Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ վարույթ չընդունել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը․ Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործը նոր քննության կենթարկվի

November 27, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ

Սույն թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, որպիսի պայմաններում ուժի մեջ է մտել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այն է նախաձեռնել քրեական վարույթ քննչական ենթակայության կանոններին համապատասխան. Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործն ամբողջական ծավալով ենթարկել նոր քննության։

 

Դեռևս 2024թ․-ի հունվարին  ՀՔԱՎ գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ  Գևորգ Քոթանջյանի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա։ Վերջինս հայտնել էր, որ   2022 թվականի դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանին հաստատել էր տնակայանի պայմաններում գործող Վանաձորի թիվ 4  մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար հատկացված սուբվենցիան, իսկ  2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ մանկապարտեզի նոր շենքի կառուցման երկրորդ փուլի հայտը։ Գ․ Քոթանջյանը  նշել էր, որ Վանաձորի Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում  որոշումների արձանագրությունների մեջ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումներում այս մանկապարտեզին վերաբերող արձանագրություն առկա չի եղել։ Ավելին՝ անգամ կառուցապատման աշխատանքներ  չեն կատարվել։ Ըստ որոշման՝  առաջին փուլում պետք է քանդվեր մանկապարտեզի հին տնակային շենքը, երկրորդում՝ դրվեր  մանկապարտեզի նոր շենքի հիմքը։

 

ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ չէր նախաձեռնել և այդ մասին Կազմակերպությանը օրենքով սահմանված կարգով չէր իրազեկել։ Փոխարենը՝ ներկայացրած հաղորդումը վերահասցեագրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որպեսզի կատարվեն ստուգողական գործողություններ։ Ի պատասխան՝ ոստիկանության Տարոնի բաժինը ընդամենը մեկ գրություն էր ուղարկել, ըստ որի ավագանու  որոշումը առկա է և հրապարակված է համայնքապետարանի պաշտոնական կայքէջում։ Մինչդեռ ՀՔԱՎ գրասենյակի հանցագործության մասին հաղորդումը վերաբերում էր հաստատված սուբվենցիայի շրջանակներում շինարարական աշխատանքներ չկատարելուն։ 

 

Մեր ներկայացրած հաղորդման հիմքով պատշաճ ուսումնասիրություն չէր կատարվել, չէր պարզվել՝ ինչ հիմքով է հաստատվել մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար հատկացված սուբվենցիայի 2-րդ փուլը, երբ հաստատված 1-ին փուլով որևէ գործողություն արված չէ։ Բացի վերոնշյալը, էական նշանակություն ունի փաստը, որ ՀՀ Քննչական կոմիտեն Կազմակերպությանը չէր տեղեկացրել, որ այս գործով քրեական վարույթ չի նախաձեռնվում։

 

Կազմակերպությունը վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը 2024թ․ մարտի 3-ին ստացել էր Տարոնի բաժնից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքերը,  նաև պարզաբանել վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու  բողոքարկելու կարգը և ժամկետները։ 

 

2024թ․ մարտի 4-ին Կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազություն քրեական վարութ չնախաձեռնելու դեմ բողոք էր ներկայացրել։ Բողոքը վերահասցեագրվել էր ՀՀ Լոռու մարզի դատախազություն։ Լոռու մարզի  դատախազությունը 2024թ․ մարտի 22-ին պատասխանել էր, որ բողոքը ենթակա է մերժման ժամկետանց լինելու հիմքով և որպես ժամկետ պետք էր  հիմք ընդունել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնին ուղղված գրության ամսաթիվը։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում  է պարտադիր օրենսդրական պահանջ, որ իրազեկումը պետք է կատարեր քննիչը։

 

Արդյունքում վարույթի հանրային մասնակիցները՝ դատախազը և քննիչը գործել էին օրենքի էական խախտմամբ, դրսևորել էին ոչ իրավաչափ վարքագիծ՝ չպահպանելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։

 

2024թ․ ապրիլի 25-ին Կազմակերպությունը բողոք էր ներկայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը 2024թ․ մայիսի 20-ին մերժել էր Կազմակերպության  բողոքը՝ իրավաչափ համարելով դատախազության կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։ 

 

Առաջին ատյանի որոշման դեմ ՀՔԱՎ-ը ներկայացրել էր վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ դատարանը ամբողջովին բավարարել էր Կազմակերպության բողոքը, փաստելով, որ քննչական ենթակայության կանոններին համապատասխան Լոռու մարզի դատախազությունը Կազմակերպության հաղորդումը պետք է վերահասցեագրեր իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Ուստի Առաջին ատյանի դատարանը թույլ էր տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հիմք է դատական ակտը բեկանելու համար։ 

 

2024թ.-ի օգոստոսի 16-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Սույն թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ  ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը ընդունել վարույթ, որպիսի պայմաններում ուժի մեջ է մտել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այն է նախաձեռնել քրեական վարույթ քննչական ենթակայության կանոններին հապատասխան։

 

Արդյունքում՝  Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործը ամբողջական ծավալով նոր քննության կենթարկվի։

Դիտումներ՝ 9

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????