Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կենսաթոշակային տարիքը չի կարող համարվել աշխատանքային պայմանագրի լուծման օրինական հիմք

August 27, 2020

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, ի թիվս այլ հիմքերի, սահմանում է խտրականության արգելք՝ կախված տարիքից:

 

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով»:

 

ՀՀ կողմից վավերացրած «Վերանայված  եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` «Աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով կողմերը պարտավորվում են ճանաչել աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա (...)»։

 

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ «Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

 

Նշվածը նորմի համաձայն աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չպետք է լուծվի, եթե դրա համար առկա չէ աշխատողի ունակությունների կամ վարքագծի հետ կապված, ինչպես նաև ծառայության կամ գործունեության գործնական պահանջների վրա հիմնված իրավաչափ պատճառ։

 

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև կենսաթոշակային տարիքի հասած աշխատողների աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը, որոնք ցույց են տալիս, որ տարածված է կենսաթոշակային տարիքի հասած անձին տարիքի հիմքով աշխատանքից ազատելու դեպքերը, որն, ինչպես արդեն նշեցինք, չի կարող իրավաչափ պատճառ լինել։

 

Կենսաթոշակային տարիքը  լրանալու հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու իրավաչափությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-991 որոշմամբ, որում արձանագրել է, որ գործատուի` աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքի իրացումը  չպետք է պայմանավորված լինի նպատակահարմարությամբ կամ սուբյեկտիվ բնույթի այլ գործոնով, այլ հետապնդի արդար, իրավաբանորեն ամրագրված որոշակի նպատակ` աշխատանքի իրավունքի իրացման սահմանադրորեն կանխորոշված սկզբունքներին համապատասխան: Հիշատակված որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով անձին աշխատանքից ազատելը՝ այն դիտարկելով որպես խտրականություն՝ գալով այն եզրահանգման, որ պետության հիմնական խնդիրներից է բացառել տարիքային հիմքով գործատուի հայեցողական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմ լուծման հնարավորությունը։

 

Նշված խնդրի վերաբերյալ կազմակերպության վարած գործերից մեկով Ռիմա Դունամալյանը շուրջ 13 տարի աշխատելուց հետո՝ 2019-ի հունվարին, ծանուցում էր ստացել գործատուից՝ 2019թ. մարտ ամսից աշխատանքից ազատման մասին, և արդեն մարտին ազատվել էր աշխատանքից՝ կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքով։ 

 

Կազմակերպության կողմից տրամադրած իրավական աջակցության արդյունքում վերականգնվեցին Ռիմա Դունամալյանի աշխատանքային իրավունքները, իսկ գործը քննած Լոռու մարզի ընդահանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկոյանի, արձանագրեց, որ «Ռիմա Դունամալյանին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով աշխատանքից ազատելիս գործատուն խախտել է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ աշխատանքային պայմանագրով նախատեսված կանոնները: Այսինքն Ռիմա Դունամալյանին աշխատանքից ազատելու հրամանն իրավաչափ չէ և այն անվավեր ճանաչելու հիմքերն առկա են, ուստի Ռիմա Դունամալյանի հայցն այդ պահանջի մասով, ենթակա է բավարարման»:

 

Վերը նկարագրված իրավիճակում հայտնված քաղաքացիներն  անհրաժեշտ իրավաբանական աջակցություն ստանալու նպատակով կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Իսկ բոլոր այն անձինք, ովքեր աշխատանքից ազատվել են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով, կարող են ներկայացնել իրենց դեպքերը կազմակերպությանը, որը հնարավորություն կտա պարզելու տարիքի հիմքով աշխատանքային իրավունքների խախտման վիճակը:

 

ՀՔԱՎ կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով․

Սոցիալական, կրթական և աշխատանքային իրավունքներով․

Սոֆյա Պետրոսյան

077-930-579 (նաև viber, signal)

spetrosyan@hcav.am

Դիտումներ՝ 3968

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????