Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 6: Պատերազմի մեկնարկից մինչ օրս ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծությունների և քիմիական ռումբերի կիրառման հետևանքով ՀՀ-ում և ԱՀ/ԼՂ-ում ոչնչացվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք

November 7, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Ադրբեջանական զինուժը լուրջ կորուստներ է կրել նաև ԱՀ/ԼՂ հարավարևմտյան՝ Բերձորի հատվածում: Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

 

Կենտրոնի տեղեկացմամբ՝ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել ԱՀ/ԼՂ-ի Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Ադրբեջանի թիրախում բնակելի շենքերը, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներն են։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ: Ստեփանակերտում զոհվել է 3 քաղաքացիական անձ:

 

Ադրբեջանը շարունակել է պատերազմական հանցագործությունները՝ կասետային հրթիռներ արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից անտառային տարածքներում հրետակոծությունների և քիմիական ռումբերի կիրառման հետևանքով Հայաստանում և Արցախում ոչնչացվել է ավելի քան 2000 հեկտար անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում: ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ/ԼՂ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

 

24news -ին տված հարցազրույցում, որը ձայնագրվել է հոկտեմբերի 30-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ ՄԻՊ-ին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարներն ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։ Ադրբեջանում հայատյացությունը խրախուսվում է պետական մակարդակով:

 

Al Jazeera English-ին տված հարցազրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր՝ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: ՀՀ ՄԻՊ-ը պատերազմական հանցագործությունների մասին փաստեր է ներկայացրել նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանին:

 

 ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց՝  ՀՀ-ի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ,  2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծված բնակելի տան տարածքից: Նա ասել է, որ ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ծանր հրետանի կիրառելու արդյունքում բնակելի տունն ամբողջովին ավերվել է, զոհվել է 3 խաղաղ բնակիչ՝ տարեց կինն ու նրա 2 թոռները: Նա միջազգային հանրությանը կոչ է արել կույր չլինել՝ նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերն ու պատերազմական հանցագործությունները:

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինյարիտուին: Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ  արձանագրված թվերը շարունակում են աճել: Նա տեղեկություններ ունի նաև  ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ այսօր Ադրբեջանը հրետակոծել է նաև Արցախի/ԼՂ Տիգրանակերտի հնագիտական ճամբարը:

 

Նախարարությունը նշել է, որ Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:

 

Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական վանդալիզմի հերթական այս դրսևորումը և կրկին միջազգային կառույցների, այդ թվում` «ՅՈՒՆԵՍԿՕ–ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա` կոչ անելով վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի պատճառով հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման առաջ:

 

Այսպիսով՝ մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 53 խաղաղ բնակիչ:

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ

 

Դիտումներ՝ 326

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????