Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 29: Ողջ օրվա ընթացքում Արցախի քաղաքները եղել են ադրբեջանական զինուժի թիրախում

October 29, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվել է։

 

Հոկտեմբերի 29-ին Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ի հրետակոծության հետևանքով Շուշիում վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական անձանց շրջանում կան տուժածներ։

 

Հոկտեմբերի 29-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ  Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները և խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառում է անթույլատրելի զինատեսակներ։ Ադրբեջանական զինուժի արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին։ Այս անգամ Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու դիմահայաց շենքն է վնասվել։ Հրթիռն ընկել է քաղաքի կենտրոնական ճանապարհի մեջտեղում։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ։

 

Ավելի վաղ ծառայությունը տեղեկացրել է, որ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ 1 ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

 

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է 1 բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել 1 ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։

 

Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

 

Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

 

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

 

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

 

Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։

 

ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։

 

Երևանում Շվեդիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների սրման, Շվեդիան՝  Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) միջոցով 20 միլիոն շվեդական կրոն է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Միջոցները կօգտագործվեն պատերազմից առավել ծանր տուժածներին օգնելու համար: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք աջակցել ԿԽՄԿ-ին իր մանդատը կատարելուն: Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքը պարտադիր պայման է քաղաքացիական անձանց պաշտպանության համար: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Շվեդիան շարունակում է կոչ անել՝ անհապաղ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների խաղաղ կարգավորման:

 

ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա հարձակումները և ռմբակոծությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք կրկին անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, և ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները»,- ասել է նա:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Ա. Թորոսյանը Հ. Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:

 

«Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում, և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը:

 

ՄԻԵԴ-ը բավարարել է 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցի կիրառումը և ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց  գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: 

 

Եվրոպական միությունն անընդունելի է համարում, որ չնայած հրադադարի վերաբերյալ 3 երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին, մարտական գործողությունները ԼՂ-ում և դրա շրջակայքում դեռ շարունակվում են, և ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում խաղաղ բնակիչների թիրախավորման վերաբերյալ: Եվրոպական միությունը հիշեցնում է հակամարտող կողմերին քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ նրանց պարտավորվածությունների մասին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համահունչ: Եվրոպական միությունը կողմերին հորդորում է առանց հապաղելու վերսկսել բանակցությունները ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, համաձայն վերջին՝ Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությանը։

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն աջակցել է Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։ Աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ Բացի դրանից՝ կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության համատեքստում պահվող 1 քաղաքացիական անձ։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը։ Քաղաքացիական 2-րդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել։

 

Մինչ օրս  ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ընդհանուր թվով 42 խաղաղ բնակիչ. 40-ը՝ ԱՀ/ԼՂ-ում,  2-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարում՝ Շուշի, ԱՀ/ԼՂ

 

Դիտումներ՝ 498

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????