները, ովքեր հետևել ու խորհրդատվության մակարդակով հսկել են գործողությունները, և Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչները, ովքեր ղեկավարել են զինվորներին և վարձկաններին։ Հիմնավոր ցուցադրված են նաև խմբերի միջև կապերը։
Մանրամասները՝ humanrightscolumbia.org