Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Նորություններ
ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվել է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա 1 զոհ և 2 վիրավոր։ «Սմերչ» կայանքից 1 հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, 2 քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Մայրաքաղաքում մի ողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:
ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորվել են ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։ Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնի տարածքից, որը հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: «Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործություններն՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության»,-ասել է Արտակ Բեգլարյանը:
ԱՀ/ԼՂ-ի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում՝ ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը տեղեկություն է տարածել COVID-19-ից պաշտպանվելու վերաբերյալ, երբ սեփական տունն անգամ անվտանգ չէ։ Ղարաբաղյան հակամարտության սրացումը կարող է հանգեցնել COVID-19-ի դեպքերի աճին։ Հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են՝ հարկադրելով ընտանիքներին ապաստանել մարդաշատ նկուղներում։ Ավելի վաղ գրասենյակը մտահոգություն էր հայտնել, որ ավիրվում են տներ, դպրոցներ, հիվանդանոցներ։ Ղարաբաղյան հակամարտության սրացումը կործանում է կյանքեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել են ակտիվ մարտական գործողությունների գոտում։
Մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 42 խաղաղ բնակիչ. 40-ը՝ ԱՀ/ԼՂ-ում, 2-ը՝ ՀՀ-ում: