Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ
ՌԴ քաղաքացի Ա. Կամաևին 2 ամիս շարունակ ՀՀ-ից դուրս գալն արգելելուց հետո 2019 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից, առանց մեկնաբանելու, թե ինչու, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 11-ից կարող է դուրս գալ ՀՀ-ից։
Մինչ այդ՝ 2019 թ․ հուլիսի 7-ին, ՀՀ սահմանը հատելուց հետո Ա․ Կամաևը ձերբակալվել է, սակայն նրան իրեն հասկանալի լեզվով փաստաթուղթ չի տրամադրվել ձերբակալման հիմքերի մասին։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ՀՀ-ում հանցանք չի կատարել, հետևաբար՝ նրան անազատության մեջ պահելու հիմքեր չկան։ Բայց երբ նույն օրը Ա․ Կամաևը փորձել է դուրս գալ ՀՀ տարածքից, նրան թույլ չեն տվել՝ ՌԴ-ում հետախուզման մեջ լինելու պատճառաբանությամբ։ Նույնը տեղի է ունեցել 2019 թ․ հուլիսի 28-ին, երբ փորձել է սահմանը հատել Երևան-Բաթումի գնացքով։ Անցակետի տարածքում 3 ժամ պահելուց հետո հետ են ուղարկել Հայաստան։
Հուլիսի 29-ին իր իրավունքների պաշտպանության համար Ա․ Կամաևը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու տեղի ունեցածի պատճառը և թե ինչ գործողություններ են անհրաժեշտ Ա․ Կամաևի՝ ՀՀ-ից դուրս գալու համար։ ԱԱԾ դեպարտամենտի պետ Հ․ Կարումյանը ուղղորդել է դիմել ՀՀ ոստիկանություն, քանի որ հետախուզման մեջ գտնվելու տվյալները ոստիկանությունն է մուտքագրում Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։
ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն դիմելուց հետո ևս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այդ հարցերի պատասխանը չի ստացել։ Միայն ներկայացրել են, թե ինչ հիմքերով են նրա տվյալները ներառել հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում։
Իսկ արդեն 2019 թ․ սեպտեմբերի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ Ա․ Կամաևը կարող է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Թե ինչ է փոխվել և հիմք հանդիսացել այդպիսի որոշում կայացնելու համար, չեն մեկնաբանել։ Ավելին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը պատասխանել էին, որ Ա․ Կամաևը հետախուզման մեջ է ՌԴ-ում և որ այդ դեպքում տվյալներն ավտոմատ ներառվում են ՀՀ ոստիկանության շտեմարանում, որտեղից էլ՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում։ Բայց դրանից օրեր անց այլ որոշում են կայացնում և դրա մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին չեն տեղեկացնում, այլ միայն Մարդու իրավունքների պաշտպանին, որը ևս զբաղվել է այդ հարցով։
Այս պայմաններում, երբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ էլ չի համարել տեղեկացնել անձին, թե ինչպես իր վերաբերյալ տվյալները նախ մուտքագրվեցին, ապա հանվեցին Համակարգից, անհասկանալի է՝ հիմնավոր էին այդ գործողությունները, թե՝ ոչ։
2019 թ․ սեպտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ պարզելու, թե ինչ հիմնավորումներով են Ա․ Կամաևի վերաբերյալ տվյալները ներառվել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ և ինչ հիմնավորումներով ու հանգամանքներում են հանվել այդտեղից։ Մինչ օրս ոստիկանությունից պատասխան չենք ստացել։