2020 թ․ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն հրատարակեց «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» ուսումնասիրությունը, որը վեր է հանել սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորվում են գենդերային հարցերով զբաղվով իրավապաշտպանները և ակտիվիստները։ Այս հետազոտությունը վերջինիս տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է հավաքագրել և վերլուծել համավարակի ընթացքում թափ առած հակագենդերային հռետորաբանությունը և դավադրության տեսությունները, որոնցով թիրախավորվում են առաջադիմական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ոտնահարվում է հանրային շահը, և մանիպուլացվում են հանրային դիրքորոշումները։
Հետազոտական նպատակով պայմանավորված՝ առանձնացրել ենք հետազոտական հետևյալ հարցերը․
Գլոբալ և տեղական ի՞նչ դիսկուրսներ են ընկած կորոնավիրուսի շուրջ հյուսվող դավադրության տեսությունների հիմքում։
Ովքե՞ր են դավադրության տեսությունների թիկունքում կանգնած խմբերը և ուժերը, ի՞նչ քաղաքական շահեր և օրակարգեր ունեն։
Ի՞նչ ուղերձներ են շրջանառում դավադրության տեսությունների հեղինակները առաջադիմական քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հարցերի շուրջ։ Դրանք ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ ունեն գլոբալ դավադրական դիսկուրսների և հակագենդերային արշավների հետ։
Ինչպե՞ս են դավադրության տեսություններն ազդում հանրային առողջապահության, լայն իմաստով՝ հանրային շահի և մարդու իրավունքների ոտնահարումների վրա։
Հետազոտական հարցերը դիտարկելով որպես ուղենիշ՝ հավաքագրել և երկրորդային վերլուծության ենք ենթարկել թեմայի շուրջ արդեն իսկ արված տեղական և միջազգային հետազոտություններ և վերլուծություններ։ Այնուհետև իրականացրել ենք համավարակի ընթացքում թափ առած դավադրության տեսությունների և մանիպուլյատիվ դիսկուրսների քարտեզագրում, որոնցով թիրախավորվում էին մարդու իրավունքները և գենդերային հարցերը, առաջադիմական քաղաքացիական հասարակությունը։
Քարտեզագրումն իրականացվել է առցանց մեդիայի և սոցիալական ցանցերի մշտադիտարկման միջոցով՝ առանձնացնելով համավարակի ընթացքում հանրային և քաղաքական առավել լայն արձագանք ստացած դավադրության դիսկուրսները և շահարկումները։ Քարտեզագրման հիման վրա ընտրել ենք առավել տիպական և խիտ դեպքերը։
Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։